Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ

Մարտ 02,2005 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ Կամ՝ ինչպես են լուծարվում ձեռնարկությունները՝ «կուլ տալով» աշխատողների հասանելիքը Այժմ Հայաստանում սնանկության գործընթացով լուծարվում են մի շարք խոշոր ձեռնարկություններ. մայրաքաղաքում՝ «Երազ», «Պոլիվինիլացետատ», Գյումրիում՝ «Քիմռեակտիվ» եւ այլն: Թե իրավական ինչ ակտերով են առաջնորդվում լուծարային հանձնաժողովները աշխատողների հասանելիքը վճարելիս՝ երեւում է «Պոլիվինիլացետատի» օրինակով: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ շուրջ երկու տարվա պայքարից հետո գործարանի աշխատողների մի մասին հաջողվել է ստանալ աշխատավարձի վերջնահաշիվները: Այն դեպքում՝ երբ չվճարված են մնացել աշխատանքային կոլեկտիվին անհատույց տրված 20 տոկոս սեփականաշնորհման դիմաց հասանելիք գումարները: Ավելին, 1396 սեփականատեր չեն ընդգրկվել պարտատերերի ցուցակի մեջ: Նրանց սպասելիքը՝ կախված ստաժից եւ աշխատավարձից, կազմում է 2000-20000 դրամ: Նախորդ երկու տարիներին իշխանությունների եւ Տնտեսական դատարանի կեռմաններով անցնելուց հետո, այս անգամ կրկին նույն ճանապարհն է մտադիր բռնել ընկերության աշխատավորական կոլեկտիվի լիազոր ներկայացուցիչ Թորոս Թադեւոսյանը, որը 40 տարի գլխավոր նախագծող է աշխատել: «Բազմիցս լուծարման գործընթացի կառավարչի ուշադրությանն եմ ներկայացրել, որ 1396 աշխատողներին տրված անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատները (ընդհանուր գումարը՝ 13 մլն դրամ) փոխհատուցված չեն, այնինչ, այդ մարդիկ 40-50 տարի աշխատել են քիմիական արտադրությունում, նրանց զգալի մասը թոշակառուներ են եւ այդ գումարի կարիքն ունեն»,- Տնտեսական դատարանի նախագահ Հ. Մանուկյանին գրել է Թ. Թադեւոսյանը: Այժմ անդրադառնանք նրան, թե ինչպես է լուծարային հանձնաժողովին հաջողվել, շրջանցելով մի շարք իրավական ակտեր, աշխատավարձը մասնակի վճարել՝ երկու տարվա քաշքշուկից հետո: Այն դեպքում, երբ կարելի էր առաջնորդվել Քաղաքացիական օրենսգրքով եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքով եւ աշխատավարձերը վճարել դեռեւս 1999-ին՝ առաջնահերթության իրավունքով: 2003թ. դրությամբ, լուծարային հանձնաժողովի գնահատմամբ, գործարանի գույքի արժեքը կազմել է շուրջ 1,9 մլրդ դրամ: Ընդ որում, գույքի արժեքի մեջ ներառված չէին մի քանի հարյուր միլիոն դրամ արժեցող չժանգոտող պողպատի ջարդոնն ու մետաղական կոնստրուկցիաները, երբ աշխատավարձի պարտքը ընդամենը 34,6 մլն դրամ էր: Գլխավոր պարտատերը «Արդշինինվեստբանկն» էր՝ 50 տոկոս, որից 1994թ. գործարանը վերցրել էր 240 մլն դրամ վարկ՝ 35 տոկոս-ով: Մինչեւ լուծարման գործընթացը սկսվելը՝ 2002թ., բանկին վճարվել է մայր գումարը եւ 75 մլն դրամ: Բայց, չգիտես ինչ հաշվարկներով, հետագայում բանկին ճանաչել են 508 մլն դրամի պարտատեր: 62,5 մլն դրամ պարտք էլ կուտակվել է «Երեւանի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին՝ այն տարիներին, երբ գործարանը չի աշխատել եւ ջրմուղկոյուղին կնքել է ջրագծերի մուտքի փականները: Բայց այս պարտքերից անկախ, առաջնահերթ պետք է վճարվեին աշխատավարձերը՝ հիմնվելով վերը նշված օրենքների վրա: Սակայն լուծարային հանձնաժողովը առաջնորդվել է «Անվճարունակության մասին» օրենքով, ըստ որի՝ աշխատողների աշխատավարձը վճարվում է գույքի վաճառքից առաջացած գումարի բաշխման գործակցով՝ ըստ պարտատերերի գումարի: Քանի որ պարտատերերի գումարն ահռելի է, ապա ամենամսյա պարտքի մարման ժամանակ յուրաքանչյուր աշխատողի, ըստ հաշվարկի, հասնում էր միջինը 200 դրամ: Ճիշտ այնքան, որքան պահանջվում էր գործարան հասնել-վերադառնալու համար, ինչը նշանակում էր աշխատավարձի փոշիացում: Հենց այս օրենսդրական բախումների պատճառով է, որ երկու տարի ձգձգելուց հետո կոլեկտիվի լիազոր-ներկայացուցիչը վերջապես կարողացել է հասնել աշխատավարձերի միանվագ վճարման: Ի դեպ, մի մասին դեռ չի հաջողվել այն ստանալ: Այս բողոքը ընդամենը լուծարման գործընթացում գտնվող մի ձեռնարկությունից է: Կարելի է ասել, որ «Պոլիվինիլացետատի» նախկին աշխատողների բախտը բերել է, որ իրենց շահերի պաշտպանության համար գտել են հետեւողական ու անշահախնդիր ներկայացուցչի: Իսկ լուծարվող մյուս ձեռնարկություննե՞րը: Միամտություն է կարծել, որ նույն՝ սնանկության մասին օրենքով չեն առաջնորդվում մյուս ընկերությունների լուծարային հանձնաժողովները, անտեսելով աշխատողների շահերը պաշտպանող գործող այլ օրենքներ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել