Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ

Մարտ 05,2005 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԱԿՏԻՎ Գառնիի տաճարը հպարտությամբ ցույց ենք տալիս օտարերկրացիներին՝ պարծենում, որ 2000 տարի առաջ հայ ժողովրդի՝ աշխարհի հետ շփման գիտակցումը այնպիսի բարձր մակարդակի էր, որ կարող էր հունահռոմեական ոճի տաճար կառուցել, լավն ընդօրինակել եւ իրենն ավելացնելով՝ զարգացնել սեփականը: Իսկ եթե մեր հյուրերը պատահաբար հարցնեն, թե Հայաստանը գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչու է հիմա հայտարարում, որ հաջորդ հարյուրամյակը պատրաստվում է ապրել աշխարհից մեկուսացած, ապա կաշխատենք մեղմել մեր կողմից, թերեւս, անզգուշաբար արված նման հայտարարությունը: Անշուշտ, Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ, չի կարող մեկուսանալ համայն աշխարհից եւ առաջին հերթին անմիջական հարեւաններից: Ընդհակառակը, ի տարբերություն շատ ու շատ երկրների, որոնք զարգանում են միանգամայն հանգիստ եւ կայուն աշխարհաքաղաքական պայմաններում, մենք, ճակատագրի բերումով, հայտնվել ենք ԱՄՆ-ՌԴ-Եվրոպա-Իրան-Թուրքիա ռազմաքաղաքական-տնտեսական շահերի բախման կիզակետում: Այս հանգամանքը մեր առաջ դնում է արտաքին քաղաքականության կուռ եւ համապարփակ հայեցակարգ ունենալու հրամայականը, որի մշակմանը, քննարկմանն ու ընդունմանը կարող էր մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալը: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է դիվանագիտական գործունեության ծրագիր-պլան՝ ժամանակի եւ տարածության մեջ: Մեր քաղաքական իրողության պայմաններում մենք կառանձնացնեինք նաեւ քարոզչական, հակաքարոզչական եւ լոբբինգային մեխանիզմերի խիստ կարեւորությունը, որոնք գրեթե բացակայում են դիվանագիտական ծառայությունում: Ընդ որում, հայկական դիվանագիտությունը պետք է լինի հետեւողական եւ առավելագույնս ակտիվ: Դա են պահանջում այսօր Հայաստանի պետական շահերը: Այս բոլորի փոխարեն, 1998 թվականից սկսած, մենք ապավինեցինք կոմպլեմենտար քաղաքական գծին: Ապավինեցինք եւ անհույս խճճվեցինք գերհզոր ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի երեքհարյուրամյա դիվանագիտական ցանցում: Այն աստիճան, որ հիմա դժվարանում ենք զանազանել. ով է ավելի իրազեկ Ղարաբաղի հիմնահարցին՝ ՌԴ-ի արտգործնախարա՞րը, թե՞ մերը: Երբ չկա հստակ, հետեւողական, համադրված եւ կոլեկտիվ ջանքերով մշակված ծրագրային արտաքին քաղաքականության գործընթաց, երբ այն լղոզված է եւ գայթակղություն կա դիվանագիտությանը պատվաստել մաքիավելիզմի շյուղեր, արդյունքում ստանում ես ձախողումների շղթայական ռեակցիա: Այսպես, օրինակ՝ ազգովի Հայաստանում եւ արտերկրում լոբբինգային աշխատանք ենք տանում Ամերիկայի նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Քերրիի օգտին, հավաստիացնելով ժողովրդին, թե հաղթելու դեպքում նա իբր ճանաչելու է հայոց ցեղասպանությունը: Ավելին, տառացիորեն ընտրությունների օրը, երբ միայն «ոզնին չգիտեր», որ Բուշը հաղթում է, մասնակցում ենք Երեւանում ամերիկյան դեսպանի կազմակերպած ընտրություն-խաղին եւ հպարտանում, որ ճնշող մեծամասնությամբ «քվեարկել» ենք Քերրիի օգտին (ավելի լավ առիթ դեսպանի համար՝ իմանալ who is who, դժվար է պատկերացնել): Իսկ երբ ունենք պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի կոշտ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ, մասսայական փսիխոզով վիճարկում ենք նրա իրավասությունն ու բարոյական կերպարը: Ուկրաինայի պարագայում շտապում ենք շնորհավորել Յանուկովիչին, իսկ հիմա ուրախացնում ենք մեր հայրենակիցներին, թե վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայրը հայ է, իսկ լեգիտիմ ընտրված Յուշչենկոն ժամանակին զինծառայությունն անցել է «մեր կողմերում»: (Ինչպիսի~ բարեպահ առիթ հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա վերելքի համար: Մինչդեռ նման դեպքերում դեսպանն առնվազն ետ է կանչվում): Ըստ երեւույթին, կոմպլեմենտարիզի հերթական «նվաճումներից» է Սերգեյ Լավրովի ծագման հայտնագործությունը, որի մասին մեր լրատվական միջոցները «իմիջիայլոց» հիշեցնում են ադրբեջանցիներին՝ նրա տարածաշրջանային այցելությունների ժամանակ: Սրանք մեր արտաքին քաղաքականության ընդամենը մի քանի գունատ շտրիխներն են, որոնց ֆոնի վրա առանձնապես փայլատակում է ԵԽԽՎ-ում Աթկինսոնի զեկույցը եւ դրա շուրջ ծավալված ապակողմնորոշիչ գործունեությունը, երբ սեւը ներկայացվում է սպիտակ եւ փորձ է արվում հիմարացնել ժողովրդին: Սակայն այս ամենը «մանր վրիպումներ» են, եթե համեմատելու լինենք դեպի Իրաք հայկական զորախմբի «էքսպեդիցիայի» հետ: Սույն քաղաքական քայլը կարող է մտնել դիվանագիտական ուսումնական հաստատությունների ներքին օգտագործման համար նախատեսված ձեռնարկների մեջ՝ «Ինչպիսին չպետք է լինի դիվանագիտական դեմարշը» խորագրով: Արդյունքում՝ մենք կրկին ոչինչ չշահեցինք, այլ կորցրինք: Ե՛վ Վաշինգթոնը, եւ՛ Մոսկվան ավելի կարծրացրին իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, դեռ ավելին՝ Ռուսաստանը փակեց Լարսի լեռնանցքը: Իսկ թե ինչ դիրքորոշում կունենա մեր նկատմամբ արաբական եւ իսլամական աշխարհն այս հարցում, ցույց կտա դեպքերի հետագա զարգացումը: Եվ հետո, չէ՞ որ մենք Հայաստանը հայտարարել էինք ողջ հայության հայրենիք: Երբ ընդունվում էր այդ որոշումը, արդյոք հաշվի առնվո՞ւմ էին Մերձավոր Արեւելքի բազմահոծ համայնքների շահերն ու հետագա ճակատագիրը, արդյոք մենք հարցրե՞լ էինք տարածաշրջանի հայկական եկեղեցիների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կարծիքն այդ մասին: Այբբենական ճշմարտություն է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Սա նշանակում է, որ այս երկու կատեգորիաները պարունակում են հավասարազոր արժեքներ՝ առաջին հերթին ժողովրդավարական արժեքներ: Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ժողովրդավարական (չշփոթել ժողովրդական դիվանագիտության հետ-Ա.Ն.), հնարավորին սահմաններում թափանցիկ, մատչելի եւ ըմբռնելի հասարակության լայն խավերի համար: Գոյություն ունեն համազգային գերակայություններ, որոնց նկատմամբ խիստ զգայուն են բոլոր սոցիալական խմբերը: Հայկական իրականության մեջ այդ գերակայությունները Ղարաբաղի հարցն է եւ հայոց ցեղասպանությունը, որոնց շուրջ ընթացող բանակցությունները եւ գործառույթները, դիվանագիտության գաղտնապահության թույլատրելիության սահմաններում, պետք է դառնան ժողովրդի սեփականությունը: Մինչդեռ ղարաբաղյան բանակցությունները (օրինակ՝ Գոբլի ծրագիրը Մեղրու վերաբերյալ) մնացին գուշակումների եւ շահարկումների շրջանակներում: Սա վտանգավոր դիվանագիտություն է՝ վտանգավոր հեռանկարներով: Անտեղյակության եւ ապակողմնորոշման արդյունք էր, որ շատերը չհասկացան հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը, եւ այն մտավ փակուղի: Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը եւ նրա ղեկավարին: Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում: Դրանք փլուզվող վարչակարգի քաղաքական սխալներն են, որոնց շտկումը հնարավոր է միայն այդ վարչակարգի փոփոխության եւ, ամենագլխավորը՝ Հայաստանում նոր, XXI դարի համամարդկային, ժողովրդավարական եւ արդարացի արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել