Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ միայն մարտի 8

Մարտ 08,2005 00:00

1857-ի մարտի 8-ին Նյու Յորքում ցույցի դուրս եկած կարի ու կոշիկի ֆաբրիկայի բանվորուհիները չգիտեին, թե հետո ինչ «կրակն» են գցելու տղամարդկանց:

Չնայած տղամարդիկ կարող են մխիթարվել նրանով, որ ֆեմինիստուհի Կլարա Ցետկինի շնորհիվ 1910-ից սկսած, եթե կանայք տոն ունեն, ապա իրենք՝ գոնե հանգստյան օր: Բայց դա չի նշանակում, թե կանանց մեծարելու համար մեկ ոչ աշխատանքային օրը լրիվ բավարար է: Թող օրինակ վերցնեն հին հռոմեացիներից, որոնք նույնպես կանանց նվիրված տոներ ունեին ու դրանք յուրահատուկ էին նշում: Նրանք ոչ միայն չէին նեղսրտում իրենց կանանց շքեղ նվերներ անելիս, այլեւ ոչ ազատներին՝ ստրկուհիներին չէին անտեսում:

«Շատ սիմվոլիկ ու ճշմարիտ է, որ կանանց տոնը հենց գարնանն է, որովհետեւ գարունն ու կինը տղամարդու համար նույնական են՝ որպես զարթոնքի խորհրդանիշ»,- ասում է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Նրա համոզմամբ՝ կանանց համար տոն պետք է ստեղծել ողջ տարին, «թե չէ կանանց մարտի 8-ը ո՞րն է»:

Այսօր ՆՓԱԿ-ում բացվող «Մարտի 8՝ կանանց երկխոսություն» ցուցահանդեսի հիմքում եւս այդ գաղափարն է: Միջոցառման համադրող Եվա Խաչատրյանը տեղեկացրեց, որ գարնանային ցուցահանդեսով կմեկնարկի տեսակի մեջ եզակի միջազգային մշակութային փառատոն, որ կտեւի ողջ ամիս: Ցուցահանդեսին մասնակցելու են բացառապես կին արվեստագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Կներկայացվեն նաեւ վավերագրական ֆիլմեր, վիդեո արտ եւ էլեկտրոնային երաժշտություն:

Մարտի 9-ից սկսած, ցուցահանդեսին զուգահեռ, կկազմակերպվեն սիմպոզիումներ՝ «Կնոջ դերը արվեստում, մշակույթում եւ հասարակության մեջ» խորագրով: «Միջոցառումների նպատակը մեկն է. կանայք սրանով ուզում են ընդգծել, որ իրենց իրավունքները բոլոր երկրներում այսպես թե այնպես ոտնահարվում են, կնոջ դերը չնչին է, եւ պետք չէ իրենց մասին հիշել միայն մարտի 8-ին»,-փառատոնն այսպես մեկնաբանեցին ՆՓԱԿ-ից: «Կանացի» այս փառատոնը այսուհետեւ կկազմակերպվի ամեն տարի, հավանաբար տղամարդկանց մշտապես զգոն պահելու ակնկալիքով:

Ի դեպ, Հայաստանի նկարիչների միությունում էլ կբացվի կին նկարիչների ավանդական ցուցահանդեսը՝ «Գարնանային մեղեդի» խորագրով:

Իսկ նկարիչ Բորիս Մատինյանը իր հերթին հայ կանանց շնորհավորելու յուրօրինակ ակցիայով հանդես կգա: Գուցե արածը խենթություն թվա. շրջելու է Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ու կանանց նվիրելու է իր նկարները:

«Ես շատ եմ սիրում Մոսկվայի մետրոյի հոտը, այնտեղ աշխատող բարձրահասակ, բարետես կանանց ու աղջիկներին ուղղակի պաշտում եմ: Բայց քանի որ Երեւանում եմ ապրում, ու Երեւանի մետրոն է ինձ հասու, հայուհիներին եմ որոշել այդպիսի տուրք մատուցել, որովհետեւ նրանք էլ պակաս բարի ու գեղեցիկ չեն»,- ասաց նկարիչը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել