Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅԱՆ

Մարտ 08,2005 00:00

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն Գլխավոր պողոտայի կառուցման մասին որոշման կատարումն ուղեկցվեց նաեւ արյունով (տես 4.03.2005թ. «Առավոտ»): Կառավարության որոշմամբ, Փավստոս Բուզանդի 15 հասցեն (փողոցը) եւս ընդգրկված է Գլխավոր պողոտայի հատակագծում եւ իրացման ենթակա տարածք է: Ինչպես գրել էինք, Փ. Բուզանդի 15 հասցեի 9, 11 եւ 3 բնակարանների տերերի եւ դատական ակտերի հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուքի պատճառով մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Եվ նույնիսկ արյան գնով բնակարանների սեփականատերերը չէին կարողացել հարկադիր կատարողների շուրջ 50 հոգանոց կազմի դեմ պահպանել իրենց տան փակ դռները: Եվ այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ դատարանը դեռեւս տանտերերին բնակարանները վաճառել պարտավորեցնելու մասին որոշում չի կայացրել: Այսինքն հարկադիր կատարողները այդպիսի «վճռական քայլերի» են դիմել ոչ թե մարդկանց իրենց տներից վտարելու համար, այլ ընդամենը չափագրելու եւ տները գնահատելու նպատակով: Չնայած բնակիչների դիմադրությանը, հարկադիր ծառայության աշխատակիցները կանգ չառան ոչ մի խոչընդոտի առաջ, կատարեցին իրենց հանձնարարությունը՝ կոտրեցին դռները, իրենց փորձագետի հետ մտան ներս ու չափագրումներ անելուց հետո հեռացան: Դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության սպաներ, որոնք, բնակիչների հավաստմամբ, ոչ մի միջոց չեն ձեռնարկել բախումները կանխելու համար: Կռվի թեժ պահին մարմնական վնասվածքներ են ստացել անգամ կանայք, երեխաները վախեցել են: Մյուս էական հանգամանքն այն է, որ հարկադիր կատարողներն «ուղեկցորդներ» են ունեցել, ինչը բնակիչների փաստաբանների մեկնաբանությամբ, անթույլատրելի է: Սահմանադրությունը մարդու սեփական տարածք, բնակարան մուտք գործելու իրավունք տալիս է դատական ակտերի հարկադիր կատարողներին՝ այդ մասին դատարանի որոշման առկայության պայմանով: Առավել հետաքրքրական է, որ տվյալ դեպքում հարկադիր կատարողներին ուղեկցել են «Տոսպ» եւ «Վիսկոն» ընկերությունների ներկայացուցիչները, որոնք շահագրգիռ կողմ են այս պատմության մեջ. փաստաբանների հայտնած տվյալներով, այս ընկերություններին է պատկանում տարածքի իրացման իրավունքը: Բնակարանատերերը առաջ են քաշում նաեւ այն հանգամանքը, որ իրենց «այցելուները» վնասել են իրենց՝ սեփականատիրոջ գույքը, օրինակ, կոտրել են պատուհանի ապակիները: Եվ հետո, բնակիչներն ընդհանրապես կասկածում են, որ այդ տարածքները Գլխավոր պողոտայի կառուցման նպատակով է իրացվում: Փաստաբանների պատմելով. «մենք դատարանում միջնորդություններ ենք ներկայացրել, որ քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրվեն հաստատելու համար, որ տարածքը ներառված է Գլխավոր պողոտայի մեջ: Սակայն ոչ մի փաստաթուղթ չի տրամադրվել»: Փաստաբանների մեկնաբանությամբ, չի կատարվել Սահմանադրական դատարանի 1998 թվականի որոշումը, համաձայն որի, Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «Անշարժ գույքի մասին» օրենքի մի շարք դրույթներ: Այդ թվում՝ այն դրույթը, ըստ որի, «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման ընթացակարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»: Ինչպես նաեւ՝ ՍԴ որոշմամբ, «կառավարությունը չի կարող հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք»: Ըստ փաստաբանների, կառավարությունը այս դեպքում իրեն վերապահել է հենց նման իրավունք: Երեկ ոչ աշխատանքային օրվա պատճառով չկարողացանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից եւ պատկան մյուս մարմիններից պարզաբանումներ ստանալ: Իսկ բնակիչները շարունակում են իրենց իրավունքները պաշտպանել՝ դիմելով օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ առ այն, որ խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել