Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ

Մարտ 29,2005 00:00

ՈՐՔԱՆ ՇՈՒՏ ԼՈՒԾՎԻ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ Սամվել Բաբայանը՝ ղարաբաղյան խնդրի մասին – Դուք ակտիվորեն մասնակցում էիք 1998-ի իշխանափոխության գործընթացին, որի «պաշտոնական» հիմնավորումն էին Ղարաբաղի խնդրի շուրջ տարաձայնությունները: Արդյունքում Ղարաբաղի հարցի լուծումը 7 տարով հետաձգվեց: Մենք շահեցի՞նք այդ 7 տարում, թե՞ կորցրինք: – Այսօր ես տեղյակ չեմ բանակցային գործընթացին, չգիտեմ, թե այս պահին ինչ հարցեր են քննարկվում, այդ պատճառով այժմ չեմ կարող ասել, թե ինչի ենք մենք հասել: Ինչ վերաբերում է 98-ի իշխանափոխությանը, ապա կար սկզբունքային հարց՝ Ղարաբաղի եւ նրան հարող տարածքների կարգավիճակը, այստեղ ես մնացել եմ նույն կարծիքին. Ղարաբաղը եւ որոշակի տարածքներ չեն կարող Ադրբեջանի մաս կազմել: – Իսկ ո՞ր տարածքները կարող են մտնել Ադրբեջանի կազմի մեջ: – Երբ մի հարցի շուրջ դեռեւս պետք է բանակցել, նախապես հայտարարել, թե ինչ ենք վերցնելու եւ ինչ՝ տալու, ճիշտ չէ: Պետք է լինի այնպիսի վիճակ, որը կապահովի Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, որեւէ ռազմավարական կետ չպիտի հանձնվի: Թե ինչ կարգավիճակ է ունենալու այդ պետական կազմավորումը՝ հետագա բանակցությունների հարց է: – Դուք այսօր տեսնո՞ւմ եք Ղարաբաղի հարցի կարգավորման հնարավորություն: – Ներկա փուլում չեմ տեսնում: Հայաստանում եւ Ադրբեջանում հիմա այնպիսի քաղաքական եւ տնտեսական վիճակ է, որ այդ երկու երկրների ղեկավարները չեն կարող փոխզիջումների գնալ: – Իսկ ընդհանրապես պե՞տք է լուծվի այս հարցը, թե՞ մենք կարող ենք եւս 50 կամ 100 տարի պահպանել այս կարգավիճակը: – Ես գտնում եմ, որ պետք է լուծվի, եւ որքան շուտ՝ այնքան լավ մեզ համար եւ, ընդհանրապես, Հարավային Կովկասի համար: Որպեսզի այս տարածաշրջանը տնտեսապես զարգանա, ռազմական լարվածությունը պետք է թուլանա, եւ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի: Եթե այս երեք պետությունները ծրագիր ունեն հետագայում ինտեգրվել Եվրամիությանը, ապա նրանք նախ՝ բոլոր նման խնդիրները պետք է լուծեն, այնուհետեւ տնտեսապես եւ քաղաքականապես ինտեգրվեն իրար հետ, նոր միայն հնարավոր կլինի խոսել Եվրամիության մասին: Մտքում նման հեռանկար ունենալով՝ պետք է կարգավորել Ղարաբաղի հարցը: Բայց կարգավորել՝ ոչ ի վնաս որեւէ կողմի: Մեզ համար կարեւոր են նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախությունը եւ անվտանգությունը: Իսկ բռնի տեղահանվածների խնդիրը հարկավոր է լուծել փոխադարձ հիմքերի վրա՝ թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղում եւ այլ շրջաններում իրենց տները, թե հայերը պետք է վերադառնան այն տարածքները, որտեղ ապրել են Խորհրդային Ադրբեջանի տարիներին: Դա էլ պետք է տեղի ունենա կարգավորման ինչ-որ փուլում. առանց տեղահանվածների վերադարձի՝ մշտապես պրոբլեմ ենք ունենալու: – Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ սրվում են ռազմատենչ տրամադրությունները, եւ հիմա հենց այդ ժամանակն է, երբ գրեթե ամեն օր սպառնալիքներ են հնչում՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու: Այդ խոսակցությունները լո՞ւրջ եք համարում, թե՞, ինչպես ասում են, «հաչան շունը չի կծում»: – Կարծում եմ, Ադրբեջանը պատրաստվում է քայլեր ձեռնարկել ռազմական ուղղությամբ. անընդհատ փորձում է բարելավել իր մարտական դիրքերը, հրետանի եւ այլ տեխնիկա է կուտակում: Այսինքն՝ ինչ-որ պատրաստություն տեսնում է, որ եթե բանակցությունները չստացվեն, հարցերը այլ ճանապարհով լուծի: Աշխարհում էլ այնպիսի ֆոն է ստեղծում, թե զիջումն անհնարին է, թե հայերի պահանջները իրատեսական չեն, եւ հանուն տարածքային ամբողջականության՝ իրենք իրավունք ունեն հարձակվելու եւ այլն: Այլ հարց է՝ իրականում պատրա՞ստ է Ադրբեջանը պատերազմին, թե՞ ոչ: Գուցե նրանց միայն թվում է, որ պատրաստ են: Հայաստանի եւ Ղարաբաղի խնդիրն էլ այն է, որ ունենանք այնպիսի բանակ եւ տնտեսություն, որ հակառակորդը երբեւէ ախորժակ չունենա նման քայլերի դիմելու: Որովհետեւ, եթե պատերազմ սկսվի, նոր զոհեր, ավերածություններ, հաշմանդամներ լինեն՝ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է հաղթելու: Պետք է այնքան ուժեղ լինել, որ պատերազմը չվերսկսվի: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել