Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ

Մարտ 29,2005 00:00

ԱՄԵՆԱՀԻՇՎՈՂ ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ «Տասը տարի հետո ոչ ոք չի հիշելու, թե ով որ բլոկում էր եւ ով էր այս պահիս իշխանամետ կամ ընդդիմադիր: Տասը տարուց մարդիկ կհիշեն՝ մենք կարողացե՞լ ենք պահել ազատագրված Ղարաբաղը, կարողացե՞լ ենք անկախ պետություն կառուցել». այս խոսքերը Աշոտ Նավասարդյանն ասաց տողերիս հեղինակին ուղիղ 10 տարի առաջ՝ հեռուստատեսային հարցազրույցում: Դրանք ոչ այնքան քաղաքական, որքան պետական գործչի խոսքեր են (խուսափում եմ «ազգային» մակդիրից՝ վերջինիս անհարկի շահարկված լինելու պատճառով): Հենց պետական ընկալմամբ, պետության նկատմամբ անկեղծ, սրտացավ, մարդկային վերաբերմունքով առանձնանում է Աշոտ Նավասարդյանը շատուշատ այլ գործիչների շարքում: 90-ականների սկզբին նրա անցումը խորհրդային այլախոհությունից պետական գործունեության միանգամայն օրգանական էր: Անկախության շրջանում նա չդարձավ ո՛չ ինքնասիրահարված սիրամարգ, որն անընդհատ շեշտում է իր՝ անցյալում դրսեւորված արժանիքները, ո՛չ էլ ծայրահեղ կոնֆորմիստ, որի ուշքն ու միտքը տվյալ պահին բարիքներից օգտվելն է: Նա հեշտությամբ գտավ իր տեղը անկախ Հայաստանում եւ միշտ էլ գիտեր իր անելիքը: Ճիշտն ասած, ինձ համար ամենահիշվող Աշոտ Նավասարդյանը ոչ թե խորհրդարանում էր կամ ՀՀԿ գրասենյակում՝ հարցազրույց տալիս, այլ «Էրեբունի» օդանավակայանում: 1992-ի գարունն էր՝ Աշոտն իր ընկերների հետ պատրաստվում էր ուղղաթիռով մեկնել ռազմաճակատ: Զինվորական համազգեստով էր, ինքնաձիգը՝ ձեռքին: Ուժեղ էր, ինքնավստահ, հպարտ: Եվ՝ ուրախ:Մարտի 28-ին Աշոտ Նավասարդյանը դառնալու էր 55 տարեկան: Ընդամենը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել