Լրահոս
Օրվա լրահոսը

Տրակտորով մահափո՞րձ

Մայիս 06,2005 00:00

Արմավիրի
մարզի Հացիկ գյուղի 77-ամյա բնակչուհի Ռոզա Պետրոսյանը 2-րդ կարգի հաշմանդամ դարձավ
2004թ. հուլիսի 23-ին: 40 օր պահվեց հիվանդանոցում, որից հետո նրան «վերքերը
չկպած, պատգարակով» տարան 80-ամյա քրոջ՝ Սեդա Պետրոսյանի Խանջյան գյուղի տունը: Ու
մինչեւ երեկ՝ ոչ նրան հաշմանդամ դարձնողը, ոչ որեւէ մեկը ներողություն չեն խնդրել,
չեն պատժվել: Հարուցվել էր քրեական գործ՝ «Տ-40» մակնիշի, «առանց պետհամարանիշի
տրակտորը» վարող Մասիս Մկրտչյանի նկատմամբ: Ըստ գործի նյութերի, Ռ. Պետրոսյանը դաշտից
վերադառնում էր գյուղ, իսկ տրակտորն էլ 10-15 կմ/ժ արագությամբ «ասֆալտապատ ճանապարհի
իր աջ եզրով Նաիրի գյուղ էր շարժվում»: Կամրջի մոտ տրակտորավարը, «առանց տրակտորի
արագությունն իջեցնելու», իսկ «անհրաժեշտության դեպքում արգելակմամբ կանգնեցնելու»,
դիմել էր կտրուկ «ձախ մանյովրման»: Արդյունքում վրաերթի էր ենթարկել Ռ. Պետրոսյանին:
Թեեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այս տարվա մարտի 23-ի դռնբաց նիստի
ժամանակ Մ. Մկրտչյանը ցուցմունք էր տվել, թե «հիվանդանոցում կատարել է բուժման հետ
կապված ծախսերը», սակայն 77-ամյա Ռ. Պետրոսյանը ասում է, որ նախ տրակտորը վարել է
ամբաստանյալի եղբորորդին, գործով վկա Տիգրան Մկրտչյանը, եւ իր հիվանդանոցային, ապա
ետհիվանդանոցային 8-ամսյա ծախսերը հոգացել են իր հարազատները: Ըստ միայնակ այս կնոջ,
իր դեմ մահափորձ է կատարվել, քանի որ հեռուստացույցի հետ կապված վեճ է ունեցել Մկրտչյանների
հետ: Դատարանը վճռեց, որ ամբաստանյալից, «չզրկելով տրանսպորտային միջոցներ
վարելու իրավունքից», բռնագանձել 300000 (մոտ 650 դոլար) դրամ, որպես Պետրոսյանին
պատճառած վնասի փոխհատուցում: Ըստ Ռ. Պետրոսյանի, իրեն հաշմանդամ դարձնելով,
զրկել են նախ առողջությունից, ապա իր հողակտորը (6000 քմ) մշակելու հնարավորությունից:
Ռ. Պետրոսյանը վերաքննիչ բողոքով դիմել է երկրորդ ատյանի դատարան, հայտնելով,
որ առաջին ատյանում 10 րոպեանոց նիստ է եղել, որ չեն եղել վկաներ: Ի դեպ,
նախաքննության փուլում, երբ դեռ գիտակցության չէր եկել Ռոզա Պետրոսյանը, իրավապահները
շրջանառության մեջ էին դրել «ծառից է ընկել» վարկածը: Բայց դե վերջին 100 տարիներին
77 տարեկան ո՞ր կինն է ծառ բարձրացել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել