Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԵՐԻՑ ԷԼ ԵՆՔ ԱԶԱՏԵԼ՝ ԷԼ Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ

Մայիս 18,2005 00:00

Այս
հարցադրումը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների
առնչությամբ երեկ ռուս պատվիրակներին ուղղել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Ավելի ստույգ՝ նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ
Սերժ Սարգսյանի հարցադրումը, որ երեկ ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողովի եւ
Ռուսաստանի Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ
նիստում՝ հնչել է այսպես. «Այդ ձեռնարկությունները ազատված են բոլոր հարկերից, էլ
ի՞նչ արտոնություններ եք ուզում»: Սա ասվել է, երբ ՌԴ պետական գույքի գործակալության
պետ Յուրի Բորիսովն անդրադառնալով «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում
Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկման ուղղությամբ կատարված աշխատանքին՝
նշել է, թե դրանց լիարժեք շահագործման համար անհրաժեշտ է մասնավորապես տրամադրել
հարկային արտոնություններ: Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների վերագործարկման
հարցն ընդգրկված էր այս հանձնաժողովի նիստի օրակարգում: Եվ ավարտից հետո տեղի ունեցած
ասուլիսում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ
Նիկոլայ Ռիժկովը նշեց, թե քննարկումները «բավական սուր էին», բանավեճերը՝ կոշտ. «Կողմերը
լուրջ պահանջներ ունեին մեկը մյուսի նկատմամբ»: ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական
հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում նշել էր, թե
Ռուսաստանին փոխանցված ձեռնարկություններից շահեկան վիճակում է միայն Հրազդանի ՋԷԿ-ը:
Մնացած ձեռնարկությունները չեն աշխատում կամ վատ են աշխատում. նվազել են արտադրանքի
ծավալները, կրճատվել աշխատողների թիվը, ներդրումներ չեն արվել, պատվերներ արվում
են միայն հայկական ձեռնարկությունների կողմից: Նա նշել է, թե ձեռնարկությունների
վերագործարկումը ավելի շատ քաղաքական, քան տնտեսական խնդիր է: Վերջին միտքն ասուլիսում
կրկնեց նաեւ Նիկոլայ Ռիժկովը՝ հավելելով, թե չէին ցանկանա, որ այն տպավորությունն
ստեղծվեր, որ Ռուսաստանը ցանկություն չունի «խելքի բերելու» այդ ձեռնարկությունները:
Վահան Հովհաննիսյանն ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին՝ առավել մանրամասնեց
փոխադարձ պահանջների էությունը. «Հայաստանյան կողմն, իհարկե, բավարարված չէ այդ ձեռնարկությունների
վերաշահագործման ընթացքով եւ ամենակարեւորը՝ պատվերների բացակայությամբ»: Ըստ նրա՝
ռուսական մի շարք օրենքներ դժվարացնում են այդ գործարաններին պատվեր տալը. «Օրինակ՝
իրենք օրենք ունեն պետական պատվերի մասին, որում կան դրույթներ, որոնք վերաբերում
են հատկապես ռազմական արդյունաբերությանը: Եվ այդ օրենքն ուղղակի չի նախատեսել պատվեր
տալու ձեւ ՌԴ-ից դուրս գտնվող գործարաններին»: Հիշատակելով, թե ռուսական կողմը
պահանջներ է ներկայացրել հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում առավել բարենպաստ
պայմաններ ստեղծելու վերաբերյալ՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը բավականին
հստակ կերպով ներկայացրեց, որ առավելագույն զիջումներն այս առումով այլեւս արված
են, եւ որեւէ գործարան չի կարող աշխատել Հայաստանի օրենքների սահմաններից դուրս:
Հնչեցին նաեւ հետաքրքիր մտքեր այն մասին, որ եթե նոր տերը՝ Ռուսաստան պետությունը
չի կարողանում կամ հնարավորություն չունի այսօր աշխատեցնել այդ գործարանները, ապա
կարող է բաժնեմասի ինչ-որ հատված տալ Ռուսաստանի մասնավոր սեփականատերերին: Իհարկե,
այստեղ կա նրբություն, քանի որ ձեռնարկությունները հիմնականում ռազմական արդյունաբերության
համալիրի մաս են կազմել, եւ այդ առումով՝ մասնավոր տերերի ներքաշումը կարող է առաջացնել
այլ խնդիրներ: Բայց հիմնական բանավեճն ընթանում էր դրանց շահագործման պայմանների
շուրջ»: Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը ՌԴ Հարավային դաշնային
շրջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերություններն էին, որոնց շուրջ եւս ծավալվել
է սուր քննարկում: ԱՐԱԴԵՍ-ի փոխնախագահ Գրիգորի Խարչենկոն նշել է, թե ռուս գործարարները,
հատկապես՝ Հարավային դաշնային շրջանի, լուրջ վտանգներ են տեսնում Հայաստանի հետ գործարար
հարաբերությունների առումով, քանի որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով վախենում
են ոչ ազատ մրցակցությունից: Այս մասին ասուլիսում հայտնեց Վահան Հովհաննիսյանը՝
հայտարարությունը գնահատելով իբրեւ մտահոգիչ ահազանգ եւ «շատ լուրջ խնդիր՝ նաեւ մեր
երկրի ներսում»: Որոշ ոլորտների մենաշնորհային վիճակում հայտնվելու մասին հարցը Վահան
Հովհաննիսյանն առաջարկել է քննարկել մեր տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում,
քանի որ այդ աշխատանքն առաջին հերթին կարեւոր է մեր երկրի համար՝ վարվող հակակոռուպցիոն
քաղաքականության առումով: Հանձնաժողովի ուսումնասիրության վերաբերյալ ամբողջական
տեղեկանքը նախատեսում են տրամադրել նաեւ ռուս գործընկերներին: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել