Մեղադրանքի կողմը միջնորդեց 3 ամսով երկարացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը, ինչի առիթով Ծառուկյանի պաշտպանական կողմը դիրքորոշում հայտնեց:
«Ես սպասում եմ, որ դատարանը մեզ այդ հարցը տա, թե ինչ հիմքեր է տեսնում կալանքը երկարացնելու համար, մենք դրա վերաբերյալ կա՛մ տանք, կա՛մ չտանք հակափաստարկ: Եվ եթե դատարանը այդ հարցը չտա, ես ինչպե՞ս պետք է պաշտպանություն իրականացնեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Երեմ Սարգսյանը նաև ներկայացրեց մի քանի դատական նախադեպեր, երբ մինչև դատաքննությունը անձը պետք է ազատ արձակվելու իրավունք և հնարավորություն ունենա, քանի որ մինչև դատապարտումը անձը համարվում է անմեղ: Փաստաբանը հղումներ արեց Եվրոպական դատարանին:
Նա նաև փաստեց, որ կալանքի ժամկետը երկարացնելուց հետո ոչ մի վկա չի հարցաքննվել, զննություններից բացի՝ ոչ մի ապացուցողական գործողություն չի իրականացվել, մինչդեռ կալանքը 2 ամսով երկարաձգվել էր, որպեսզի քննիչները համապատասխան գործողություններ կատարեին:
Դատական նիստի ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձ եղավ իրանցի հայր և որդի Օլամաեիններին, որոնք գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։
Դատական նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































