Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ

Մայիս 27,2005 00:00

Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼԸ Սխեման գծում է Վիկտոր Դալլաքյանը – Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանի անցած երկու տարվա գործունեությունը գնահատեց բավարար, նույնիսկ շնորհակալություն հայտնեց խորհրդարանին՝ ասելով, որ այս խորհրդարանի համար բավականին դժվար է եղել աշխատել առանց ընդդիմության, առանց այլընտրանքային կարծիքի: Դուք ինչպե՞ս եք գնահատում անցած երկու տարին: – Ցավում եմ, որ առանց մեզ իրենք դժվար են աշխատել, բայց դա իրենց խնդիրն է: Ուշադրությամբ ծանոթացել եմ վարչապետի գնահատականներին, եւ կարծում եմ, որ մեր երկրում պետք է ձեւավորվի ոչ թե ընտանիքի անդամներին պաշտոնների նշանակելու ավանդույթ, այլ՝ ժողովրդավարություն եւ ժողովրդավարությունը զարգացնելու ավանդույթ: Սա՝ իմիջիայլոց: Իսկ ԱԺ-ն այս երկու տարում պարզապես դակիչի դեր է կատարել, նախագծերի մեծամասնությունը լուրջ քննարկման չեն ենթարկվել, եւ, ըստ էության, ԱԺ-ի հնազանդ, ագրեսիվ մեծամասնությունը դակում է այդ նախագծերը: ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների ավելի քան 85 տոկոսը ներկայացվել է կառավարության կողմից: Սա ցույց է տալիս, որ գործող ԱԺ-ն իր պրոֆեսիոնալ եւ քաղաքական մասով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Իմ գնահատմամբ, ՀՀ խորհրդարանական կյանքը անկախացումից հետո անկում է ապրել: – Ընդդիմադիր որոշ գործիչներ, մասնավորապես՝ «Արդարություն» դաշինքի անդամները, շարունակ հայտարարում են, որ սահմանադրական հանրաքվեն հարկավոր է վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի: Սակայն իշխանության ներկայացուցիչները այս հայտարարություններին առայժմ չեն պատասխանում եւ փորձում են սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնել արդեն ուշացած ժամկետներում: Դուք եւս հայտարարում եք, թե հարկավոր է սահմանադրական հանրաքվեն վերածել գործող նախագահի վստահության հանրաքվեի: Ինչպե՞ս եք սա պատկերացնում, քանի որ գործող Սահմանադրությունը կարծես նման հնարավորություն չի ընձեռում: – Դուք միանգամայն իրավացի եք: Մենք այն կարծիքին ենք, որ իշխանափոխությունը պետք է կատարվի ներսում, ժողովրդի ուժով, այսինքն՝ համաժողովրդական շարժման արդյունքում, եւ մենք դեմ ենք դրսի կամ պալատական հեղաշրջման միջոցով խամաճիկային իշխանության ստեղծմանը: Ի դեպ, ես համաձայն եմ վարչապետի հետ, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը պետք է լինի փաթեթային եւ ոչ թե փուլային: Եվ երբ մենք ասում ենք, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ժողովրդի ուժով, դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է հաշվի չառնենք արտաքին քաղաքական զարգացումները, ընդհակառակը՝ մենք ապրում ենք աշխարհում եւ հետեւում ենք արտաքին քաղաքական զարգացումներին: Մենք կարեւորում ենք հատկապես երկու հայտարարություններ՝ մեկը Բուշի հայտարարությունն է ժողովրդավարացման գործընթացներին, մասնավորապես նաեւ Կովկասում արագ արձագանքման կորպուսի միջոցով աջակցելու վերաբերյալ, ինչպես նաեւ Քոնդոլիզա Ռայսի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության դրական գնահատման չափանիշներից մեկը ժողովրդավարական գործընթացների հանգուցալուծումն է: Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները ի վերջո հանգեցնելու են նաեւ ժողովրդավարական զարգացումների Հայաստանում: Իմ գնահատականով, գործող ռեժիմը դատապարտված է, եւ իշխանափոխությունը որքան արագ լինի, այնքան լավ: Բայց իրականացման եղանակները կարող են տարբեր լինել: Այո, դուք իրավացի եք, սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասելը իրավական հետեւանքներ Քոչարյանին «ոչ» ասելու գործում չի կարող ունենալ, բայց դա ունի շատ լուրջ քաղաքական հետեւանք: Ո՞րն է դա: Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուց 40 օր առաջ սկսվում է քարոզչություն: Այսինքն՝ այդ ընթացքում լայն հնարավորություններ կան 40 օր հակաքարոզչությամբ զբաղվելու: Եվ այդ ընթացքում չի կարելի ճանապարհ փակել, արգելք դնել: Այս պրոցեսը պետք է օգտագործել քաղաքական «ոչ»-ը իրավական «ոչ»-ի վերածելու նպատակով: Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը նշանակում է «ոչ» ասել այսօրվա իշխանությանը: Ուշադրություն դարձրեք, որ ԱՊՀ տարածքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները կատարվել են համապետական ընտրությունների ընթացքում կամ դրանց արդյունքում: Հանրաքվեն մեծ հաշվով ընտրություն է, եւ, ըստ էության, հանրաքվեի տեխնոլոգիան կարող է ծառայել իշխանափոխության իրականացմանը: – Սակայն ընդդիմությունը չէ՞ որ միասնական չէ, եւ մի քանի անգամ արդեն ապացուցվել է, որ ամենակարեւոր պահերին ընդդիմադիր գործիչները տապալում են գործընթացը իրենց ամբիցիաների պատճառով: Այս դեպքում ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի եւ հենց դուք չեք խանգարի գործընթացին: – Դուք շատ տեղին հարցադրում արեցիք: Ես կարծում եմ, այն բոլոր հայրենասիրական ուժերը, որոնք շահագրգիռ են մեր երկրի ապագայով եւ իշխանափոխության արագ իրականացմամբ, նրանք պետք է ընդհանուր հայտարարի գան իշխանափոխության եղանակների շուրջ: Հենց հիմա ես դիմում եմ այդ կարգի բոլոր քաղաքական ուժերին՝ համախմբվել, սահմանադրական հանրաքվեին «ՈՉ» ասելով՝ Քոչարյանի պաշտոնանկության քաղաքական ու իրավական բազան ստեղծելու համար: Պատկերացրեք, 30-40 լուրջ կուսակցություններ հավաքվում են եւ կոչ են անում ժողովրդին՝ «ՈՉ» ասել սահմանադրական հանրաքվեին եւ Քոչարյանին: Կարծում եմ, սա լուրջ քաղաքական ակցիա կարող է դառնալ: Եվ եթե ընդդիմությունը չկարողանա համախմբվել այս հարցի շուրջ, կարծում եմ, սա կլինի ընդդիմության կոպիտ սխալը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել