Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմավիրում

Հունիս 11,2005 00:00

Արմավիրում ջուրը պղտոր է Թեման, որի մասին ուզում եմ Ձեզ ներկայացնել, բավականին հրատապ է եւ աղետալի հետեւանքներով հղի Արմավիր քաղաքի 40 հազար բնակչության համար։ Վտանգված է քաղաքի բնակչության անվտանգությունը։ Խնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի ջրամատակարարմանը։ Արմավիր քաղաքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հետ կնքած միջկառավարական պայմանագրով (վարկային) իրականացվում են Արմավիր քաղաքի եւ մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Վարկային ծրագրի համաձայն՝ քաղաքի ջրամատակարարման համակարգի շահագործումը հանձնվել է «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը, որի 35 % բաժնետերը Արմավիրի քաղաքապետարանն է։ 2004 թվականին ծրագրով նախատեսված շինմոնտաժային աշխատանքները կատարել է Արմավիր քաղաքի քաղաքապետ Ռ. Խլղաթյանի կողմից հիմնադրված «Լեգենդա» ՍՊԸ-ն, որի տնօրենն է քաղաքապետի եղբայրը։ 2004 թ.-ի ընթացքում «Լեգենդա» ՍՊԸ-ի կողմից կատարվել են Արմավիր քաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման բակային ցանցերի վերատեղադրման, բնակելի տների հաշվիչ հանգույցների եւ քաղաքի Հարավ-արեւելյան թաղամասի սնուցման ջրագծի շինմոնտաժային աշխատանքները՝ շուրջ 400 մլն դրամ նախահաշվարկային արժեքով։ Նախագծով հին, շարքից դուրս եկած ջրագծերը պետք է փոխարինվեին նոր, հատուկ ստանդարտներին բավարարող խողովակներով։ Սակայն իրականում քաղաքի ամբողջ տարածքում համատարած հին ջրագծերը փոխարինվել են օգտագործված, կասկածելի տեղերից ձեռք բերված, շահագործման համար ոչ պիտանի, սանիտարական եւ տեխնիկական նորմերին ընդհանրապես չհամապատասխանող խողովակներով։ Անպատասխանատվությունն ու լկտիությունը այն աստիճանի են հասել, որ մի ամբողջ խմբաքանակ խողովակներ բերվել եւ օգտագործվել են Բաղրամյանի խոզաբուծական համալիրի տեխնիկական ջրամատակարարման ցանցից՝ դեմոնտաժ արված խողովակները։ Արդեն մեկ տարի է, ինչ շահագործվում է, այսպես ասած՝ «նոր» ջրամատակարարման ցանցը, սակայն մինչեւ օրս քաղաքի բնակչությունը օգտագործում է կասկածելի գույնով եւ համով խմելու ջուր։ Բնակչության մի մասը վախենալով հնարավոր վատ հետեւանքներից՝ խմելու նպատակով այդ ջուրը չի օգտագործում։ Վախն ու անհանգստությունը մարդկանց միջից դուրս չեն գալիս հնարավոր համաճարակի բռնկման վտանգի պատճառով։ Քաղաքապետին եւ նրա ընտանիքի անդամներին այս իրավիճակը բացարձակապես չի հետաքրքրում՝ նրանք Թալինից բերված ջուրն են խմում։ Քաղաքապետը ոչ միայն հանցավոր անտարբերություն է ցուցաբերել կատարված անորակ աշխատանքների նկատմամբ, այլեւ անձամբ է ընդունել կատարված աշխատանքները եւ փաստագրել դրանց շահագործումը։ Կորցնելով խիղճն ու պատասխանատվությունը, թքած ունենալով բնակչության անվտանգության վրա՝ նա հետեւողականորեն իր համար ամենակարեւոր խնդիրն է լուծում՝ շատ թալանել։ Իհարկե, այս ամենի մեջ մենք էլ ենք մեղավոր, մեղավոր ենք, որ ժամանակին տեսնելով՝ լռել ենք, վախեցել ենք բարձրաձայն խոսել, համարել ենք, որ մեր գործը չէ, կան պետական մարմիններ, գործող օրենքներ։ Կա մի պարզ ճշմարտություն. առաջինը մենք պետք է մեր մասին մտածենք, հետո նոր ուրիշից պահանջենք։ Եթե մենք այս սկզբունքով շարժվենք (քանի դեռ ուշ չէ, քանի դեռ համաճարակը չի չոքել յուրաքանչյուրիս դուռը), համոզված եմ՝ կարճ ժամանակահատվածում կարելի է վիճակը շտկել։ Խողովակներն էլ կփոխարինվեն նորով, մեղավորներն էլ կպատժվեն, պետությանը հասցված վնասն էլ կվերականգնվի։ Մեր պետությունն այդքան հարուստ չէ, որ հանդուրժի ինչ-որ մեկին տասնյակ միլիոններով դրամ յուրացնել։ ՆՈՐԻԿ ՄՆՈՅԱՆ10.06.2005 R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել