Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների

Հունիս 24,2005 00:00

Աֆրիկյանների գույքը՝ «բռնադատված» Ամիսներ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր դիմել Վիկտոր Աֆրիկյանը՝ ժառանգություն ընդունելու փաստը հաստատելու պահանջով: Նա հայտնել էր, որ 1937թ. մահացել է հորական պապի՝ Արմենակի պապը՝ Առաքել Աֆրիկյանը: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի նյութերի, «արխիվում պահվող Երեւան քաղաքի 1918թ. ինվենտարային գրքում եղած գրանցման համաձայն, Ա. Աֆրիկյանն այդ տարում ունեցել է երկհարկանի տուն», ինչը շարժական գույքի հետ ազգայնացվել է: Առաքել Աֆրիկյանի մահվանից հետո նրա ընտանիքը ենթարկվեց քաղաքական բռնաճնշումների: Որդին՝ Արմենակը, ապա վերջինիս զավակը՝ Կոնստանտինը խորհրդային իշխանությունների ոտնձգություններից փորձեցին պաշտպանել Աֆրիկյանների ստեղծածը, սակայն, ինչպես դատարան դիմած Վ. Աֆրիկյանն էր նշել, «ինչպես իր պապը, այնպես էլ իր հայրը, կաշկանդված լինելով խորհրդային իշխանությունների վարած քաղաքականությունից, օրենքով չեն դիմել նոտարական գրասենյակ՝ Առաքել Աֆրիկյանի ժառանգությունն ընդունելու եւ վկայագիր ստանալու համար, սակայն վերջիններս փաստացի ընդունել են ժառանգությունը»: Առաքել Աֆրիկյանի սեփականությունն հանդիսացող շարժական գույքից պահպանվել էր «Singer» մակնիշի A328055 կարի մեքենան: Անկախ Հայաստանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Վազգեն Լալայան) մայիսի 27-ին գտավ, որ «այն փաստարկը, թե Աֆրիկյանի պապն ու հայրը կաշկանդված լինելով նախկին խորհրդային իշխանությունների քաղաքականությունից, չեն դիմել նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար, գործի լուծման համար էական նշանակություն չունի»: Սակայն միեւնույն ժամանակ դատարանը վկայակոչել էր Քաղաքացիական օրենսգրքի 549 հոդվածը, ըստ որի, ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Ընդսմին, ժառանգությունը ընդունված է համարվում, երբ «ժառանգության բացման վայրի նոտարին հայտարարվել է այդ մասին»: Դարասկզբի մեծահարուստներից մեկի (Աֆրիկյանները եղել են գինու, կոնյակի, բամբակամամլիչ գործարանների, Երեւան քաղաքի ջրմուղի, «Երեւանի ջրմուղ ընկերության» հիմնադիրը, հասարակական գործիչներ, որոնք զբաղվել են նաեւ բարեգործություններով, հատկապես ուսումնական կենտրոններ բացելով): ժառանգը անշարժ գույքի հետ կապված էլ կունենա նույն խնդիրը: ՀՀ կառավարության Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների «պետական ցուցակին» ուշադիր ծանոթանալու դեպքում կտեսնենք, որ Պուշկինի փողոցի 38 հասցեն գրանցված է «Առաքել Աֆրիկյանի բնակելի տուն» անվամբ: Այսօր այդ տարածքը զբաղեցնում է Խաչիկ Ստամբոլցյանի «Մխիթարիչ» բարեգործական հիմնադրամը եւ երկհարկանի տան վիճակն այնքան էլ մխիթարիչ չէ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել