Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵՆ

Սեպտեմբեր 28,2005 00:00

ՀԱՆՐԱՔՎԵՆ ԿԵՂԾԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ Այսպես գնահատեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ հիմնավորեց իր գնահատականը: Ծանուցումը վերացվում է Վիկտոր Դալլաքյանը, որ Վարդան Բոստանջյանի հետ միասին «Հանրաքվեի մասին» օրենքի հեղինակն է, նշեց, թե կոալիցիան այժմ առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի հետեւյալ դրույթը. «Տեղամասային հանձնաժողովը անհատական ծանուցման թերթիկների միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառված՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման հետ կապված միջոցառումների անցկացման տեղի եւ ժամանակի մասին»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը, որ ներկայացնում էր այս օրինագիծը, նշեց, թե անհատական ծանուցման թերթիկներն ընտրողների վրա ազդեցություն գործելու միջոց են, եւ դրա հետ միասին նաեւ քարոզչություն են անում: Իսկ «Արդարության» քարտուղարը նկատեց, որ ծանուցագրերը վերացնելու իրական նպատակն այլ է. «Եթե իքս մարդու փոխարեն լցնեն քվեատուփերը՝ հետո ծանուցագրերը կարող էինք հավաքել եւ ապացուցել, որ այսքան մարդ չի գնացել հանրաքվեի»: Ով կարող է քարոզել «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ քարոզչություն չեն կարող կատարել «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Այժմ կոալիցիան առաջարկում է այս դրույթը լրացնել հետեւյալ արտահայտությամբ՝ «բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների»: Արշակ Սադոյանը պատկերացրեց, թե ինչ կհետեւի այս փոփոխությանը՝ որեւէ նախարար կամ ասենք նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարող է հավաքել համայնքապետերին ու հրահանգել՝ «Այ, եթե դուք… եւ այլն, եւ այլն»: Այս ձեւակերպումը բավական աշխուժացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ու նա խնդրեց՝ «Պարզաբանեք՝ ի՞նչ է նշանակում. «Այ, եթե դուք… եւ այլն, եւ այլն»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցրեց՝ «Կարծես 6-ից հետո չե՞ն կարող հավաքել ու նույն բանն ասել»: Հակաքարոզչության իրավունք «Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, կուսակցությունները եւ հասարակական միավորումները»,- նշված է գործող օրենքում: Հղում անելով այս հոդվածին՝ «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունն» առաջարկեցին խորհրդարանական կազմավորումներին տրամադրել անվճար հեռուստաեթեր քարոզչության համար: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անգամ հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները 2-ն են, իսկ իշխանամետներն՝ ավելի շատ. «Ժողովրդի առջեւ մերկացրե՛ք մեզ»: Հրայր Կարապետյանը օրենքի հեղինակների անունից, սակայն, առարկեց, թե սա անարդար կլինի ոչ խորհրդարանական կուսակցությունների նկատմամբ: Պատասխանատուները վերանում են Կոալիցիայի առաջարկած փոփոխությամբ՝ «Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարում են հանրաքվեի մասին ԿԸՀ որոշումն ուժի մեջ մտնելուց 7 օր հետո»: Սակայն եթե արդյունքները բողոքարկվել են ՍԴ՝ ինչպե՞ս պիտի նրանց հավաքես՝ մտահոգվեց Արշակ Սադոյանը: Նա ընդվզեց քվեարկության գաղտնիությունը խախտող մեկ այլ առաջարկվող փոփոխության դեմ եւս, ըստ որի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ԶԼՄ ներկայացուցիչ կամ դիտորդ»: Ըստ այդմ՝ հանձնաժողովի անդամները կարող են ներկա լինել քվեարկության խցիկում: Հրայր Կարապետյանը սա բացատրեց «մարդասիրական մոտեցումներով»՝ ակնհայտ հաշմանդամների հանդեպ: Ժողովրդին հանրաքվեի իրավունք Այս քննարկման ընթացքում «Արդարության» ներկայացուցիչները բազմիցս կրկնեցին առաջարկը, որ «Հանրաքվեի մասին» օրենքով հնարավորություն ընձեռվի քաղաքացիական նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե: ՀՅԴ խմբակցության քարտուղարը հայտարարեց, թե այս իրավունքը ժողովրդին տալն իր կարծիքով ճիշտ չի լինի. «Իրականում դա միշտ էլ նախաձեռնելու է որեւէ քաղաքական ուժ: Եվ անընդհատ լինելու են քաղաքական ուժեր, որոնք դժգոհ են լինելու իշխանություններից ու անընդհատ կազմակերպելու են հանրաքվե… Սա նշանակում է Հայաստանն անընդհատ մտցնել հանրաքվեների պերմանենտ գործընթացների մեջ»: Վիկտոր Դալլաքյանը թվարկեց այն երկրների ցանկը, ուր քաղաքացիների կողմից հանրաքվե նախաձեռնելու իրավունքն ամրագրված է՝ Լատվիա, Ալբանիա, Մոլդովա, Հունգարիա, Սլովենիա եւ այլն: Առարկություններն ընդունվեցին Կոալիցիան առաջարկում էր նշել, թե հանրաքվեի ժամանակ «տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել 1-ից ավելի քվեատուփեր»: Հրայր Կարապետյանը պարզաբանեց, թե մեկ քվեատուփը կարող է լցվել: Վիկտոր Դալլաքյանն առարկեց. «Է, մի լցրեք»: Ի վերջո՝ ընդունվեց առարկությունը: Ընդդիմությունը գրանցեց եւս մի հաջողություն: Պահպանվեց գործող օրենքի հետեւյալ հոդվածը, որ նախատեսում էին հանել. «ԿԸՀ նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը քվեարկության ավարտից հետո՝ երեքժամյա պարբերականությամբ, հանրաքվեի ընթացիկ արդյունքների վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերությամբ հանդես է գալիս տեղեկատվությամբ»: Այսուհանդերձ՝ ո՛չ «Արդարության», ո՛չ «Ազգային միաբանության» ներկայացուցիչները չմասնակցեցին օրինագծի 1-ին ընթերցմամբ քվեարկությանը: Թեեւ դահլիճում այդքան մարդ չկար, սակայն 77 հոգի քվեարկեցին «կողմ»: Ամբողջապես այս օրինագիծը կընդունվի այսօր՝ որոշ դրույթների վերջնական հստակեցումից հետո: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել