Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտորիտարիզմի ծառը կարող է ծաղկել»

Հոկտեմբեր 27,2005 00:00

Նոր սահմանադրության մեջ չեն վերացվել
անձնիշխանության արմատները Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանի
իրավաբանական ֆակուլտետի ուսանողների կազմակերպած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր,
Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը խոսեց սահմանադրական
փոփոխությունների նոր փաթեթի դրական, բացասական կողմերի, ինչպես նաեւ այն մասին,
թե ինչ պետք է արվեր, որ չի արվել: Ընդհանուր առմամբ, եթե Շավարշ Քոչարյանը
գնահատելու լինի գործող սահմանադրությունը հինգբալանոց սանդղակով, ապա կնշանակի 1:
Նա նույնիսկ առաջարկում է ներկայիս սահմանադրությունը տպել դասագրքերում՝ ցույց տալու
համար, թե ինչպիսին չպետք է լինի երկրի սահմանադրությունը: Վերափոխված տարբերակը,
որ պետք է դրվի հանրաքվեի՝ պրն Քոչարյանը գնահատում է «մի կերպ՝ 3»: Նշենք
մի քանի դրույթներ, որոնք, ըստ Շավարշ Քոչարյանի, արտաքուստ թուլացրել են նախագահին
վերապահվող գերլիազորությունները, բայց արմատներում անձնիշխանությունը պահպանվում
է: Օրինակ, 49 հոդվածով նախագահը գերլիազորություններ ունի՝ որպես ամեն ինչի երաշխավոր,
որոնք նույնիսկ դուրս են 55 հոդվածով իրեն սահմանված լիազորություններից: «Պետք է
հստակ նշվեր, որ միայն օրենքների հիման վրա պետք է իր գործառույթներն իրականացնի,
բայց իրականում նրան վերապահված են քայլեր, որոնք նախատեսված չեն օրենսդրությամբ
եւ օրենքներով»: Օրինակ, բանախոսը մատնանշում է դեպքեր, երբ նախագահը միանձնյա որոշումներ
է կայացնում այնտեղ, որտեղ պետք է համապատասխան նախարարի համաձայնությունը. «Նախագահը
աչքաչափով որոշում է, որ արտակարգ կամ ռազմական դրություն պետք է հայտարարել, եւ
ԱԺ-ն իրավունք ունի միայն միջոցառումները վերացնել, որ որպես կանոն արդեն կատարված
են լինում»: Ըստ Շ. Քոչարյանի՝ նախագահի իմփիչմենթի հիմք պետք է լինի սահմանադրության
խախտումը. «Սոցիալիստական նախկին ճամբարի բոլոր կիսանախագահական երկրներում նշված
է, որ եթե նախագահը խախտել է սահմանադրությունը, դա հիմք է իմփիչմենթի համար: Պատկերացնո՞ւմ
եք, սահմանադրության երաշխավորը միտումնավոր խախտում է այն, եւ դա հիմք չէ, իր 5
տարին կարող է հանգիստ շարունակել պաշտոնավարել»: Մեկ այլ թերություն եւս:
Ճիշտ է, նոր փաթեթով կառավարությանը որոշակի անկախություն է տրված, եւ, ասենք, վերջինիս
որոշումները կարող են ուժի մեջ մտնել առանց երկրի նախագահի վավերացման, սակայն ամեն
պահի նախագահը կարող է դիմել Սահմանադրական դատարան եւ կասեցնել կառավարության որոշումը՝
ստուգելով սահմանադրության հետ որոշման համապատասխանությունը: «Այդպիսով, նախագահը
կարող է անընդհատ խոչընդոտելով կաթվածահար անել կառավարության աշխատանքները՝ բերելով
ճգնաժամի»: Շ. Քոչարյանը լիազորությունների անհարկի ընդլայնում է համարում նաեւ այն,
որ մարզպետների նշանակումը լիովին կախված է լինելու նախագահից. «Մարզպետը կառավարության
աչքն է ընդամենը, երկրորդական մարմին, իսկ մեզանում մարզպետը տեղական ինքնակառավարման
մարմնից վեր կանգնած անձ է, ինչը Եվրոպական ՏԻՄ չափանիշներին չի համապատասխանում»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել