Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՎԱԿԱՆ ԵՆ ՄԻ՛-ՋՈ՛-ՑԱ՛-ՌՈՒՄՆԵ՛ՐԸ»

Դեկտեմբեր 03,2005 00:00

«ԲԱՎԱԿԱՆ ԵՆ ՄԻ՛-ՋՈ՛-ՑԱ՛-ՌՈՒՄՆԵ՛ՐԸ» Կինոգետ Դավիթ Մուրադյանի կարծիքով՝ համերգներ տալը դեռ մշակութային համագործակցություն չէ: Երեկ երեկոյան ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Անդրանիկ Մարգարյանն ու Միխայիլ Ֆրադկովը մասնակցեցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացած Հայաստանում Ռուսաստանի տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Կայացավ համերգ՝ երկու երկրների ճանաչված արտիստների մասնակցությամբ: Կինոգետ Դավիթ Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տվեց 2 երկրներին Հայաստանում Ռուսաստանի տարվա անցկացումը: Նրա համոզմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը չպետք է սահմանափակվեին ընդամենը համերգներ տալով, քանի որ մշակութային համագործակցությունն ավելի լայն ընդգրկում պետք է ունենա: «Մշակութային երկխոսությունը նախ եւ առաջ մշակութային արտադրություն է նշանակում: Վերջին 15 տարիներին 2 երկրների մշակույթի նախարարները բազմիցս հանդիպած կլինեն, բայց արդյունքում, օրինակ, համատեղ ֆիլմ չկա: Էլ ո՞ւմ, եթե ոչ ռուսների հետ պիտի այս 15 տարիների ընթացքում համատեղ կինոնախագծեր իրականացնեինք: Ռուսական կինոշուկան ամենամատչելին է մեզ համար, եւ Հայաստանն էլ ռուսական ֆիլմերի համար բավականաչափ նպաստավոր շուկա է՝ լեզվի, ընդհանուր կենսափորձի առումով: Խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մյուս երկրների հետ համագործակցությանն է վերաբերում»,- ասաց կինոգետը: Ըստ նրա՝ համագործակցությունը ֆրանսիացու, իտալացու, գերմանացու հետ, արդեն հոգեբանական, մշակութային հող է նախապատրաստում Հայաստանի՝ Եվրոընտանիք մուտք գործելուն: «Ցավոք, մենք կարծում ենք, թե քաղաքականությունը վերաբերում է միայն քաղաքականությանը, տնտեսական համագործակցությունը՝ միայն տնտեսական համագործակցությանը: Բայց չէ՞ որ, օրինակ, կինոհամագործակցությունը նույնպես տնտեսական համագործակցության ոլորտ է: Անհրաժեշտ է գիտակցված հասցեավորված քաղաքականություն: Մարդիկ պետք է կազմեն համապատասխան նախագծեր ու ներկայացնեն համապատասխան եվրոպական պարտնյորներին… Էդքան գնում ենք Եվրամիություն, Եվրախորհուրդ, դրանք մշակութային հանձնաժողովներ, գումարներ ունեն: Եթե վերջիններս ժամանակին ստացած լինեին այդ ծրագրերը, վաղուց գումարներ մտած կլինեին Հայաստան»,- փաստեց պրն Մուրադյանը: Այս առիթով նա վկայակոչեց ղազախա-գերմանական ֆիլմարտադրությունը. «Ասիական երկիր են, բայց խնդիր ունեն իրենց դրոշակը աշխարհում ներկայացնելու: Նրանց որոշ ֆիլմեր՝ միտված ղազախական էության կենսահիմքերի գեղարվեստական ձեւակերպմանը, գերմանացիների հետ համատեղ են նկարվել: Իսկ մեզ մոտ մշակութային երկխոսություն ասածը առայժմ իրականացվում է մշակութային ժամանցի ու համերգների միջոցով: Չի կարելի 15 տարի շարունակ միայն կատարողական արվեստի մակարդակով համագործակցել: Lուրջ խնդիր ունենք մեր ամբողջ մշակութային քաղաքականության մեջ՝ այս 15 տարվա ընդամենը մշակութային մի-ջո-ցա-ռումներից անցնելու սիստեմավորված մշակութային արտադրության»: Անդրադարձ եղավ նաեւ «Հայֆիլմի» սեփականաշնորհմանը: Սովորաբար 100 օրվա «արգելքը» հաղթահարելուց հետո ցանկացած պաշտոնյա կամ սեփականատեր հանրությանը ներկայանում է ապագայի պլաններով: Մուրադյանի համոզմամբ՝ նույնը պարտավոր են անել նաեւ «Հայֆիլմի» նոր տերերը: «Ձեր 100 օրը անցել է: Կինոհանրությունը, ժողովուրդը, երկիրը, պետությունը ձեզ է սպասում: Ասեք, թե վերջապես ինչպե՞ս եք պատկերացնում արդեն սեփականաշնորհված «Հայֆիլմի» գործունեությունը առաջիկա 5 տարիներին… վերցրել եք փակելո՞ւ, թե՞ զարգացնելու համար: Մանավանդ «Հայֆիլմը» միակ օջախն է, հայկական կինոյի զարգացման միակ կինոֆաբրիկան ամբողջ աշխարհում: Այն ամբողջ հայությանն է, իսկ դա ազգային, մշակութային եւ քաղաքական պատասխանատվություն է ենթադրում ամբողջ հայության առջեւ»,- կարծում է Դավիթ Մուրադյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031