Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

102

Դեկտեմբեր 09,2005 00:00

102 հոդված՝ կոռուպցիայի մասին Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, եւ հարմար առիթ՝ խոսելու այն մասին, թե ինչքանով է մեր մամուլը անդրադառնում այս ոլորտին եւ ինչպես է նպաստում հասարակական կարծիքի ձեւավորմանը: Այս նպատակով 2005-ի հունվար-հունիս ամիսներին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) իրականացրել է տպագիր մամուլի կողմից հակակոռուպցիոն խնդիրների լուսաբանման բովանդակային վերլուծություն: «Բովանդակային վերլուծությունը հետազոտական գործիք է, որի միջոցով որոշվում է տեքստերում առկա որոշակի բառերի կամ հասկացությունների (կոդավորված բառեր) հաճախությունը, վերլուծվում է վերջիններիս նպատակը եւ փոխկապվածությունը: Նպատակ ունեինք հասկանալ, թե մամուլի հրապարակումներից հասարակական ի՞նչ ընկալում կարող է ստեղծվել, ինչպե՞ս կարող են դրանք ազդել հասարակության ենթագիտակցության վրա»,- բացատրում է ՄԱԶԾ հակակոռուպցիոն փորձագետ Արտակ Սաղաթելյանը: Հետազոտական խմբի կողմից ընտրվել են «Առավոտ», «Ազգ», «Չորրորդ իշխանություն», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Երկիր» թերթերը, որոնք ունեն էլեկտրոնային տարբերակ: Ընտրվել են այն 102 հոդվածները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կոռուպցիոն խնդիրներին: Կոդավորված բառերից առավել հաճախ գործածվել են թափանցիկություն, օրենք, իրավական, քաղաքացի, քրեական գործ, առավել քիչ՝ հաշվետվողականություն, էթիկա, ազնվություն տերմինները: Սա, ըստ Ա. Սաղաթելյանի, նշանակում է, որ մամուլին պակասում է բարոյականության սերմանումը, հետեւաբար՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլերը լրատվամիջոցները երկրորդ պլան են մղել եւ առավել շատ հակված են եղածը փաստել: Չեն հանդիպում նաեւ՝ լուծման մեթոդների առաջարկներ ու խոր վերլուծություններ: Հիշյալ ժամանակահատվածում մամուլն առավելապես անդրադարձել է կրթական համակարգին՝ 37.2 տոկոս, միջազգային կառույցների գործունեությանը՝ 10.8 տոկոս, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին՝ 5.9 տոկոս եւ պետական կառավարմանն ընդհանրապես՝ 4.9 տոկոս: Ընդ որում՝ 74.5 տոկոսը տեղեկատվական բնույթի հոդվածներ են, վերլուծականները կազմում են 20.6 տոկոս, իսկ հետազոտությունները՝ 4.9 տոկոս: Միայն 8.8 տոկոսն ունի դրական ենթատեքստ, այսինքն՝ կոռուպցիայի դեմ հաջող պայքարի հույս են ներշնչում: Հոդվածների վերլուծությունը ցույց է տվել, որ մեր երկրում դատական եւ ոստիկանական համակարգը դրական ենթատեքստով է ներկայացվում: Պատճառն այն է, որ թերթերը գրում են միայն այն մասին, որ այսինչ հանցագործը բռնվել է, իսկ որ շատ գործեր մնում են չբացահայտված՝ այս մասին համապատասխան հետաքննությունները շատ քիչ են: Ա. Սաղաթելյանը շեշտում է հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեության մասին անդրադարձը, որոնք հիմնականում չեզոք բնույթի են. նիստ գումարվեց, ԳՐԵԿՈ-ից այսինչը եկավ՝ եւ վերջ: Իհարկե՝ նշվում է նաեւ հանձնաժողովի անգործության մասին: Մտահոգություն հայտնելով մեր մամուլի անհետեւողականության համար՝ Ա. Սաղաթելյանը օրինակ է բերում Բուլղարիայի մամուլը: Վերջինիս հետեւողականության շնորհիվ բազմաթիվ դատական պրոցեսներ են սկսվում եւ հաջողությամբ ավարտվում: Կարծում ենք, որ այս հարցում նաեւ երկրում ժողովրդավարական արժեքների հաստատում է պետք: Պարզվում է՝ վերլուծության ենթարկված թերթերից ամենաշատը կոռուպցիոն խնդիրներին անդրադարձել է «Առավոտը»՝ 45.1 տոկոս, երկրորդ տեղում են «Հայոց աշխարհն» ու «Հայկական ժամանակը»՝ 14.7-ական տոկոս: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել