Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբ ծերունու վերլուծությունը

Դեկտեմբեր 10,2005 00:00

Արաբ ծերունու վերլուծությունը 10-11 տարեկան երեխաների համար «Ջուրը հողային լուծույթից արմատամազիկներին է անցնում շնորհիվ այն բանի, որ արմատամազիկներում բջջահյութի խտությունն ավելի բարձր է, քան հողային լուծույթում: Կիսաթափանցիկ մեմբրանով նյութերի այդպիսի միակողմանի թափանցումը կոչվում է օսմոս, իսկ այդ շարժման հետեւանքով մեմբրանի վրա առաջացած ճնշումը՝ օսմոտիկ ճնշում»: «Արմատամազիկներից դեպի արմատի կեղեւի ավելի խորն ընկած բջիջներում ջրի եւ ջրի մեջ լուծված նյութերի հետագա տեղաշարժն իրականացվում է նույն օրինաչափությամբ՝ խորքում գտնվող բջիջների բջջահյութի խտությունն ու ներծծման ուժն ավելի մեծ են, քան մակերեսի շերտերինը: Այդ սկզբունքով օսմոտիկ օրինաչափությունների հիման վրա ներծծված ջուրն ու նյութերը, ի վերջո, հասնում են արմատի կենտրոնում գտնվող անոթներին, այնտեղից էլ՝ ցողուն…»: «Այդ բջիջների արանքում, հատկապես տերեւի ստորին մակերեսին գտնվում են կանաչ, մանր, կիսալուսնաձեւ բջիջներ, որոնք դասավորված են զույգերով: Նրանց արանքում առաջանում է ճեղք՝ հերձանցքային ճեղք, իսկ այդ բջիջները կոչվում են հերձանցքը փակող բջիջներ: Այդ բջիջներից կազմվում են հերձանցները: Հերձանցքային բջիջները հարուստ են քլորոպլաստով, իսկ տերեւամաշկի մյուս բոլոր բջիջները զուրկ են կանաչ գույնից…»: «Անմիջապես վերին տերեւամաշկի տակ գտնվում են քլորոֆիլի հատիկներ պարունակող, ոչ մեծ միջբջջային տարածությամբ սյունաձեւ բջիջներ, որոնք առաջացնում են սյունաձեւ հյուսվածք: Սյունաձեւ հյուսվածքի տակ գտնվում է սպունգաձեւ հյուսվածքը, որը կազմված է խոշոր միջբջջային տարածություն ունեցող սպունգաձեւ բջիջներից…»: Եթե ձեզ թվաց, թե կարդում եք ծաղկաքաղ՝ կենսաբանական գիտությունների դոկտորի ատենախոսությոնից, ապա դուք չարաչար սխալվում եք: Սրանք ընդամենը հատվածներ են հանրակրթական դպրոցների 5-րդ (նկատեք՝ ընդամենը 5-րդ) դասարանի «Կենսաբանություն, բույսեր» դասագրքից, որ հեղինակել են Ս. Հ. Սիսակյանը, Տ. Վ. Թանգյանը եւ Ա. Մ. Գասպարյանը: Պիտի խոստովանեմ, որ ես՝ իմ 32 տարեկանում, եւ իմ ստացած բարձրագույն տեխնիկական կրթությամբ հանդերձ, խիստ դժվարացա հասկանալ, եւ առավել եւս՝ 10 տարեկան երեխայիս բացատրել այս տեքստերը: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ այդ տարիքի՝ տասը-տասնմեկ տարեկան երեխաների համար նման բովանդակությամբ դասերն ինքնուրույն սովորելը գրեթե բացառված է: Սակայն կենսաբանությունը միակ ծանր դեպքը չէ 5-րդ դասարանցիների համար: Նույնքան դժվարացված են պատմության դասագրքերը, որոնք բառացիորեն լցոնված, խցկված, խտացված են անուններով, տեղանուններով, թվականներով եւ դեպքերով: Զորօրինակ. «Ք.ա. 87թ. հայոց զորքերը ներխուժեցին Ատրպատական-մեդիա, ապա՝ Պարթեւստան: Նրանք հասան մինչեւ պարթեւական արքունի ամառանոցը՝ Էքբատան քաղաքը: Ահաբեկված պարթեւական նոր թագավորը շտապեց հաշտություն կնքել ու հօգուտ Տիգրանի հրաժարվեց Ատրպատականի եւ Հյուսիսային Միջագետքի իշխանությունից: Տիգրանի հաջորդ արշավանքն ուղղված էր դեպի հարավ: Այստեղ մեկ դար առաջ Արտաշես Առաջինը Հայաստանին էր միացրել Տմորիք երկրամասը: Այժմ հայկական բանակը նվաճեց նաեւ Տմորիքին կից Կոդուքը, Ադիաբանեն եւ Օսրոյենը: Այնուհետեւ Տիգրիս գետն անցնելով, հայկական զորքերը գրավեցին Միջագետքի Մծբին եւ Եդեսիա քաղաքները»: Եվ այսպես շարունակ, եւ այսպես՝ ողջ դասագիրքը: Այսքանից հետո մնում է միայն ուրախանալ «Հայ գրականության» դասագրքի կառուցվածքից: Որտեղ «Սասունցի Դավիթ»-ից հետո տրված են հարցեր եւ առաջադրանքներ: Օրինակ՝ այսպիսին. «Քեզ տրվում է բառաշարք. քաջ, դյուցազուն, վախկոտ, անզիջում, արի, անարի, խորամանկ, հսկա, անարգ: Որ բառերը կընտրես Դավթին բնութագրելու համար»: Կամ մեկ այլ առաջադրանք. «Լրացրու տրված նախադասությունը՝ ստորեւ բերված բառաշարքից ընտրելով համապատասխան բառերը. բանիմաց, կեղծավոր, բանագետ, իմաստուն, եսասեր, մորթապաշտ, աշխարհ տեսած, խելացի: Արաբ ծեր զինվորը …., …. եւ ….էր»: Արաբ ծերունու մասին դա միակ առաջադրանքը չէ, կա նաեւ այսպիսին. «Տրված տարբերակներից ո՞րը կընտրես ծերունու արարքը ճիշտ գնահատելու համար. ա) Արաբ ծերունին դավաճան էր, բ) խաղաղ աշխատանքի կողմնակից էր, գ) ճշմարտախոս եւ անաչառ էր, դ)վախկոտ էր ու եսապաշտ, ե) մտածում էր հասարակ մարդկանց մասին, զ) ատում էր պատերազմն ու այն հրահրողներին, է) գնահատում էր իսկական ուժն ու քաջությունը, ը) նենգաբար ուզում էր ծուղակը գցել Դավթին»: Հաջորդ առաջադրանքը ինձ մի-փոքր արտառոց է թվում. «Գրականության աշխատանքային տետրում գրիր տնային շարադրություն՝ ընտրելով տրված թեմաներից որեւէ մեկը՝ «Ես սիրում եմ Դավթին, որովհետեւ…», «Ես ատում եմ Մըսրա Մելիքին, որովհետեւ…»: Ինչո՞ւ հինգերորդ դասարանցուն հանձնարարել գրել շարադրություն ատելության թեմայով, ինչո՞ւ այդ տարիքից երեխայի մեջ ատելություն զարգացնել որեւէ մեկի, անգամ՝ Մսրա Մելիքի հանդեպ՝ ես չեմ հասկանում: Հազիվ թե դրանով հայրենասիրություն է դաստիարակվում: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել