Լրահոս
Օրվա լրահոսը

Կզրկեն… չեն զրկի…

Դեկտեմբեր 17,2005 00:00

Կզրկեն… չեն զրկի… Ադրբեջանում քննարկում են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը մանդատից զրկելու հնարավորությունը: Դեկտեմբերի 15-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեում քննարկվել է այս տարվա նոյեմբերի 6-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հարցը: Ադրբեջանցի ու միջազգային որոշ քաղաքական փորձագետներ կանխատեսում էին, որ այս հարցի քննարկման արդյունքը կարող էր այն լինել, որ կոմիտեն կքվեարկեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների չճանաչման հարցն ու հարցը կմտցներ ԵԽԽՎ օրակարգ: Սակայն դեկտեմբերի 15-ին սկսված քննարկումը կիսատ էր մնացել ու հետաձգվել էր մինչեւ 2006թ. հունվար: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ, դա տեղի էր ունեցել նաեւ թուրք եւ ռուս պատգամավորների ջանքերի շնորհիվ: Հարցի հետաձգման համար, ըստ ադրբեջանական կողմի, առիթ էր հանդիսացել այն, որ Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ զեկուցողներ Անդրեաս Գրոսսի ու Անդրես Հերկելի զեկույցներն այդ ընտրությունների վերաբերյալ դեռ պատրաստ չեն եղել: Ադրբեջանական «Day.az»-ի փոխանցմամբ, անսովոր ոչինչ չկար այն բանում, որ ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ որեւէ որոշում չէր ընդունել: ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի նիստին մասնակցած Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Սարդար Ջալալօղլին, մեկնաբանելով Փարիզում կայացած այս նիստի արդյունքները, այսպես էր մեկնաբանել. «Որքան ինձ է հայտնի, կոմիտեում նախատեսվում էր ընդամենը քննարկել ընտրությունների արդյունքները: Վերջնական որոշումը պետք է ընդունվի հունվարին՝ ԵԽԽՎ նստաշրջանում, որտեղ Ադրբեջանի զեկուցողների հետ միասին հրավիրված են նաեւ ադրբեջանական ընդդիմության առաջնորդները»: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, փոխանցելով քննարկումից ստացած իր տպավորությունը, կարծիք է հայտնել, թե կոմիտեի անդամների շրջանում Ադրբեջանը շատ կողմնակիցներ է ունեցել, ու որ ԵԽԽՎ-ն կողմնակից չէ Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա կիրառելուն կամ պատվիրակությանը մանդատից զրկելուն: Մեկնաբանելով մոնիտորինգի կոմիտեում եղած քննարկումներն ու Ադրբեջանի պատվիրակությանը մանդատից զրկելու հնարավորությունը, ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը, ի տարբերություն Ս. Սեիդովի, չի շտապել կարծիք հայտնել ու առաջարկել է սպասել ԵԽԽՎ նստաշրջանին: «Day.az»-ի փոխանցմամբ, ավելի կոնկրետ է եղել քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի գնահատականը: «Մոնիտորինգի կոմիտեն որոշումներ չի ընդունում: Նա դիտարկումներ է անցկացնում, պատրաստում է առաջարկություններ, իսկ որոշումն ընդունում է ԵԽԽՎ-ն: Առաջին երկու կետերն արդեն արվել են: Հերթը հասել է Ադրբեջանի նկատմամբ վճիռ կայացնելուն: Դա տեղի կունենա ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Իմ կարծիքով, չի բացառվում, որ մեր պատվիրակությանը զրկեն մանդատից, բայց արդեն կես տարի հետո ամեն ինչ կմոռացվի, ու Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին կվերականգնվի: Այդպես արդեն եղել է Ռուսաստանի պարագայում: Եթե մեր պատվիրակությանը ԵԽԽՎ-ում զրկեն մանդատից, ապա խորհրդարանական կրկնակի ընտրությունների ժամանակ, որը կայանալու է հաջորդ տարի 10 ընտրատարածքներում, բոլոր 10 տեղերը կստանան ընդդիմության ներկայացուցիչները»,- կանխատեսել է քաղաքագետը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել