«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցույց է անում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց՝ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով: «Հերթական անգամ ականատեսն ենք լինում նրան, որ կալանավայրում մահանում է ընդդիմադիր գործիչ: Արսեն Գևորգյանը՝ մեր գործընկերը կալանավայրում էր, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչն էր Ստեփանավանում: Փաստորեն, ստացվում է, որ ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեորեն պատժելի է»,- ի թիվս այլնի՝ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը:

The Strong Armenia Party holds a protest outside the Delegation of the European Union to Armenia, demanding “Justice for Arsen Gevorgyan.” Yerevan, Armenia
«Եթե Արսեն Գևորգյանը լիներ ազատության մեջ, ոչ թե կալանքում, մեծ հավանականությամբ այս իրավիճակին չէինք բախվի… Այսօր փաստացի այնպիսի իրավիճակում ենք, որ կալանքը դարձել է պատժի միջոց, մահակ է դարձել այս իշխանությունների ձեռքին:
2018 թ. համեմատ 2026 թ. երեք անգամ կալանքի միջնորդություններն ավելացել են, և գրեթե ամբողջությամբ մեծ մասը դրանց ամբողջովին բավարարվում է… Նախարարն ասում է՝ այո, սրտի կաթվածից մարդիկ մահանում են, բայց ես կրկնում եմ՝ ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավայրում: Սա է հարցը՝ ամենակարևորն ու մեխը այս ամենի: Ինչո՞ւ էր նա կալանավայրում՝ ապօրինի, շինծու մեղադրանքներով: Մարդուն նախ վարկաբեկում են, մարդու պատվի ու բարի համբավի հետ են խաղում, ու նա անազատության մեջ էր գտնվում, և արդյունքում տեսնում ենք, որ ուղղակի մարդկանց սիրտը չի դիմանում այս ամենին:
Հետևաբար՝ բոլորը՝ ամենացածր պաշտոնյայից մինչև ամենավերևինը, պատասխանատու են այս ամենի համար… Հայաստանում ժողովրդավարության մահվան թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետև մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կա սելեկտիվ վերաբերմունք, որը արձանագրված է հենց ԵԽԽՎ զեկույցում, որ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները կատարվում են ընտրողական կերպով»,- ասաց Արեգա Հովսեփյանը:
Կարդացեք նաև
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































