Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի նամակը գլխավոր դատախազին

Դեկտեմբեր 22,2005 00:00

Կեղծիքները բացահայտելու
հարցում միայն Արթուր Բաղդասարյա՞նն է շահագրգռված ՀՅԴ ներկայացուցիչները
սահմանադրական հանրաքվեից հետո միայն մի բանի մասին են խոսում, որ այսօր ունենք ավելի
լավ սահմանադրություն, քան՝ արդեն նախկինը, եւ ամենեւին էլ կարեւոր չէ, թե այդ նորն
ինչպես է ընդունվել՝ կեղծիքների անսպառ քանակո՞վ, թե՞ բացարձակ կեղծիքներով: Սահմանադրական
հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած լցոնումների, կեղծիքների եւ ապօրինությունների
մասով Դաշնակցությունը իրեն կարծես պատասխանատու չի զգում, իսկ կեղծիքների մասին
տեղեկություն ունեցողներին որոշակի հեգնանքով առաջարկվում էր դիմել դատախազություն:
Գրեթե նույն դիրքորոշումն ու վերաբերմունքն է դրսեւորում նաեւ «Հանրապետական» կուսակցությունը:
Այստեղ էլ քմծիծաղով են խոսում սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքների
չափերի մասին եւ նույն բանն են առաջարկում՝ ովքեր ունեն տեղեկություններ՝ թող դիմեն
դատախազություն: Դիմող, ի վերջո, գտնվեց, եւ դա ՕԵԿ-ի նախագահ, Ազգային ժողովի
նախագահ Արթուր Բաղդասարյանն էր: Գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ կոնկրետ
տեղեկություններ եւ փաստեր կան ընտրակեղծիքների եւ լցոնումների դեպքերի մասին: Ահա
մի հատված այդ գրությունից. «Ընտրատեղամասերում քվեաթերթիկների լցոնման փաստերը.
Այդ մասին են վկայում ԵԽԽՎ դիտորդները, որոնք ինձ հետ հանդիպման ժամանակ մատնանշել
են Աջափնյակ համայնքը եւ Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի մեծ թվով տեղամասեր:
Մտահոգություն է հայտնվել նաեւ նկատված լցոնման դեպքերին համապատասխան ընտրողների
ցուցակներում ստորագրությունների կեղծման կապակցությամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում
է Երեւանի թիվ 9/25 տեղամասին, որտեղ քվեաթերթիկների լցոնումն իրականացվել է ՏԸՀ
անդամների կողմից, թիվ 10/28 տեղամասին, ուր լցոնում է իրականացվել մի խումբ երիտասարդների
կողմից` ՏԸՀ 3 անդամի թողտվությամբ, Կենտրոն համայնքի թիվ 10/29, 9/13, 9/14, Էրեբունի
համայնքի թիվ 13/22, 13/23, Վաղարշապատի թիվ 19/20 ընտրատեղամասին: Օրինակի համար
նշենք, որ թիվ 9/14 ընտրատեղամասում, ըստ համապատասխան հաշվարկի, քվեարկությանը մասնակցել
է 220 իրական ընտրող, այնինչ քվեատուփում առկա քվեաթերթիկների թիվը կազմել է 700:
Թիվ 3/05 եւ այլ տեղամասերում ընտրողների ցուցակներում նախ կեղծվել են ստորագրությունները,
ապա կատարվել լցոնումներ: Նմանատիպ պատկեր է արձանագրվել Երեւանի թիվ 10/15 տեղամասում,
ուր քվեարկության ներկայացած ընտրողների իրական թիվը, համաձայն համապատասխան հաշվարկի,
կազմել է 121, իսկ քվեատուփում առկա քվեաթերթիկների փաստացի թիվը` 816: Թիվ 5/22
տեղամասում ժամը 19.00-ի դրությամբ քվեարկության է մասնակցել 200 ընտրող, այնինչ
օգտագործվել է 1300 քվեաթերթիկ: Անօրինական քվեարկության դեպքեր. Արձանագրվել են
ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Կենտրոն համայնքի թիվ 9/25 եւ 9/26 տեղամասերում
ընտրողների ցուցակներում չընդգրկված եւ դատարանի վճռով իրենց ընտրական իրավունքը
չվերականգնած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաեւ այդ տեղամասերում ընդհանրապես քվեարկելու
իրավունք չունեցող քաղաքացիների թույլատրվել է քվեարկել: Սոցիալական քարտերով քվեարկելու
դեպքեր են արձանագրվել Երեւանի թիվ 9/25, 10/21, Վաղարշապատի թիվ 19/16, 19/02, Արմավիրի
թիվ 21/11 տեղամասերում: Վանաձորի թիվ 30/31, 30/32, 30/33 տեղամասերում շրջելով
քվեարկել է 14 անձից բաղկացած մի խումբ, իսկ 9 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ քվեարկել
է թիվ 29/09, 30/25, 30/15 տեղամասերում: Բազմաթիվ են միեւնույն անձանց կողմից միեւնույն
ընտրատեղամասում կրկնակի կամ բազմակի քվեարկելու դեպքերը: Նման դեպքեր են արձանագրվել
Ավանի թիվ 01/01, Կենտրոնի թիվ 10/23, 10/32, Իջեւանի թիվ 41/25, Կենտրոնի թիվ 9/31
տեղամասերում: Միեւնույն անձնագրով մի քանի ընտրողի կողմից քվեարկության դեպքեր են
արձանագրվել Կենտրոնի թիվ 9/25, Վաղարշապատի թիվ 19/09, 19/18, 19/5 տեղամասերում»:
Այս գրությունը երեկ մենք ցույց տվեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանին եւ փորձեցինք ստանալ նրա կարծիքը: Գալուստ Սահակյանը նկատեց, որ գլխավոր
դատախազին այս դեպքում դիմել է ոչ թե ՕԵԿ նախագահը, այլ՝ Ազգային ժողովի նախագահը.
«Այս դեպքում ԱԺ նախագահին պետք է տեսնել ոչ թե «Օրինաց երկրի» նախագահ, այլ՝ Ազգային
ժողովի նախագահ: Կարծում եմ, որ որոշակի քննարկումներ էլ եղան նաեւ ԱԺ-ում եւ ԱԺ-ի
նախագահը ի մի է բերել այն բոլոր կանխատեսվող բողոքները կամ նրանք, որոնք նաեւ մամուլում
են եղել, եւ Ազգային ժողովի կողմից արձագանքել է»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել