Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԵՌ ԲԱԶՈՒՄ ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԵՐ

Դեկտեմբեր 23,2005 00:00

ՌԴ-ում
հայազգի գործարար Մուրադ Սարգսյանը ռուսական մշակույթի վերակենդանացման գործում անգնահատելի
ներդրում ուներ: Ռուսաստանի
Դաշնության շինարարության ասպարեզում մեծ ճանաչում ձեռք բերած ու զգալի ավանդ ներդրած
հայազգի գործարար Մուրադ Սարգսյանը հայրենիքի բարգավաճման գործում էլ է մեծ ներդրում
ունեցել: Նա թե ՌԴ-ում եւ թե հայրենիքում ճանաչված էր որպես բարերար, իր գործի իսկական
գիտակ, բարեկիրթ եւ ինտելեկտուալ մարդ, ընտանիքի լավ հայր ու լավագույն ընկեր: Մուրադ
Սարգսյանը դեռ բազում անավարտ գործեր, ասելիք ու անելիք ուներ, եթե չլիներ վաղաժամ
մահը: Նրա ղեկավարած «Լուսինե» վերականգնողական եւ շինարարական կոնցեռնը կարճ ժամանակահատվածում
հասցրել է վստահություն ձեռք բերել ՌԴ իշխանությունների մոտ: Ընկերությունն իր մի
քանի տարվա գործունեության ընթացքում վերակենդանացրել եւ Ռուսաստանի ճարտարապետության
գանձարան է վերադարձրել պատմական եւ մշակութային արժեք ունեցող մի շարք շենք-շինություններ,
ինչպիսիք են՝ «Տրետյակովյան» պատկերասրահը, ժամանակի կործանիչ ազդեցությունից քայքայված
«Վոլոեւ» դղյակը, Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի շենքը, Գեղարվեստի ակադեմիան եւ
այլ պատմական շենքեր: Բարձրակարգ մասնագետների «ոսկերչական» աշխատանքի շնորհիվ ոչ
միայն վերականգնվել է պատմական շինությունների նախկին տեսքը, այլեւ հնի ու ժամանակակից
ոճերի համադրությամբ դրանք վերագտել են իրենց իրական գեղեցկությունն ու պատմական
տեսքը: Ռուսական մշակույթում մեծ ներդրում ունենալու համար հայորդի գործարարը արժանացել
է ՌԴ եւ քաղաքային իշխանությունների պատվոգրերի եւ շքանշանների: Ինֆորմատիկայի
միջազգային ակադեմիայի ակադեմիկոս-պրոֆեսոր Մուրադ Սարգսյանը ծնվել է 1959 թ. Եղեգնաձորի
Աղավնաձոր գյուղում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Քանաքեռի «Ալյումինի»
գործարանում՝ որպես փականագործ: Ընդունվել եւ ավարտել է Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտը՝
ձեռք բերելով «Ժողովրդական տնտեսության պլանավորում» մասնագիտությունը: Մ. Սարգսյանը
ուսանելու տարիներին զուգահեռ, որպես փականագործ-գործիքավոր, աշխատանքի է անցել «Էլեկտրասարքավորումների»
գործարանում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Կերամիկայի արտադրության» գործարան՝
զբաղեցնելով հերթափոխի պետի, այնուհետեւ «Շինանյութի» գործարանում՝ տեղամասի ղեկավարի
պաշտոնները: 1990 թ. 19 բարձրակարգ մասնագետների թվում Մուրադ Սարգսյանը հրավիրվում
է Մոսկվա՝ «Տրետյակովյան» պատկերասրահի վերականգնողական աշխատանքներին մասնակցելու:
Այդ ժամանակաշրջանը համընկնում է ԽՍՀՄ փլուզման տարիների հետ, եւ որպեսզի սկսած գործը
կիսատ չմնա, նա հավաքագրում է հայ շնորհալի մասնագետների եւ հիմնադրում «Շինանյութ»
կոոպերատիվը՝ ստանձնելով նորաբաց ձեռնարկության տնօրենի պատասխանատու պաշտոնը: 1992-ին
էլ Մ. Սարգսյանը հիմնադրում է «Լուսինե» ընկերությունը, որը հետագայում ընդլայնվելով
վերածվում է կոնցեռնի՝ շարունակելով սկսած գործը: Օտար ափերում հայորդի գործարարն
իր շուրջն է համախմբում հայազգի մասնագետների: Այսօր ընկերությունում աշխատում են
ավելի քան 100 բարձրակարգ մասնագետներ: Ի թիվս այլ աշխատանքների՝ Մ. Սարգսյանը Մոսկվայում
հայկական ճարտարապետական լուծումներով կառուցել է «Արարատ» հյուրանոցը, որն իր շքեղությամբ
չի զիջում քաղաքի նմանատիպ շինություններին: Գործարարը Մոսկվայում նախաձեռնել էր
նաեւ հայկական տաճարի կառուցումը, որը պետք է լիներ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի
հայկական թեմի առաջնորդի նստավայրը: Այն չնայած դեռեւս կիսակառույց է, սակայն արդեն
ծառայում է իր նպատակին: Մուրադ Սարգսյանը մի եկեղեցի էլ իր հայրենի գյուղում է կառուցել:
Նա վերականգնել է նաեւ Աղավնաձորում գտնվող Մոմիկի կառուցած եկեղեցիներից մեկը: Մեծ
հայորդին իր կյանքի ընթացքում օրինակ է ծառայել բոլորի համար: Վաղաժամ մահվանից հետո
էլ նրա ապրած կյանքը ուղեցույց կդառնա շատերին: Մուրադ Սարգսյանը մինչ օրս աշխատել
է անմնացորդ նվիրումով եւ պատասխանատվության մեծ զգացումով՝ արժանանալով աշխատակիցների
ու հասարակության ջերմ համակրանքին: Աշխատանքային գործունեության ընթացքում նա առանձնացել
է իր սկզբունքայնությամբ, կամային հատկանիշներով, անսահման աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ:
Մ. Սարգսյանի հիշատակը հավերժ վառ կմնա նրա կոլեկտիվի, ընկերների, ընտանիքի եւ բոլոր
ճանաչողների սրտերում: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել