Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 08,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ ԴԱԺԱՆ ԿԱՏԱԿ – Լավ էլ փիլիսոփայում ես,- ասացի ես: – Հա,- ասաց Լիզան.- փիլիսոփայելու հակումներ ունեմ: – Հակումներից չի: – Բա ինչի՞ց է: – Համալսարանի մակարդակից: – Նեղացար, հա՞: – Ինչի՞ց: – Որ ասացի՝ մանկավարժականն անմակարդակ տեղ է: – Ես մանկավարժականի ռեկտորը չեմ, որ նեղանամ: – Համենայնդեպս՝ էդ ինստիտուտն ես ավարտել: – Մեկ ա՝ չե՛մ նեղանում: – Ես շատ եմ ուզում, որ նեղանաս: – Ինչի՞: – Որովհետեւ նեղացած վիճակում ավելի՛ հետաքրքիր ես,- ժպտաց Լիզան.- նեղացած վիճակում ինձ ավելի՛ ես դուր գալիս: – Դու ինձ հենց էսպե՛ս ես դուր գալի,- ասացի ես: – Ինչպե՞ս,- հարցրեց Լիզան: – Երբ որ ժպտում ես,- ասացի ես՝ դարձյալ իր ձեռքը բռնելով: – Եթե իմանամ էդպես է՝ ավելի՛ շատ կժպտամ,- շարունակեց ժպտալ Լիզան: – Մի՛շտ ժպտա,- ասացի ես.- քեզ շատ ա սազում: – Ա՛յ էդպիսի բաներ ասա, որ ինձ լավ զգամ,- շարունակեց ժպտալ Լիզան: – Կասեմ,- ասացի ես՝ իր ձեռքը սեղմելով: – Ձեռքերդ հեռո՛ւ Վիետնամից,- հանկարծակի լրջանալով՝ գոռաց Լիզան: – Ի՞նչ,- ցնցվեցի ես: – Ասում եմ՝ ձեռդ քե՛զ քաշի: – Էդ տեսակ բաներ մի՛ ասա, որ ինձ լավ զգամ,- ասացի ես: – Վախենում եմ,- ասաց Լիզան: – Ինչի՞ց ես վախենում: – Առաջին տարբերակից. վախենում եմ՝ առաջին տարբերակի վրա կանգ առնես: – Էդ առաջին տարբերակի մասին արդեն մոռացել էի,- ասացի ես.- իզուր էլ հիշեցնում ես: – Էլի՛ մոռացիր,- ասաց Լիզան.- կատակ էի անում: – Հասկացա, որ կատակ ես անում: – Թե չէ՝ ձեռքս որ բռնել ես, առանձնապես սարսափելի չի, մանավանդ որ՝ էս սրճարանում մեր գյուղից մարդ չկա: Մենակ թե՝ մտքովդ վատ բաներ չանցկացնես: – Մտքովս մենակ լավ բաներ են անցնում: – Լավն ու վատն է՛լ են հարաբերական,- ասաց Լիզան.- մեկի համար վա՛տն է լավը, մյուսի համար՝ ընդհակառակը: – Ճիշտն ասած, էդ առաջին տարբերակն էլ առանձնապես սարսափելի չի: – Երեւի սարսափելի չի, բայց ես էդ տարբերակի հետ ոչ մի կապ չունեմ: – Բա խի՞ էիր մի գլուխ էդ տարբերակից խոսում: – Որ հանկարծ մտքովդ ուրիշ բաներ չանցնեն: – Մտքովս ի՞նչ պիտի անցներ: – Դե, ջահել տղա ես, տնից դուրս ես եկել ու հանկարծ… – Ես ոչ թե տնից էի դուրս էկել, այլ՝ գարեջրատնից: – Գարեջրատանն ի՞նչ էիր անում: – Գարեջրատանն ի՞նչ են անում: – Խմում են: Այսինքն՝ հիմա խմած ե՞ս: – Շատ քիչ: – Շատ քիչ՝ ինչքա՞ն: – Էրկու բակալ պիվա: – Մենակ էի՞ր խմում: – Չէ. ընկերներիս հետ: – Խմած ես, դրա համար էլ իրար չենք հասկանում: – Շատ լավ էլ հասկանում ենք: – Եթե խմած չլինեիր, երեւի Շիրազի գրքի հետ կապված էդ խոսակցությունն էլ չբացեիր: – Շատ հնարավոր ա: – Բայց Կինոյի տան մոտ արդեն քեզ ժպտացել էի, չէ՞: – Կոշիկի՛ տան մոտ: – Հա: Արդեն ժպտացել էի, չէ՞: – Հետո՞ ինչ: Դրանով ի՞նչ ես ուզում ասես: – Ուզում եմ դո՛ւ ասես: – Ես ի՞նչ ասեմ: – Էդ ժպտալս է՞ր պատճառը, որ Շիրազի գրքի մասին խոսակցություն բացեցիր, թե՞… – Թե՝ ի՞նչ: – Թե՞ խմածդ գարեջուրը: – Հաստատ չեմ կարա ասեմ. երեւի էրկուսն է՛լ: – Այսինքն, եթե խմած չլինեիր՝ Շիրազի գրքի մասին խոսակցություն չէի՞ր բացելու: – Հիմի երեւի Շիրազի ականջները վառվում են,- ասացի ես: – Շիրազի ականջները չգիտեմ, բայց ես հաստատ վառվում եմ: – Ինչի՞ց: – Հետաքրքրասիրությունի՛ց: Ստացվում է, որ եթե խմած չլինեիր՝ ինձ չէի՞ր խոսացնելու: – Որ իմանամ ի՞նչ ես ուզում, որ ասեմ՝ կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ես ուզում, որ ասեմ՝ ո՞նց ասեմ: – Ես լուրջ բան եմ հարցնում, դու կատակի ես վերածում: – Կատակ չես անո՞ւմ: – Բացարձակապե՛ս: Ես միանգամայն լուրջ եմ խոսում եւ ուզում եմ, որ դու էլ լուրջ խոսես: – Լուրջ ասե՞մ: – Ո՛չ միայն լուրջ, այլեւ՝ անկեղծ: – Անկեղծ ասած՝ որ հարուր անգամ էլ ժպտայիր, մեկ ա՝ քեզ չէի խոսացնի, եթե… – Եթե խմած չլինեի՞ր: – Եթե քեզ չհավանեի: – Այսինքն, ուզում ես ասես՝ ինձ հավանո՞ւմ ես: – Հա: Հենց է՛դ եմ ուզում ասեմ: – Այսինքն, ուզում ես ասես՝ չաղ աղջկերք ե՞ս սիրում: – Ուզում եմ ասեմ՝ սիրուն աղջկերք եմ սիրում: – Ուզում ես ասես՝ սիրո՞ւն եմ: – Ոչ թե ուզում եմ ասեմ, այլ՝ ասում եմ. շա՜տ սիրուն ես: – Կատա՞կ ես անում, թե՞ լուրջ ես ասում: – Ո՛չ միայն լուրջ, այլեւ՝ անկեղծ: – Հասկացա. ձե՛ռ ես առնում,- կարմրեց Լիզան՝ ափիս միջից փախցնելով իր փամփլիկ թաթիկը, որը, փաստորեն, էդ ողջ ընթացքում մոռացել ու թողել էր ափիս մեջ: – Լրիվ լուրջ եմ ասում,- ասացի ես: – Շատերի՞ն ես էդպիսի լուրջ բաներ ասել: – Իզուր ես շատերի հետ համեմատվում: – Ճիշտ ես ասում, որ շատերի հետ չեմ կարող համեմատվել. շատ չաղ եմ, չէ՞: – Էնքան չաղ չես՝ ինչքան քեզ ա թվում: – Ես ոչի՛նչ, ասա՝ ուրիշների՛ն չթվա: – Ուրիշներին ուրի՛շ բան ա թվում: – Ի՞նչ է թվում: – Ուրիշներին թվում ա, որ շատ սիրուն ես: – Ասում ես՝ թվո՞ւմ է. ես էլ կարծեցի՝ իսկապե՛ս սիրուն եմ: – Իսկապես սիրուն ես: – Սիրո՞ւն եմ, թե՞ պարզապես թվում է: – Իզո՛ւր ես բառերից կախվում: – Բա ինչի՞ց կախվեմ: Քո ասած բառն եմ ասում: – Էրեւում ա՝ շատ հուզվեցիր: – Ինչի՞ց: – Որ ասեցի՝ քեզ հավանել եմ: – Հուզվելը հուզվեցի, բայց հավանելդ ոչ մի կապ չունի: – Բա ի՞նչը կապ ունի: – Որ ասացիր՝ շատ սիրուն եմ: – Ճիշտ եմ ասել: Որ սիրուն ես, ո՞նց ասեմ՝ սիրուն չես: – Շատ ճոխ լեզու ունես. օձին բնից կհանես: – Վիրավորում ես: – Ավելի ճիշտ՝ խոզի՛ն բնից կհանես։ – Ավելի՛ փիս ես վիրավորում։ – Լավ եմ անում: Ես ի՛նձ եմ վիրավորում. քեզ չե՛մ վիրավորում: – Քեզ վիրավորելուց հաճո՞ւյք ես ստանում: – Հա. շատ մեծ հաճույք եմ ստանում: Ասում ես՝ ուրիշ ինչ է թվո՞ւմ: – Ինձ թվում ա, որ քեզ թվում ա, թե շատ չաղ ես: – Տատս, փաստորեն, ճիշտ էր ասում: – Տատդ ի՞նչ էր ասում: – Էս ամառ որ գյուղում էի, ու որ ամեն օր դիետա էի պահում, տատս ասում էր՝ ա՛յ ախչի, քեզ էդքան մի՛ կոտորի. տղամարդկանց մեջ չաղ սիրողներն ավելի՛ շատ են: – Շատ ճիշտ ա ասել: Էրեւում ա՝ տատդ մեծ փորձ ունի: – Տատիս չվիրավորե՛ս: Ինձ որ վիրավորում ես, դա չի՛ նշանակում, որ տատիս էլ կարող ես վիրավորել: – Քե՞զ երբ եմ վիրավորել: – Անցած լինի: Փաստորեն, տատս ամեն ինչ ճիշտ էր ասում: – Ուրիշ բան էլ է՞ր ասում: – Հա: Ասում էր՝ էդ քաղքցիքի առաջ շատ չխեղճանաս. քեզ հպարտ կպահես: – Քեզ լավ էլ հպարտ ես պահում. փաստորեն, տատիդ խորհուրդը լավ ես կատարում: Տատդ, էրեւում ա, շատ իմաստուն կնիկ ա: – Էդ հարցում քեզ հետ լրիվ համաձայն եմ: – Տղամարդկանց ու չաղերի իմաստով է՛լ ա շատ ճիշտ ասել: Կարեւորը ո՛չ թե չաղությունն ա, այլ՝ սիրունությունը: Օրինակ, ձեր կուրսի Կառան նիհար ա, բայց… – Մեր կուրսի Կառային հանգի՛ստ թող: Հասկացանք, որ կմախքների գծով թուլություն ունես: – Ես լրիվ հակառա՛կն էի ուզում ասեմ: – Հակառակն է՛լ մի ասա. իրեն հանգի՛ստ թող: Դու է՛ն ասա՝ իսկապե՞ս եմ սիրուն, թե՞ քեզ թվացել է: – Չաղն ու նիհարը մի կողմ, բայց շատ սիրուն ես: – Սիրուն մի՛ ասա: – Բա ի՞նչ ասեմ: – Ասա՝ գեղեցիկ: Սիրունը մի տեսակ պլստան բառ է. որ սիրուն ես ասում, թվում է՝ սուտ ես ասում: – Գեղեցիկն էլ շա՜տ բանասիրական բառ ա: – Ոչինչ. դու գեղեցի՛կ ասա՝ թող բանասիրական լինի: – Գեղեցիկ,- ասացի ես: – Այսի՛նքն: – Այսինքն՝ դու շա՜տ գեղեցիկ աղջիկ ես, Լի՛զըչկա: – Փաստորեն, տատս ճիշտ էր ասում: – Տատդ չգիտեմ, բայց ես հաստատ ճիշտ եմ ասում: – Լուրջ ե՞ս ասում: – Համ լուրջ եմ ասում, համ էլ՝ անկեղծ: – Էդպիսի անկեղծ բաներ շա՛տ ասա: – Հաճելի ա՞: – Հա: Էսօր առավոտ փոշմանել էի, որ գյուղից շուտ եկա, բայց հիմա արդեն մտածում եմ, որ շատ էլ ճիշտ եմ արել: – Շատ ճիշտ ես արել: Ուզո՞ւմ ես՝ մի հատ է՛լ անկեղծ բան ասեմ: – Հա: Ես շատ եմ սիրում, երբ հետս անկեղծ են խոսում: – Սոված չե՞ս: – Էն էլ ո՜նց,- ծիծաղեց Լիզան:- Առավոտից բերանս մի կտոր բան չեմ դրել. իմ արեւին՝ դիետա եմ պահում: – Ի՞նչ ուտենք: – Էֆենդու մոտ ուտելու բան ընդհա՛նրապես չկա: Ինքն էստեղ միայն սուրճ է տալիս, մեկ էլ՝ լիմոնադ: Երեւի ուրիշ տեղ գնանք: – Կոֆեդ խմի՛ ու գնանք: – Խոսելով ընկանք՝ սուրճը լրիվ մոռացանք: – Ես իմը խմել եմ,- ասացի ես:- Ուզո՞ւմ ես՝ դու հանգիստ կոֆեդ խմի, ես գնամ՝ ուտելու բան բերեմ: Էֆենդին կթողնի՞, որ էստեղ ուտենք: – Ի՞նչ պիտի ասի,- ասաց Լիզան:- Համ էլ՝ ինքն ինձ շատ է հավանում: – Հաստա՞տ: – Հա: Ինքն է՛լ է երեւի քո ճաշակին: – Ուրեմն՝ ընկերս ա,- ասացի ես: – Ճաշակին ընկեր չկա,- ծիծաղեց Լիզան: – Պարզվում ա՝ սրամիտ է՛լ ես: – Դե գնա՛,- ասաց Լիզան.- որ ուտելիքից խոսեցիր՝ ավելի՛ սովածացա: – Շուտ կգամ,- ասացի ես՝ տեղիցս վեր կենալով: – Երբ ուզում ես արի, միայն թե՝ դատարկ ձեռքով չգաս,- ասաց Լիզան.- էս անտեր դիետա՞ն ինչ մեղքս էր: Ես համարյա վազելով իջա Կոմայգի, որտեղ մշտապես ֆուտբոլի սիրահարներն էին հավաքվում եւ առավոտից իրիկուն ֆուտբոլից էին ասում-խոսում ու վիճում: Ես է՛լ էի շատ հաճախ իրենց հետ ֆուտբոլից ասում ու խոսում, մանավանդ է՛դ տարի, քանի որ աշխատանք չունեի ու պարապ էի, բայց էդ պահին իրենց կողմ չնայեցի, քանի որ ուզում էի վայրկյան առաջ ուտելիք հասցնել քաղցած Լիզային: Կոմայգու էդ ֆուտբոլասերների շրջանում արդեն լիքը ծանոթներ ունեի, եւ երբ իրենց կողքով սուրացի՝ մեկը հետեւիցս գոռաց. – Էդ ո՞ւր ես վազում, ա՛յ Արմեն: – Բարեւ, Դերո՛ ջան,- շրջվելով՝ ասացի ես: – Էդ ո՞վ ա հետեւիցդ ընկել,- հարցրեց Դերոյի կողքին կանգնած Արամը: – Բարեւ, Արա՛մ ջան,- ասացի ես: – Էրեկվա խաղը ո՞նց էր. մերոնք լավ սատկացրին, չէ՞,- հարցրեց Արամը: – Ի՞նչ խաղ,- զարմացա ես: – Չհասկացա,- զարմացավ Արամը.- մերոնց խաղը չես նայե՞լ: – Ես քեզ չասեցի՞, որ Արմենի աբոնեմենտի տեղը դատարկ էր,- ասաց Դերոն: – Հասկացանք,- ասաց Արամը.- բայց տելեվիզորով է՞լ չի նայել: – Չէ,- ասացի ես.- էրեկ սաղ օրը ուտել-խմելու գործով էի: – Մենակ-մենակ, հա՞,- ասաց Դերոն: – Պատահական ստացվեց, Դերո՛ ջան,- արդարացա ես: – Կարող ա՞ էրեկվա խաղի հաշիվն էլ չգիտես,- հարցրեց Արամը: – Չէ,- ասացի ես.- նույնիսկ չէի հիշում, որ ֆուտբոլ կա: – Պատկերացնում եմ՝ ինչքան ես խմել,- ասաց Դերոն: – Մենակ-մենակ,- ասաց Արամը: – Մերոնք չորսով զրո սատկացրին,- ասաց Դերոն: – Հաստա՞տ,- ուրախացա ես: – Բա էս ո՞ւր էիր վազում,- հարցրեց Դերոն: – Վռազ գործ կա,- ասացի ես: – Կարող ա՞ գործի ես ընդունվել,- հարցրեց Արամը: – Չէ,- ասացի ես: – Ուրեմն՝ էլի ուտել-խմելու գործ ա,- ասաց Դերոն: – Չէ,- ասացի ես:- Մեկի հետ ժամադրված եմ: – Աղջկա հաշիվ ա՞,- հարցրեց Արամը: – Համարյա,- ասացի ես: – Էլի մենակ-մենա՞կ,- ծիծաղեց Արամը: – Աղջկա հարցը հասկանալի ա,- ասաց Դերոն,- բայց որ ուտել-խմելու գործերն ա առանց մեզ անում, էդ մեկը հեչ ներելի չի: – Դե լավ, ես գնամ. ուշանում եմ,- ասացի ես: – Գնա՛, Արմո՛ ջան,- ասաց Դերոն: – Կերեւա՞ս,- հարցրեց Արամը։ – Էլ էսօր ո՞նց կերեւա,- ասաց Դերոն.- մինչեւ էդ աղջկան հորով-մորով անի… – Դե լավ, ես գնացի,- ասացի ես ու վազեցի դեպի «Մասիս» ռեստորան, որը, եթե հիշում եք, հիմիկվա ֆրանսիական դեսպանատան տեղում էր, եւ, եթե հիշում եք, էդ շենքի առաջին հարկում քյաբաբանոց կար, որտեղ հրաշալի քյաբաբ էին պատրաստում: Ես նաեւ Էֆենդուն նկատի ունենալով՝ երեք բաժին քյաբաբ պատվիրեցի, ու մինչեւ հերթս հասավ՝ մոտ կես ժամ անցավ, եւ լավաշով ու ցելոֆանով փաթաթած երեք բաժին քյաբաբը վերցնելով՝ ո՛չ թե Կոմայգով դուրս եկա, այլ, որպեսզի նորից Դերոյին ու Արամին դեմ չառնեմ, Կոմայգին շրջանցեցի ու Կիրովի այգու կողմով սլացա դեպի Էֆենդիանոց, ու Լիզային սրճարանում չգտնելով՝ Էֆենդուն հարցրի. – Էս Լիզան ո՞ւր ա, Էֆենդի՛: – Ե՛ս պիտի քեզ հարցնեմ. իրար հետ չէի՞ք,- զարմացավ Էֆենդին: – Չէ,- ասացի ես.- մի քանի րոպեով տեղ գնացի, բայց ինքը պիտի սպասեր ինձ: – Պայմանավորվե՞լ էիք, որ քեզ սպասեր: – Հա. ինքը պիտի սպասեր՝ մինչեւ գայի: – Բա խի՞ ա գնացել: – Եսի՞մ: – Հիմիկվա աղջկերքը ծտի պես բան են,- ասաց Էֆենդին.- հենց ձեռդ գլխներից քաշում ես՝ թռնում են: – Ճիշտ ես ասում,- ասացի ես:- Ինչքա՞ն պիտի վճարեմ: – Ի՞նչը ինչքան պիտի վճարես: – Կոֆեների համար: – Ի՞նչ կոֆեներ: – Իմ ու Լիզայի խմած կոֆեները: – Ձեր խմած կոֆեների հաշիվն ինքն արդեն փակել ա: – Ո՞վ ա փակել: – Լի՛զըչկան: Ուրիշ ո՞վ պի տի փակեր: – Բա խի՞ վերցրիր: – Դու չկայիր, որ քեզնից վերցնեի: – Լավ չեղավ,- ասացի ես: – Հաշիվը փակելու իմաստով ե՞ս ասում: – Ամեն ինչի իմաստով եմ ասում։ – Ա՜խ, բատոնո Արմենակ, դու մնացիր մենմենակ,- ժպտաց Էֆենդին: – Հա,- ծիծաղեցի ես: – Պիտի ձեռդ առավոտից իրիկուն գլխներին պահես, Արմենակ ջան,- ասաց Էֆենդին:- Ես հեչ քառասուն տարվա պառավիս վրա դավերիա չունեմ: – Աստված իրա հետ,- ասացի ես: – Աստված ո՞ւմ հետ. պառավի՞ս: – Համ պառավիդ, համ էլ՝ Լիզայի: – Կարող ա խերն էլ էս էր,- ասաց Էֆենդին: – Դե լավ, ես գնամ,- ասացի ես: – Ո՞ւր ես գնում,- զարմացավ Էֆենդին: – Էլ մնամ՝ ի՞նչ անեմ,- ասացի ես ու արդեն մտածում էի, որ կիջնեմ Կոմայգի, Դերոյի ու Արամի հետ մի շիշ բան կառնենք ու հալալ հաց կուտենք: – Մնա՛,- ասաց Էֆենդին.- մեկ էլ տեսար՝ էկավ: – Ո՞վ,- զարմացա ես: – Լի՛զըչկան,- ասաց Էֆենդին:- Հիմիկվա աղջկերքից ո՞վ ա գլուխ հանում: – Գնամ,- ասացի ես, ու աչքիս առաջ արդեն Դերոյի ու Արամի պայծառացած դեմքերն էին: – Մի րոպե՛, Արմենա՛կ,- հետեւիցս գոռաց Էֆենդին, երբ արդեն հասել էի սրճարանի դռանը: – Հա,- շրջվելով՝ ասացի ես: – Նստի տե՛ղդ,- հրամայեց Էֆենդին:- Հես ա ուր-որ ա՝ կգա: – Ո՞վ կգա,- զարմացա ես: – Լի՛զըչկան: – Ո՞նց կգա: – Հանաք էի անում,- մեղավոր ժպտաց Էֆենդին.- հեչ հանաքի չես դիմանում: – Ի՞նչ իմաստով էիր հանաք անում: – Լիզըչկայի՛ իմաստով: Ինքն ասեց, որ մի քանի րոպեից կգա: – Հաստա՞տ: – Հարո՛ւր տոկոսով: Համ էլ՝ ինքն ինձ ասեց, որ քեզ ասեմ՝ սպասես: – Լուրջ ե՞ս ասում, թե՞ էլի հանաք ես անում: – Հիմի արդեն լրիվ լուրջ եմ ասում,- ասաց Էֆենդին։- Հանաքիցս հո չնեղացա՞ր: – Չէ: Շատ լավ ա, որ հանաք էր: – Մի մոմենտ ոնց որ շատ ուժեղ հուզվեցիր,- ասաց Էֆենդին: – Ավելի շատ զարմացա, քան հուզվեցի,- հանգստացած ասացի ես: – Լավ էլ հուզվեցիր: Հարուր տարվա վոժդ եմ. էդ բաները լավ եմ հասկանում: – Ավելի շուտ՝ զարմացել ու շշմել էի: – Էդ հուզվել որ ասում եմ՝ դրա մեջ զարմանալն ու շշմելն է՛լ են մտնում, համ էլ՝ մանթռաշն ու էլի ուրիշ բաներ: – Հա. մի մոմենտ շատ ուժեղ մանթռաշ ընկա: – Փաստորեն, շատ դաժան կատակ արեցի,- մեղավոր ժպտաց Էֆենդին: – Կարեւորն է՛ն ա, որ կատակ էր,- ժպտացի ես: – Դու շատ ջահել ես. էս տեսակ հանաքներին կարա՛ս դիմանաս: – Հանաքից հըլը մարդ չի մեռել,- ասացի ես: – Ըտենց մի՛ ասա. տարիքով մարդու հետ էս տեսակ հանաք որ անես, կարա ինֆարկտ է՛լ ստանա: – Հեչ փորձել ե՞ս,- ծիծաղեցի ես: – Հանաք ե՞ս անում: – Մեկ-մեկ էլ մենք հանաք անենք: – Ես տարիքով մարդկանց հետ համարյա չեմ շփվում՝ ո՛չ հանաքով, ո՛չ էլ՝ լրջով,- ասաց Էֆենդին:- Ես հիմնականում ջահելների հետ եմ շփվում, որովհետեւ ինձ ջահել եմ համարում: – Քանի՞ տարեկան ես: – Յոթանասուն տարեկան ջահել տղա եմ: Կարեւորը՝ հոգի՛դ պիտի ջահել պահես, բատո՛նո Արմենակ: Հոգո՛վ պիտի ջահել մնաս: – Բա ո՞նց ես անում, որ հոգիդ ջահել ես պահում: – Քո ու Լիզըչկայի պես ջահելների հետ շատ եմ շփվում, դրա համար էլ հոգիս ջահել ա մնում: Հասկացա՞ր: – Հիմի հասկացա: – Որ իմ պես բիձեքի հետ շփվեի՝ ոտներս շուտվանից տնկած կըլնեի: Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ մտքերս է՛լ ջահելների մտքերի հետ ավելի՛ են բռնում, քան թե՝ իմ թայերի: Իմ թայերի հետ վաբշե չեմ իմանում ինչից խոսամ: – Եթե ջահելների հետ քեզ լավ ես զգում, ուրեմն՝ դու է՛լ ես ջահել: – Ճիշտը որ ուզում ես իմանաս՝ էս հանաքներն է՛լ են ինձ ջահել պահում: Լենինը, փաստորեն, շատ ճիշտ ա ասել: – Ի՞նչ ա ասել: – Լենինն ասել ա՝ ծիծաղը լավ է մարդուն: Ինքը շատ խելոք մարդ ա էղել. որ հաստատ չիմանար՝ չէ՛ր ասի: – Երեւի հաստատ ա իմացել: – Ասում են՝ ծիծաղը երկարացնում ա մարդու կյանքը: – Բա ինքը խի՞ երկար չի ապրել: – Ո՞վ երկար չի ապրել: – Լենինը: – Չգիտե՞ս, թե՞ քեզ չիմացողի տեղ ես դնում,- խորամանկ ժպտաց Էֆենդին: – Ի՞նչը չգիտեմ: – Չգիտե՞ս, որ ինքը անմահ ա: – Անմահն անմահ ա, բայց, փաստորեն, քեզանից տասնվեց տարի պակաս ա ապրել: – Ի՞նչ տասնվեց. ես մինիմում երեսուն տարի էլ հըլը ունեմ: – Այսինքն, էրկու անգամ իրանից ավել պիտի ապրես: – Կամաց խոսա. ըստեղի էս պատերն է՛լ ականջ ունեն,- դատախազության շենքը ցույց տալով՝ ասաց Էֆենդին: – Հասկանալի ա,- ասացի ես: – Մեր էս կաֆեն է՛լ ա իրանց բալանսի մեջ մտնում: Հանկարծ մեր գլխավերեւում փայլատակեց Լիզայի շողշողուն դեմքը: – Շուտ ե՞ս հայտնվել,- ինձ տեսնելով՝ չկարողացավ ուրախությունը թաքցնել Լիզան: – Հա,- ասացի ես: – Արդեն ընկերդ վատանում էր, Լի՛զըչկա,- ասաց Էֆենդին.- արդեն ուզում էինք շտապօգնություն կանչենք: – Ի՞նչ է պատահել,- զարմացավ Լիզան: – Պարզվում ա՝ էս մեր Արմենակը հեչ հանաքի չի դիմանում,- ծիծաղեց Էֆենդին: – Ի՞նչ է պատահել,- նորից հարցրեց Լիզան: – Պարզվում ա՝ մեր Արմենակը շատ քնքուշ հոգի ունի,- ասաց Էֆենդին.- իզուր ես հետը էդքան կոպիտ վարվում: – Ո՞վ է կոպիտ վարվում,- զարմացավ Լիզան: – Կոպիտ վարվելը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Էֆենդին.- էս մի ժամից ավել ա՝ կորել ես: – Ի՛նքն է կորել,- ժամացույցին նայեց Լիզան.- ուղիղ մի ժամ է՝ ի՛նքը չկա: – Դե լավ, կիսովի բարիշենք,- ծիծաղեց Էֆենդին.- կես ժամ մեկդ կորավ, կես ժամ՝ մյո՛ւսդ: – Ես մեղք չունեմ,- արդարացա ես.- մինչեւ էս քյաբաբը սարքեցին՝ կես ժամից ավել քաշեց: – Ի՞նչ քյաբաբ,- աչքերը պսպղացրեց Լիզան: – Սովորական քյաբաբ,- ասացի ես:- Դժգոհ ե՞ս: – Ի՞նչ դժգոհ,- ուրախացած բացականչեց Լիզան.- էս մի ժամ ուշանալդ մենակ էս քյաբաբով կարող էիր արդարացնել: – Կես ժամ,- ասացի ես:- Մինչեւ հերթս հասավ՝ կես ժամ քաշեց: – Որտեղի՞ց ես առել,- հարցրեց Լիզան: – «Մասիս» ռեստորանի տակից,- ասացի ես: – Ես միշտ ասել եմ, որ էդտեղի քյաբաբին ոչ մի քյաբաբ չի հասնի,- ասաց Էֆենդին: – Հիմա կստուգենք,- ափերը շփեց Լիզան: – Ձեզ բարի ախորժակ,- տեղից վեր կենալով՝ ասաց Էֆենդին: – Էդ ո՞ւր, Էֆենդի,- գոռացի ես: – Կլիենտներս ինձ են սպասում,- ասաց Էֆենդին: – Բա քյաբա՞բը,- ասացի ես: – Ի՞նչ քյաբաբ,- զարմացավ Էֆենդին: – Քո բաժինն ո՞վ պիտի ուտի,- ասացի ես:- Երեք բաժին եմ վերցրել: – Դրանց երեք բաժինը լավ գիտեմ,- Լիզային նայելով՝ ասաց Էֆենդին.- ձեր երկուսիդ հազիվ կշտացնի: – Բա նոր գովում էիր,- ասաց Լիզան: – Որակի՛ իմաստով էի գովում, ո՛չ թե քանակի,- ասաց Էֆենդին.- քաշի մեջ միշտ էլ որոշ չափով քյաֆ են էթում. ձեռներն արդեն վարժվել ա: – Չաղությանս մի՛ նայի, Էֆենդի՛. ես իմ մի բաժինն է՛լ վայ թե լրիվ չուտեմ,- ասաց Լիզան: – Մինչեւ մեզ չմիանաս՝ չենք սկսի,- ասացի ես: – Դե լավ,- համաձայնվեց Էֆենդին.- էս կլիենտներիս կոֆե տամ՝ գամ: – Սպասում ենք, Էֆենդի՛,- ասաց Լիզան: Գլուխ քսանութերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել