Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼԼԻՆ» ԱՐԴԵՆ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ

Հուլիս 07,2006 00:00

Իսկ
ընկերությունը չի կարող վերահսկել իր անունից գործող խարդախներին Արդեն քանի
ամիս է՝ զանգում են «ՎիվաՍելլի» բաժանորդներին, ներկայանում ընկերության անունից
եւ համոզիչ ձայնով ու տոնով վստահեցնում, որ «դուք հաջողակ բաժանորդ եք, քանի որ
ձեր վերջին վերալիցքավորման քարտի համարով շահել եք 107 հազար դրամ եւ մեկ համակարգիչ.
շահումը վավերացնելու համար անհրաժեշտ է 10-15 րոպեի ընթացքում վերալիցքավորման 4500
դրամանոց քարտ գնել եւ ծածկագրի թվերը ձեր հեռախոսի վրա գրանցված համարով թելադրել»:
Ուրախությունից խուճապահար բաժանորդները համակարգչի եւ խոշոր գումարի մասին լսելով՝
շտապ գնում են քարտերը, դրանց ծածկագրերը թելադրում ընկերության «ներկայացուցչին»,
հետո այլեւս շահումը ստանալու համար նրանց հետ կապվել չի լինում. այդ հեռախոսահամարը
պատասխանում է՝ «ձեր հավաքած համարը գոյություն չունի»: «ՎիվաՍելլի» կեղծ
աշխատակիցներից արդեն տուժել են հարյուրավոր քաղաքացիներ: Նրանցից մեկը, որը աշխատում
է «Հայփոստում», նույնպես հավատացել է չափազանց բարեկիրթ թվացող, «ՎիվաՍելլի» գովազդային
գործակալ ներկայացած տղամարդուն, ու մտքում արդեն պլանավորելով, թե համակարգիչը տան
որ սենյակում է տեղադրելու եւ գումարն էլ ինչ նպատակով է ծախսելու՝ առանց մի րոպե
անգամ վարանելու, պարտքով ընկերուհիներից 4500 դրամ է խնդրել ու ծածկագիրը թելադրել՝
շահումը «Հայէկոնոմբանկի» ցանկացած մասնաճյուղից իբր ստանալու համար: Ավելին՝ գործընկերները
հայկական տարբերակով նրանից մաղարիչ են պահանջել ու հաջողակի հաշվին իրենց «պերերիվը»
քյաբաբով ու խորովածով արել: Կեղծարարների զոհ է դարձել նաեւ Երեւան քաղաքի
բնակիչ Գայանե Առաքելյանը, որը «ՎիվաՍելլի» գովազդային գործակալի նշած 15 րոպեների
մեջ տեղավորվելու համար նույնիսկ տաքսի է պատվիրել՝ ամուսնուց փող ուզելու եւ վերալիցքավորման
քարտով շահումը վավերացնելու համար: «Ես տանն էի, մեկ էլ մեկը զանգեց, թե ես «ՎիվաՍելլից»
եմ, անունս՝ Կարեն Մինասյան, մեր ընկերության անցկացրած խաղարկության արդյունքում
դուք շահել եք Pentium-4 եւ 107 հազար դրամ: Էնքան վստահելի էր խոսում, որ հավատացի:
Իր համարը 093506217 է, բայց վերալիցքավորման քարտի ծածկագիրը թելադրելուց հետո այդ
համարով ինչքան զանգում եմ՝ չի պատասխանում»,- պատմեց տուժած բաժանորդը: Ի դեպ, խարդախները,
տեսնելով Գ. Առաքելյանի ոգեւորությունը, առիթը բաց չեն թողել ու մեկի փոխարեն երկու
լիցքավորման քարտ են պահանջել՝ ընդհանուր առմամբ՝ 9000 դրամ արժողությամբ: Այս
առնչությամբ «ՎիվաՍելլից» տեղեկացանք, որ ընկերությունն էլ նույն «գովազդային գործակալներից»
խաբված բաժանորդներից բազմաթիվ բողոքներ է ստացել: Բողոքարկման բաժնից տուժածներին
բացատրել են, որ խաբեբային զուտ վատություն անելու համար հնարավոր է սառեցնել նրա
հաշիվը, բայց դրանից այլեւս ոչինչ փրկել չի լինի, պարզապես պետք է գնան «ՎիվաՍելլի»
կենտրոնական գրասենյակ, դիմումներ գրեն, կատարվածը մանրամասն բացատրեն, որ աշխատակիցները
դրանով զբաղվեն: Ինչպես տեղեկացանք, դեռ ոչ մի տուժած այդքան գլուխ չի դրել ու որեւէ
խարդախի հաշիվ չի սառեցվել: Մենք «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից
հետաքրքրվեցինք, թե չի՞ պատրաստվում պաշտոնական որեւէ հայտարարություն տարածել՝ իր
բաժանորդներին հնարավորինս զերծ պահելու նման խաբեություններից: Պարզվեց՝ ոչ: Ընկերությանը
չի էլ անհանգստացնում, որ իրենց անվան հետ են խաղում. «Եթե մեր անունից են ներկայանում,
դա ավելի շատ խոսում է այն մասին, որ մենք հեղինակավոր կազմակերպություն ենք»,- այսպիսի
պատասխան տվեց ընկերության մամուլի պատասխանատու Միհրան Սահակյանը: Թե ինչո՞ւ են
հենց «ՎիվաՍելլի» բաժանորդներին խաբում եւ ոչ թե «ԱրմենՏելի», Մ. Սահակյանը բացատրեց,
որ «մենք ավելի հաճախ ենք նմանատիպ ակցիաներ, շահումներ կազմակերպում, մեզնից դա
խիստ սպասելի էր ու հավատալի»: Միհրան Սահակյանը նաեւ վստահեցրեց, որ իրենք ոչ գովազդային
բաժին ունեն, ոչ էլ Կարեն Մինասյան անուն-ազգանունով այդ բաժնի աշխատակից. «Մեզ մոտ
հաղորդակցության բաժին է կոչվում»: Բացի այդ, ընկերությունից ասացին, որ եթե իրենք
բաժանորդին որեւէ տեղեկություն են ուզում հայտնել, «ՎիվաՍելլի» անունով հաղորդագրություն
են ուղարկում, իսկ դա տեխնիկապես հնարավոր չէ կեղծել: Վերջերս «7788» բաժանորդից
«ՎիվաՍելլի» բոլոր բաժանորդներին մի հաղորդագրություն է ուղարկվել, որտեղ շահարկվում
է նաեւ ընկերության անունը. «Ֆուտբոլի առաջնությունը՝ «ՎիվաՍելլի» հետ. պատասխանեք
այս sms-ին եւ գրանցվեք՝ գինը 1000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ»: Մեր հարցին, թե դա նո՞ւյնպես
խարդախների գործն է, Մ. Սահակյանը պատասխանեց՝ «չէ, դա մենք ենք ուղարկել»: Այդ դեպքում
ինչպե՞ս տարբերենք իրական եւ կեղծ «վիվասելլցիներին», պարոն Սահակյանը միայն մի ելք
առաջարկեց. «Բացեք մեր վեբ կայքը, եթե այդ առաջարկն այնտեղ զետեղված է, ուրեմն միանշանակ
մենք ենք ուղարկողը»: Փաստորեն, խաբեություններից խուսափելու համար «ՎիվաՍելլի» բոլոր
բաժանորդները պետք է անպայման համակարգիչ ու ինտերնետ ունենան, ինչը բացարձակապես
իրատեսական չէ: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Մ. Սահակյանը պատասխանեց, որ «մենք էլ
ուրիշ կերպ ի վիճակի չենք խնդիրը վերահսկել»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել