Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ՕՐԵՑՕՐ ԳԵՂԵՑԿԱՆՈՒՄ Է

Օգոստոս 11,2006 00:00

Բայց դա տեսնում են միայն քաղաքաշինության փոխնախարարի աչքերը

Վթարային շենքերում անձրեւների ժամանակ կաթկթում է, մարդիկ իրենց տներում կահույքի փոխարեն դույլեր են դնում, ճեղքված պատերն էլ մշտապես փաթաթում են չուլ ու փալասով: Բնակիչները բողոքում են, որ հայրենի կառավարությունն իրենցով շատ քիչ է հետաքրքրվում, որ նախագահական հանձնաժողովը հազար տարին մի անգամ է գալիս, այն էլ՝ ձեւական թղթեր լրացնելու համար: «Վերջին անգամ նախագահը մեզ մտաբերել է այս տարվա հունվար ամսին, նրա անունից ներկայացած անձինք որոշակի ուսումնասիրություններ կատարեցին ու առանձնապես բան չխոստանալով՝ թողին-գնացին»,- դժգոհեցին գյումրեցիները: Նախագահի մարդկանց այցից հետո միայն տեղացի պաշտոնյաները ռիսկ արեցին հայտարարել, որ Գյումրիում կա 88 վթարային շենք, իսկ մինչ այդ վթարայինների թիվն ավելի քիչ էր ներկայացվում:

Բնակիչները, տեսնելով, որ զուր են իրենց խնդրով դիմում մարզպետարան, քաղաքապետարան, այս անգամ որոշել են դիմել ոչ թե կառավարությանը, որի օգուտը չեն տեսնում, այլ Բիենալեի մասնակիցներին: «Իսկը արվեստի գործ է, թող գան նկարեն, միգուցե Կաննի փառատոնի՞ն ներկայացնեն, ցըվրվող շենքերի պատկերներ՝ խիզախ բնակիչներն էլ մեջը, սարուձոր էլ ընկնեն՝ չեն կարող ճարել»,- ասացին բնակիչները: Թե ինչո՞ւ կառավարությունը Գյումրիին լավ աչքով չի նայում հարցին վերջերս Շիրակի մարզպետարանում ասուլիս հրավիրած Քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գեւորգյանը պատասխանեց՝ «Ինչի՞ են ձեր աչքերն ըտենց մի գույնով նայում, էս 4 տարվա մեջ Գյումրին ինչքան է փոփոխվել, դուք նայե՞լ եք: Սկսած Երեւանյան խճուղուց մինչեւ կենտրոնական մասը 2004-ին լրիվ մաքրվեց, բարեկարգվեց: Այժմ էլ քաղաքապետարանը ներկայացրել է 3 ծրագիր. քաղաքում ներդրողներ են հայտնվել ու քաղաքապետարանը խնդրում է ԲԳՎ ծրագրի շրջանակում տնակներում բնակվող ընտանիքներին տալ վկայագրեր, որպեսզի տարածքներն ազատվեն ու ներդրումներն իրականություն դառնան: Մի շարք ծրագրեր կան քաղաքի զարգացման համար: Ձեր ասածից ստացվում է, որ Գյումրիում ոչ մի շինարարություն չի արվում, բայց քաղաքը գեղեցկանում է»,- գյումրեցի ժուռնալիստներին իրենց հարազատ քաղաքը այսպես ներկայացրեց փոխնախարարը՝ տպավորություն ստեղծելով, թե գյումրեցիները ոչ ավել, ոչ պակաս՝ ապրում են Լաս-Վեգասում:

Իհարկե, փոխնախարարը ցանկացած ժուռնալիստից էլ լավ գիտի, որ Գյումրին ձեւափոխվում է ոչ թե քաղաքաշինության նախարարության, այլ մասնավոր ներդրողների հաշվին, որոնք ցավալիորեն դուրս են եկել անճաշակության մրցույթի. ամեն քայլափոխի միաոճ սրճարան ու ճաշարան են կառուցում: Փոխնախարարի այս այցից կարծես թե դժգոհ էին նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաները: Նրանք շատ հուզվեցին, երբ Կարլեն Գեւորգյանի շուրթերից լսեցին մինչեւ 2004-ի մարտի 1-ը հերթագրված անօթեւանների թիվը՝ 2800:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, այն ներկայացվել է աղճատված, անօթեւանների թիվը համարյա կրկնակի է եւ պատճառն այն է, որ կառավարություն ներկայացվել են ոչ թե ցուցակները, այլ էլեկտրոնային դիսկետը, որը չի հաստատվել քաղաքապետի կողմից:

Փաստորեն, անօթեւանների թիվը հայտարարելիս քաղաքապետարանը համեստորեն չի խոսում վթարայինների բնակիչների մասին, որոնք, սակայն, ավելի վատ վիճակում են, քան ցանկացած փաստաթղթով անօթեւան: Թե վթարայիններն ուսումնասիրող հանձնաժողովն ո՞ւր գնաց-կորավ եւ ինչո՞ւ նրանից խեր-խաբար չկա՝ փոխնախարարը պատասխանեց, որ «Հայսեյսմշին» գիտահետազոտական ինստիտուտի կողմից Գյումրիի 3-րդ աստիճանի վնասվածության 88 շենքերը ուսումնասիրված են եւ բացի այն հարցից, թե որքան գումար է անհրաժեշտ յուրաքանչյուր շենքի վերանորոգման համար, պետք է մտածել նաեւ բնակիչներին տարհանելու մասին: Կարլեն Գեւորգյանի մխիթարությունը վթարայիններում ապրողներին՝ հետեւյալն էր. «Բարդ խնդիր է, հիմա քննարկման փուլում է»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել