Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը փող չի՞ ծախսում

Օգոստոս 13,2006 00:00

Գագիկ Սլոյանը զգուշացրել է, որ կդիմի դատարան

Գագիկ Սլոյանը Քաղծառայության թերթում կարդացել է, որ մագիստրոսի որակավորման համար ակադեմիա կարելի է դիմել հանրային կառավարում, իրավագիտություն, կառավարում, քաղաքագիտություն եւ հոգեբանություն մասնագիտություններով։ Ընդունելության քննություններն ընթացել են երկու փուլով՝ թեստավորում եւ հարցազրույց: Գ. Սլոյանի դժգոհությունը կապված է հարցազրույցի հետ: «Սրան առնչվող անհանգստություն առաջացավ ինձ մոտ եւ դիմեցի հանձնաժողովի անդամներին, պատասխանատու քարտուղարին, պատասխանեցին, որ այն ուղղակի դիմորդների ընդհանուր մակարդակը ստուգելու համար է եւ հարցազրույցը գնահատվելու է ոչ թե միավորներով, այլ «անցած» կամ «չանցածով»։ Բայց թեստավորումից հետո մեզ տեղեկացրին, որ հարցազրույցը գնահատվելու է հինգբալանոց համակարգով։ Նաեւ հարցրի՝ արդյոք կիմանա՞նք մեր միավորը մինչեւ քննասենյակից դուրս գալը: Համաձայն չլինելու դեպքում հավելյալ հարցեր տրվելու՞ են»,- հետաքրքրվել է Գ. Սլոյանը։

Այս դժգոհությանը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական հանձնաժողովի նախագահ, Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, բոլորը նախօրոք տեղյակ են եղել, որ հարցազրույցի փուլը գնահատվում է 0-5 բալանոց համակարգով: Հարցազրույցի ժամանակ կա նաեւ մի գրավոր հարց, որը գնահատվում է 2 միավոր: Ավելին, ճիշտ պատասխանները հրապարակվում են դիմորդների՝ դահլիճում գտնվելու պահին եւ նրանք ունեն նույնիսկ բողոքարկելու հնարավորություն»: Սլոյանը դժգոհում է, որ հարցազրույցը ոչ սղագրվում է, ոչ ձայնագրվում. «Օրինակ՝ Քաղծառայության խորհրդում մրցույթները եւ ձայնագրվում են, եւ սղագրվում, նույնիսկ համակարգիչն է այդ հարցերը որոշում՝ կախված տվյալ պաշտոնից։ Պատասխանները լինում է հանձնաժողովի մոտ, հարցերը՝ մասնակիցների։ Քաղծառայության խորհրդի նախագահն է ընդունող հանձնաժողովի նախագահը, ուրեմն թող անցկացնեն այդ ձեւով, որ մենք կարողանանք այդ ամենին հետեւել։ Հակառակ դեպքում՝ ցանկացած միավոր կարող են նշանակել, ու մենք ոչ մի փաստարկ չունենք դրա դեմ»։ Մ. Բադալյանը պատասխանեց. «Քանի որ ես Քաղծառայության խորհրդի նախագահն եմ եւ տվյալ անձն ինձ այստեղ էլ է տեսնում, երեւի ասոցացվում է, որ եթե այնտեղ հարցազրույցը ձայնագրվում է, ապա այստեղ եւս այդպես պիտի լինի: Սակայն դա տեղին դիտարկում չէ, քանի որ սա ոչ թե քաղծառայության մրցույթ է, այլ ընդունելության քննություն: Իսկ դրանք, որպես կանոն, ոչ ձայնագրվում են, ոչ սղագրվում: Գուցե տարբերակ է, որի մասին կարելի է հետագայում մտածել»:

Գ. Սլոյանը պատմեց, որ Հանրային կառավարում մասնագիտության համար թեստավորում է անցել օգոստոսի 5-ին, 76 դիմորդներից 70-ին իրենից հետ է թողել, իրենից շատ միավորներ հավաքածների անուններն էլ նշել է: Օգոստոսի 7-ին՝ հարցազրույցի օրը, երբ նրանց հետ ծանոթացել եւ խոսել է, հասկացել է, որ մակարդակը բոլորովին չի համապատասխանում գրանցված արդյունքներին։ Օրինակ՝ «վերաքննիչ դատարանին վերահսկիչ էին ասում, տարրական բաներ չէին պատկերացնում…»: Ըստ Սլոյանի, թեստից առաջ հայտարարել են, որ 40 հարց կլինի, յուրաքանչյուրը կգնահատվի 0.5 միավոր: Սակայն, դիմորդի վկայությամբ՝ 36-ը իրոք թեստային հարցեր են եղել, այսինքն՝ չորս պատասխան էր տրված, որից մեկն էր ճիշտը, իսկ վերջին 4-ը այդպիսին չեն եղել։ Գ. Սլոյանը տեղեկացրեց նաեւ, որ թեստից հավաքել է 15 միավոր, իսկ հարզացրույցի հնարավոր 5 միավորից ընդամենը 1 է ստացել: «Հարցերն այսպիսին էին. եթե ավարտելուց հետո ձեզ առաջարկեն նախարարի պաշտոն՝ կուսակցություն մտնելու պայմանով, ինչպե՞ս կվարվեք։ Պատասխանեցի, որ չեմ համաձայնի: Թե դա ի՞նչ կապ ունի կառավարման հետ, հարցազրույցի ենք եկել, լուրջ հարցեր տվեք։ Կամ հարցնում են. դիտահորերի կափարիչները ինչո՞ւ են կլոր, պատասխանեցի՝ որ հարմար լինի բացել-փակելու համար։ Ինքնակենսագրությունս էլ պատմեցի։ Բանավոր եւ գրավոր հարցերին պատասխանել եմ, ի՞նչ հիմքով են «1» նշանակել: Իմ կարծիքով՝ իրենք այդ «1»-ը հետադարձ հաշվարկով են դրել, որ իրենց նախատեսած մարդիկ անցնեն. հասկանալով, որ 16.5-ը անցողիկ միավոր է, ինձ մեկ նշանակեցին»,- ասաց Գ. Սլոյանը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2006/2007 ուսումնական տարվա ընդունելության հարցազրույցի անցկացման կարգը, որ օրեր շարունակ Գ. Սլոյանին չեն տրամադրել, մեզ տրամադրեց առարկայական հանձնաժողովի նախագահը եւ պարզաբանեց. «Հարցազրույցի ժամանակ դիմորդների հետ քննարկվում են ե՛ւ իրենց ավարտած մասնագիտությանն առնչվող հարցեր, ե՛ւ պետական, հասարակական կյանքին վերաբերող երեւույթների նկատմամբ մոտեցումներ, ապագա մասնագիտությանը առնչվող հարցեր: Այդպիսով բացահայտում ենք նրանց անձնական որակները, կառավարչական հմտությունները, խոսքի շարադրանքը»:

Նա մեզ հետ զրույցի ընթացքում հասկացավ, թե հատկապես որ դիմորդն է դժգոհություն հայտնել եւ ասաց. «Ինչո՞ւ է իրեն թվում, որ ինքը ոչ թե մեկ, այլ 5 բալ պիտի հավաքեր, այն դեպքում, որ մինչեւ հիմա առավելագույնը 3.5 միավոր է գրանցվել»,- ասաց Մ. Բադալյանը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել