Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԵԼՈՒ

Սեպտեմբեր 09,2006 00:00

Փորձագետները կողմ են, որ Հայաստանն այնտեղ զորք ուղարկի

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի երեկ հրավիրած քննարկման ժամանակ ներկաները փորձում էին գտնել հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու թեր եւ դեմ փաստարկները: Ստացվեց այնպես, որ դեմ փաստարկներ այդպես էլ չհնչեցին, ու գրեթե բոլոր ներկաները կողմ արտահայտվեցին Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկելու գաղափարին: Ճիշտ է, մի պահ կասկած հնչեց քննարկման ժամանակավրեպության մասին, քանի որ ՀՀ նախագահի խոսնակն արդեն իսկ հայտարարել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Լիբանան, սակայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց, որ նախագահի խոսնակը վերապահում է արել՝ «քանի դեռ չի հստակեցվել խաղաղապահ զորքերի մանդատի հարցը», ինչը նշանակում է, որ որոշումը վերջնական չէ: Պարոն Հարությունյանը համարում էր, որ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ զորքեր Լիբանան-Իսրայել սահմանագիծ ուղարկելը բխում է ՀՀ շահերից, քանի որ հակամարտության երեք կողմերը՝ Իսրայելը, Լիբանանը եւ «Հզբոլլահը» իրենց համաձայնությունը տվել են խաղաղապահների տեղակայմանը: Սակայն նախկին նախարարը ուներ մի «բայց». հիշեցնելով, որ խաղաղապահներն ունենում են տարբեր դերակատարություն՝ կան ինչպես մարտական միավորումներ, որոնք տեղակայվում են անմիջապես սահմանին, այնպես էլ՝ թիկունքնային, որոնք հիմնականում վերականգնողական աշխատանքներին են մասնակցում: Պարոն Հարությունյանը գտնում է, որ «ճիշտ կլինի, եթե Հայաստանը մասնակցի թիկունքի մասով, ուղարկի սակրավորներ, բժիշկներ, շինարարներ, դա կլինի շատ էֆեկտիվ եւ ոչ վտանգավոր մասնակցություն»: Նա կոպիտ սխալ էր համարում Լիբանան եւ Իրաք խաղաղապահներ ուղարկելու առաքելությունների համեմատությունները, քանի որ «Իրաքի դեպքում խաղաղապահները հակաիրաքյան կոալիցիայի ուժերն էին, եւ այնտեղ ուղարկված մեր ուժերը գործում էին ուղղակիորեն Իրաքի դեմ, իսկ այս պարագայում իրավիճակը կատարելապես այլ է, քանի որ խաղաղապահ առաքելությունը ՄԱԿ-ի մանդատի լիազորությունների շրջանակում է եւ հակամարտող կողմերի համաձայնությամբ»:

Մյուս բանախոսը՝ արեւելագետ, Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, վերլուծեց ստեղծված իրավիճակում հակամարտությանը այս կամ այն կերպ մասնակցություն ունեցող տարբեր կողմերի դրությունը, նրանց շանսերը եւ հետագա հնարավոր քայլերը: Գիտնականը գտնում էր, որ տարածաշրջանում ԱՄՆ դիրքերը առայժմ սասանված են, քանի որ այս գերտերությունը պատրաստ չէր իրադարձությունների նման զարգացմանը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում՝ «ԱՄՆ-ը դեռ հաջողությամբ կվերականգնի իր դիրքերը»: Բայց առայժմ Եվրոպան եւ ՌԴ-ն փորձում են օգտվել ԱՄՆ-ի ճնշման թուլացումից եւ իրենց դիրքերն ուժեղացնելու քայլեր են անում՝ «Եվրոպան մեծ հաջողություն չի ունենա, իսկ Ռուսաստանը պասիվ է եւ չի կարող լուրջ դերակատարում ունենալ»: Իսկ ո՞րն է ՀՀ դերը այս թնջուկում: Պարոն Հովհաննիսյանը կարծում էր, որ մենք լուրջ գործ ունենք անելու ոչ միայն այն պատճառով, որ հակամարտությունը մեր տարածաշրջանում է, եւ Լիբանանում ունենք «եզակի լուրջ եւ մեծ հայ համայնք», այլեւ այն պատճառով, որ այդ համայնքը դերակատարություն ունի Լիբանանի քաղաքական կյանքում, եւ այդ երկրում է գտնվում Կիլիկիո կաթողիկոսությունը: Ըստ բանախոսի՝ խաղաղապահ զորքեր ուղարկելով՝ Հայաստանը միայն կշահի: Թեեւ տեսակետներ հնչեցին, որ Լիբանանի հայ համայնքը դեմ է դրան, սակայն պարոն Հովհաննիսյանը կարծում էր, որ «Հայաստանը՝ որպես ցանցապետության կենտրոն, պետք է իմանա, թե երբ համայնքի կարծիքը պետք է հաշվի առնել, երբ՝ ոչ»:

Հետաքրքիր մարտավարություն էր ընտրել հաջորդ բանախոսը՝ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Անտինյանը, ով իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատմական էքսկուրս կատարելուց հետո եզրահանգեց, որ «որեւէ անգամ այդ տարածքում արաբական ինքնուրույն պետականություն չի եղել», որ արաբները յոթերորդ դարում զավթել են հրեական տարածքները եւ հիմա անընդհատ հայտարարում են, որ Իսրայելը պետք է վերանա: «Իսկ վա՞տ է, որ ԱՄՆ-ը չի թողնում, որ մի ամբողջ քաղաքակրթություն վերացվի իր բնօրրանում: Եթե դեմ ենք դրան, ապա ի՞նչ իրավունքով ենք նեղվում նրանից, որ Թուրքիան էլ մեզ է ուզում մեր բնօրրանում վերացնել: Է, թողնենք՝ թուրքերն էլ իրենց մեծ Թուրանը կառուցեն, ինչի՞ ենք ընդդիմանում»,- մեր եւ Իսրայելի պատմությունը այս ձեւով խաչաձեւեց պարոն Անտինյանը, որի այս կարգի նախաբանից հետո բոլորը կարծում էին, թե դեմ է արտահայտվելու հայ խաղաղապահներ լիբանանա-իսրայելական սահման ուղարկելուն, սակայն նա անսպասելիորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն պետք է մասնակցի, բայց՝ իր դիրքորոշումը հստակեցնելով, որ չգնա ու վնասի պետական շահերին»:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում Եգիպտոսի փոխդեսպան Սաիդ Շաֆեյ Աբդուլ Մոհսեն, ով դիվանագիտորեն հայտարարեց, թե Լիբանան հայ խաղաղապահներ ուղարկել-չուղարկելու հարցը ՀՀ խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել