Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ,ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵՆԵՐ

Հոկտեմբեր 25,2006 00:00

Հոկտեմբերի կեսերին Նոր Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որպես «Միավորված քաղաքներ եւ տեղական իշխանություններ» համաշխարհային կազմակերպության բյուրոյի անդամ, մասնակցեց Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Եվրասիայի ծրագրով տեղի ունեցած «Հասարակություն, իշխանություն, բիզնես. բարեգործությանն ուղղված ջանքերի համախմբում» միջազգային համաժողովին, որը թույլերին, անտուններին, լքված ու կեղեքվածներին ձեռք մեկնելու բարի առաքելություն ուներ:

Ինչպես նշեց Դավիթ Պետրոսյանը, հանձնաժողովն անցավ հումանիտար, մարդասիրական արժեքների ամրապնդմանը միտված ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:

Այդ օրերին Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի ունեցավ նաեւ մի կարեւոր իրադարձություն, որի մասին ահա թե ինչ ասաց Դավիթ Պետրոսյանը:

– Նոր Նորքի ու Երեւանի, Կազանի քաղաքապետարանների եւ Թաթարստանի հայկական համայնքի միջեւ գոյություն ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք օրեցօր նոր գույներ ու դրսեւորումներ են ստանում։ Եվ ահա միջազգային վերոհիշյալ համաժողովի օրերին Կազանի Ռատուշայում, հանդիսավոր պայմաններում, փոխքաղաքապետ Ռաֆիս Բուրգանովի, Թաթարստանի, Մոսկվայի եւ Ուլյանովսկի հայկական համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի, անվանի մտավորականների, արվեստագետների մասնակցությամբ ես եւ Կազանի Վախիտովյան շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Ռուսլան Շակիրովը ստորագրեցինք համագործակցության պայմանագիր, որը մշակույթի, գիտության, քաղաքային տնտեսության, սպորտի բնագավառներում լայնորեն համագործակցելու, փոխադարձ շահավետ ծրագրեր կյանքի կոչելու, միմյանց օգնելու, միմյանց ընդառաջ գալու միտում ունի:

Նշենք, որ այդ իրադարձությունը լայնորեն են լուսաբանել հանրապետության լրատվամիջոցները:

Վախիտովյան շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Ռուսլան Շակիրովը պայմանագրի ստորագրումից հետո նշել է, որ Թաթարստանը, Կազանը, մասնավորապես իրենց շրջանը երկար տարիներ է՝ ինչ հարազատ տուն են դարձել շատ ու շատ հայերի համար եւ, որն ամենակարեւորն է, հայ-թաթարական ջերմ ու անկաշառ բարեկամությունը շարունակվում է նաեւ այսօր, ձեռք բերում նոր հասցեներ, նոր դրսեւորումներ։ Այդ բարեկամության վառ էջերից էր նաեւ անցյալ տարի Կազանի 1000-ամյակին նվիրված՝ հայ նկարիչների մեծ ցուցահանդեսը, որին ակտիվորեն են մասնակցել Նոր Նորք համայնքից ճանաչված նկարիչներ Հրանտ Թադեւոսյանն ու Գեւորգ Մշեցին:

Ռուսլան Շակիրովը հույս է հայտնել, որ այս պայմանագիրը նոր խթան կհանդիսանա եւ փոխադարձ շահավետ կլինի:

Դավիթ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ու սրտառուչ ընդունելության համար, երախտագիտությամբ է նշել, որ Թաթարստանը, այո, դեռեւս 11֊րդ դարից իր հյուրընկալ հարկի տակ է առել բազում հայերի եւ այդ տաք, անկեղծ սերը շարունակվում է նաեւ այսօր:

Դրա վառ ապացույցը, ասել է Դա վիթ Պետրոսյանը, լիաբուռն կյանքով ապրող եւ իր նկատելի ավանդը Թաթարստանին բերող հայ համայնքն է, խաղաղ հանգրվանում ապրող մեր հայրենակիցներն են:

Դավիթ Պետրոսյանը գոհունակությամբ է նշել նաեւ այդ օրերին Կազանում հին ու նոր քաղաքին նվիրված մեր համայնքցի Գեւորգ Մշեցու անչափ հետաքրքիր ցուցահանդեսի մասին եւ ասել է, որ այսուհետ եւս փոխադարձ ցուցահանդեսներ կկազմակերպվեն, որոնց կմասնակցեն նաեւ երեխաները, կլինեն համերգներ, ճանաչողական այցելություններ:

Արարողության վերջում Դավիթ Պետրոսյանն ու Գեւորգ Մշեցին արժանացել են «Կազանի 1000-ամյակին» նվիրված մեդալի:

Այդ օրերին Կազանում հաճելիորեն զարմացել էին նաեւ, որ Նոր Նորք համայնքի դպրոցներում տեղի է ունեցել «Ի՞նչ գիտեմ Կազանի մասին» շարադրությունների մրցույթ:

Հայ ազգային֊մշակութային համայնքի նախագահ Միխայիլ Խաչատուրյանը ասել է, որ նման մրցույթ կկազմակերպվի նաեւ Կազանում եւ որ իրենք Երեւանում Թաթարստանը ներկայացնող մի մեծ ծրագիր են նախապատրաստում:

Այո, արդեն գործում է երկկողմ երթեւեկության, իրար ընդառաջ գալու համագործակցության ու բարեկամության կամուրջը՝ Նոր Նորք-Վախիտովսկ, Երեւան- Կազան, Հայաստան-Թաթարստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել