Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան ռոյալները «խնամվում» են

Հունվար 23,2007 00:00

Հունվարի 18-ից Երեւանում են եվրոպացի վարպետներ, ովքեր հայ գործընկերներին կաջակցեն ռոյալները կարգի բերելու գործում:

Երաժշտարվեստի ոլորտի մարդկանցից, մասնավորապես՝ դաշնակահարներից, քանիցս լսել ենք, որ Երեւանում գտնվող ռոյալները վատ վիճակում են: Հիշեցնենք, որ 1950-ականների վերջին հիմնված Երեւանի դաշնամուրի գործարանում ժամանակին արտադրվում էին միջազգային ստանդարտներին համապատասխանող գործիքներ եւ, բնականաբար, կային լավ մասնագետներ: Այդ ինչպե՞ս պատահեց, որ միայն 21-րդ դարի սկզբին պարզվեց, թե հայաստանյան ռոյալներից կարող են գլուխ հանել միայն արտերկրի մասնագետները: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հանդիպեցինք ռոյալ լարող, վերանորոգող եւ վերականգնող՝ հանրապետությունում միակ դիպլոմավոր մասնագետ (մյուսներն ինքնուս են) Տիգրան Զենեյանին, ով ավարտել է Տալլինի հազվագյուտ մասնագիտությունների ուսումնարանը: Նա իր մասնագիտությամբ աշխատել է նաեւ ԱՄՆ-ում եւ Դանիայում: Իսկ այժմ յոթ կոլեգաների հետ աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի արվեստանոցում: Վերջիններս համապատասխան կրթություն չունեն, սակայն տարիների ընթացքում ձեռք են բերել համապատասխան գիտելիքներ:

Զրույցի սկզբում Տ. Զենեյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր Երեւանի դաշնամուրի գործարանի փակվելու պատճառը: Ըստ մեր զրուցակցի, 80-ականներին դաշնամուրի գործարանն արդեն չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին: «Դաշնամուրի մասերը ներկրվում էին Կրասնոդարից եւ Ռոստովից: Եղավ մի պահ, որ մենք էլ սկսեցինք արտադրել դրանք: «Երեւան», «Անուշ», «Սեւան» անուններով դաշնամուրները որակյալ էին, իսկ վերջին մոդելը՝ «Կոմիտասը», իրեն չարդարացրեց եւ Մոսկվայի հրահանգով խորհրդային 11 հանրապետությունների, այդ թվում եւ Երեւանի դաշնամուրի գործարանն էլ փակվեց»,- ավելացրեց մասնագետը:

Անդրադարձ եղավ Երեւան հրավիրված եվրոպացի մասնագետներին: Այս առիթով էլ Տ. Զենեյանն ասաց. «Խորհրդային տարիներին լեռնային գոտում գտնվող հանրապետությունների ռոյալների կյանքը «սահմանված» էր 20 տարի, իսկ ոչ լեռնային գոտում գտնվողներինը՝ 25: Ժամկետը լրանալուն պես կազմվում էր արձանագրություն եւ ռոյալները ոչնչացվում էին: Մասնագետներս իրավունք չունեինք վերցնել մեզ հարկավոր մասերը, որոնք դեռ լավ վիճակում էին: Իսկ այն, որ մեր ռոյալներն այսօր հայտնվել են անմխիթար վիճակում՝ պատճառը 90-ականների ցրտի ու մթի տարիներն են»:

Տիգրան Զենեյանը խոսեց հատկապես ռոյալի ֆրանսիացի մասնագետների մասին: Պարզվում է՝ 6-7 ամիս առաջ Եվրոպայից հյուրախաղերի եկած մի դաշնակահար, որի անունը նա չհիշեց, հանձն էր առել աջակցել երեւանյան ռոյալները կարգի բերելուն: «Խոստումը շատ չուշացավ: Դաշնակահարի միջնորդությամբ ֆրանսիացի վերականգնողներ Պատրիկը եւ Լորենն այժմ Երեւանում են: Նրանք իրենց հետ բերել են ռոյալի տարբեր մասեր, մեզ հետ էլ անցկացնում են վարպետության դասեր՝ ծանոթացնելով արեւմուտքում ռոյալների խնամքի, վերանորոգման, վերականգնման նոր տեխնոլոգիաներին»,- նշեց հայ մասնագետը:

Նա տեղեկացրեց, որ ֆրանսիացիների առաջարկով Երեւանի կոնսերվատորիայի երկու ուսանողներ շուտով կմեկնեն Ֆրանսիա՝ մասնագիտանալու, մեկը՝ փողային գործիքների, մյուսը՝ ռոյալների վերականգնման ու վերանորոգման գործում: Հարցին, թե հայ մասնագետը վերջին անգամ ե՞րբ է ռոյալ վերանորոգել, Տ. Զենեյանը պատասխանեց. «1998-ին վերականգնել ու վերանորոգել եմ Մանթաշովի՝ Կոմիտասին նվիրած «Շրոդեր» ռոյալը, որը ներկայումս գտնվում է Արվեստի ինստիտուտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել