Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՐՈՆՅԱՆԻ «ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐԸ»

Հունվար 25,2007 00:00

 \"\"Հայաստանցի բեմադրիչ Հրանտ Հակոբյանի այս աշխատանքը Հրանտ Դինքի նախաձեռնությամբ պիտի շրջեր ողջ Թուրքիայում:

Այս օրերին Տրապիզոնի արվեստի թատրոնում թուրք դերասանները դեռ խաղում են «Պաղտասար աղբարը», թեեւ բեմադրիչն արդեն վերադարձել է Հայաստան: Հ. Հակոբյանը պատմեց, որ Տրապիզոնի թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Նեջաթի Զենգինը մտերիմ է եղել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հետ: Ըստ հայ բեմադրիչի, Դինքի նախաձեռնությամբ ու աջակցությամբ իրենք պիտի մի շարք մշակութային նախագծեր իրականացնեին, իսկ «Պաղտասար աղբարը» պիտի շրջեր Թուրքիայի տարածքով մեկ: «Այժմ չգիտեմ, Դինքի ողբերգական մահից հետո ի՞նչ զարգացումներ կլինեն»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ծնվեց Թուրքիայում հայ դասականի գործը թուրքերեն բեմադրելու գաղափարը: Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի Նեջաթի Զենգինը հրավիրված էր «Հայֆեստ» թատերական փառատոնին, եւ ծանոթ է հայ մշակույթի գործիչների հետ: «Նա ինտերնետից տեղեկացել էր, որ իմ «Մոռացված կղզիների բնակիչները» դոկումենտալ աշխատանքը լավագույնն էր ճանաչվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Գիտեր նաեւ, որ թատերական անցյալ եմ ունեցել՝ մի քանի տարի ղեկավարել եմ Իջեւանի թատրոնը, դրա համար էլ առաջարկեց համագործակցել»,- ասաց բեմադրիչը:

Ըստ մեր զրուցակցի, թուրքական թատրոնի տնօրենը գիտեր հայ դասականներին, եւ իր որոշ հոդվածներում ժամանակին անդրադարձել էր արվեստի անվանի պոլսահայ գործիչներին՝ Արուսյակ Փափազյան, Սիրանույշ, Տիգրան Չուխաջյան եւ ալք: «Հոկտեմբերի կեսերից Տրապիզոնում արդեն սկսվել էին փորձերը թուրք դերասանների հետ: Իմ «Պաղտասար աղբարը» բեմադրվեց 35 օրում: Նոյեմբերի 24-ին էլ կայացավ պրեմիերան: Երեւի ներկայացումը ստացվել էր, որ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր: «Ակոսը» գրեց այդ մասին: Անգամ Անկարայից ու Ստամբուլից լրագրողներ եկան ինձնից հարցազրույց վերցնելու համար: Հրանտի հետ մեր ծրագրերի մասին վերջին անգամ խոսեցինք նրա մահից 10 օր առաջ: Ինքը զանգահարեց եւ ասաց, որ պատրաստ է աջակցել»,- հիշեց Հ. Հակոբյանը: Փետրվարին Հրանտ Դինքի նախաձեռնությամբ «Պաղտասար աղբարը» պիտի խաղացվեր նաեւ Ստամբուլում, հետո շրջեր մյուս քաղաքներում, այնուհետեւ լիներ Բաթումում, Թբիլիսիում, վերջում՝ Գյումրիում ու Երեւանում: Բեմադրիչը փաստեց, որ իր համար հետաքրքիր էր թուրքական թատրոնում աշխատելը եւ թուրք գործընկերների հետ շփումը: «Դերասաններն ու հանդիսատեսը սիրեցին Պարոնյանի գործը, որովհետեւ այնտեղ համամարդկային թեմաներ են շոշափվում: Տրապիզոնի արվեստի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նեջաթ Զենգինն էլ խոստովանում էր, որ իրենք ժառանգորդներն են հայկական թատերական կուլտուրայի: Մի բան էլ եմ ուզում նշել՝ դերասաններից մեկը հետո ինձ ասաց, որ հայկական արմատներ ունի, մի երեկոյի ժամանակ էլ լաց եղավ ու երգեց՝ գուցե համշենահայերեն: Կարծում եմ, որ արվեստի միջոցով կարողացանք մոտենալ այն խնդրին, որը բոլորիս է հուզում: Վաղուց ժամանակն է, որ թուրքերը ընկալեն մեր արվեստը, մենք էլ տեսնենք, թե ինչ է կատարվում իրենց մոտ: Ախր, ինչքա՞ն կարելի է ամեն ինչ փակ պահել: Այդպես ինչի՞ ենք հասնելու»,- փաստեց Հրանտ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել