Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՌՎՈՒՄ ԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԻԹՄԵՐԻ ԴԱՇՏՈՒՄ»

Փետրվար 02,2007 00:00

\"\"Հարցազրույց Անուշ եւ Ինգա Արշակյանների հետ

– Շուրջ 6 տարի պրոֆեսիոնալ բեմում պրոպագանդում եք ազգային, աշուղա-գուսանական երգեր: Ազգային երգերի ձեր մեկնաբանությունները մասնագետները թեեւ որակում են կիրթ, սակայն նշում են, որ դրանցում, ինչպես բարբառների, այնպես էլ երաժշտության ընդգծված շեշտադրում կա:

Անուշ- Համամիտ ենք ասվածին: Ծնունդով երեւանցի լինելով՝ մենք փորձում ենք յուրացնել Հայաստանի տարբեր շրջանների բարբառները: Ժամանակին եղել ենք տարբեր արշավախմբերի կազմում, իսկ վերջին տարիներին՝ երկուսով ենք մեկնում մարզեր՝ տատիկ-պապիկներից վերցնելու մեր էթնիկ գանձերը: Իհարկե, դրանց տեքստերը վերարտադրելիս հանդիպում ենք նաեւ չափազանցված շեշտադրումների: Դառնալով մեր մատուցած էթնիկ երգերի երաժշտությանը, բերեմ Կոմիտասի օրինակը: Երբ նա Բեռլինում սովորելիս իր ուսուցչապետին ներկայացրել է հայկական ժողովրդական երգերի մի քանի ներդաշնակումներ, վերջինս հիացած բացականչել է. «Դուք լավ ուղու վրա եք, շարունակեք զարգացնել ձեր ազգային ոճը, բայց առաջնորդվեք արդի երաժշտության գեղարվեստական օրենքներով»: Նույն բանը փորձում ենք եւ մենք անել, որովհետեւ ճշմարիտ արվեստագետը օրենքների ստրուկ չպետք է լինի: Օրենքը կարող է միայն ծառայել իբրեւ ուղեցույց:

– Ձեր կարիերայի սկզբում դուք անդրադառնում էիք Կոմիտասին, իսկ հիմա՝ ոչ:

Ինգա- Մինչ կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում ուսանելը, մենք ավարտել ենք Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը, ես՝ որպես ջութակահարուհի, քույրս՝ դաշնակահարուհի: Երգերի կոմիտասյան մշակումներով ենք ընդունվել Երգի պետական թատրոն: Միգուցե մեր ստացած դասական երաժշտական կրթությունն է պատճառը, որ գիտակցում ենք Կոմիտաս ներկայացնելու պատասխանատվությունը: Այո, այդ երգերին մոտենալու համար մեծ հանդգնություն է հարկավոր, մանավանդ որ, գիտես, ինքը՝ Կոմիտասը, համառորեն հայ ազգային երաժշտական մշակույթը հասցրեց համամարդկային երաժշտական արվեստի գագաթներին: Մի խոսքով, դեռ շարունակելու ենք Կոմիտաս սովորելն ու յուրացնելը:

– Հայաստանյան շոու-բիզնեսում տիրող ժամանակակից ռիթմերի կողքին ձեր ներկայացրած երգերն ունեն մեծ լսարան: Դժվար չէ՞ միայն երկուսով այդ դաշտում «կռվելը»:

Անուշ- Ճիշտ եք նկատել, մենք իսկապես կռվի ենք դուրս եկել, բայց մեր կողքին կան համախոհներ՝ երկուսով չենք: Անշուշտ, ժամանակակից ռիթմերի կողքին դժվար է: Այսօր մարդիկ նուրբ գույներ դժվարությամբ են ընկալում, իսկ մեր ներկայացրած արվեստը բխում է ակունքներից եւ զուտ հայկական է ու նուրբ: Երբ մեզ ծափահարում են, դա մեր անձին չենք վերագրում, այլ հայկական անաղարտ երգերին:

– Ի տարբերություն ձեր որոշ գործընկերների, ունեք ինչ-ինչ լծակներ ունեցող պրոդյուսեր՝ Գրիգոր Նազարյանը՝ «Շարմից»: Հետաքրքիր է, Հայաստանի պայմաններում պրոդյուսերը ինչո՞վ է թեթեւացնում արվեստագետի կյանքը:

Ինգա- Արդեն մեկուկես տարի է՝ նա մեր պրոդյուսերն է: Այժմ ազատվել ենք մի ծանր բեռից՝ ինքներս մեզ ներկայացնելուց ու ավելի հանգիստ ենք ապրում: Այդ հանգստությունը, սակայն, չի վերաբերում ստեղծագործականին:

– Արշակյան քույրերը, իրենց որոշ գործընկերների նման, չե՞ն տառապում «եվրատեսիլյան» հիվանդությամբ:

Անուշ- Ոչ, ինչպես մեր գործընկեր, տաղանդավոր գործիքավորող Մուրզիկն է ասում՝ ուրիշ է երեւանյան հանդիսատեսը: Չմոռանանք, որ «Եվրատեսիլը», ի վերջո, հեռուստատեսային մրցույթ է: Թեեւ կարեւորում ենք այն Հայաստանը ներկայացնելու առումով, բայց չենք գերագնահատում ու կուլտ դարձնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել