Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է

Մարտ 09,2007 00:00

Դրա համար ներկայիս գյուղապետերը մեղադրում են նախկին գյուղապետերին

Այս տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 7 համայնքների բյուջեները տարբեր պատճառներով կալանքի տակ են դրվել: Այդ համայնքներն արդեն երկու ամիս է՝ չեն կարողանում ո՛չ աշխատավարձերը տալ, ո՛չ որեւէ ծախս կատարել: Բանը հասել է նրան, որ որոշ գյուղապետարաններ նույնիսկ կանգնել են լուծարվելու վտանգի առջեւ:

Կալանքի տակ դրված բյուջե ունեցող համայնքներից է, օրինակ, Նորաշեն գյուղը: Հունվարի 10-ից գյուղապետարանը չի կարողանում օգտվել իր փողերից: «Առավոտի» հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Գառնիկ Գասպարյանը նշեց, որ գյուղապետարանը 2003-ից 7մլն 800 հազար դրամի կուտակված պարտքեր է ունեցել. «Պարտքերը գալիս են դեռեւս նախկին գյուղապետ Գագիկ Բարսեղյանից, նա չէր վճարել մի քանի տարվա աշխատավարձ եւ մուծումներ չէր արել կենսաթոշակային ֆոնդ. եթե այս հարցը կառավարական մակարդակով չլուծվի՝ մեր գյուղապետարանը, որպես այդպիսին, կդադարի գործել, մինչեւ նախորդների պարտքն ենք փակում՝ նորն է գոյանում: Ինձ անհանգստացնում են նաեւ սոցվճարների տույժ-տուգանքները, որոնք գնալով ավելանում են. եթե հիմա չվճարենք՝ բավականին մեծ տոկոսներ են ավելանալու, որը հազիվ թե մոտակա հինգ տարիների ընթացքում կարողանանք փակել»: Չնայած պարոն Գասպարյանը բյուջեն կալանքի տակ դնելու «մեղքը» բարդեց Նորաշենի նախկին գյուղապետ Գագիկ Բարսեղյանի վրա, վերջինս «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ պարտքերը գոյացել են դեռեւս այն ժամանակ, երբ ինքը գյուղապետ չէր. «Ինձանից առաջ էլ պաշտոնավարում էր ներկայիս գյուղապետ Գառնիկ Գասպարյանը: Իմ ընտրվելուց հետո նախկին աշխատակազմը ինքնակամ հրաժարվեց աշխատանքից եւ աշխատավարձերի վճարման պահանջով դիմեցին դատարան: 2003-2005-ի ընթացքում մենք աշխատավարձ չենք ստացել եւ գումարները տվել ենք իրենց: Փակել ենք նաեւ նախկինների ջրի եւ հեռախոսի վարձավճարները, ընդհանուր առմամբ՝ մոտ 7 մլն դրամ: Հետո էլ մենք ենք դիմել դատարան, եւ այս տարվա հունվարի 10-ից բյուջեն կալանքի տակ է, ես մինչ այս պահը չեմ ստացել իմ երկու տարվա աշխատավարձը»:

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բյուջեն էլ 2004-2005-ի ընթացքում կալանքի տակ է եղել, ու թեեւ կալանքն արդեն հանված է, բայց ինչպես մեզ տեղեկացրեց համայնքապետ Սերյոժա Սարգսյանը, մինչ օրս դրա հետեւանքները չեն վերացվել: Այս գյուղապետն էլ արդարացավ, որ բոլոր պարտքերը նախկինի օրոք են եղել. «Երբ ընտրվեցի գյուղապետ, նախկին աշխատակիցները միանգամից 10 մլն 540 հազար դրամի չվճարված աշխատավարձերի ցուցակ ներկայացրին, որը չէի կարող վճարել: Երեք տարի դատարաններում եմ քարշ եկել, գործը հասել է մինչեւ վճռաբեկ դատարան: Պատճառը եղել է նախկին գյուղապետ Ալբերտ Պապյանը, ով չի կարողացել հավաքագրել հարկերը եւ պարտքերը փոխանցել է ինձ, այս պահին գյուղապետարանը 9 միլիոն դրամի պարտք ունի»:

12 մլն դրամ էլ Սեմյոնովկա գյուղի պարտքն է կազմում, որի պատճառով այս տարվա հունվարի 8-ից բյուջեն կալանքի տակ է: Գյուղապետ Արամայիս Վարդանյանի ներկայացմամբ՝ իրենց գյուղը շատ աղքատ է եւ չեն կարողանում հարկեր հավաքել: Լավագույն դեպքում բյուջեն կատարում են 10-15 տոկոսով: «Գյուղը գնալով դատարկվում է, դրան նպաստեց նաեւ այն, որ Սեւան-Դիլիջան ավտոթունելի շահագործումից հետո լրիվ առանձնացանք, եթե կառավարությունը չօգնի՝ հարցին լուծում չկա: Երեք տարի է՝ աշխատավարձ չեմ ստացել, ստացվում է, որ բարեգործական հիմունքներով եմ աշխատում»:

Կալանքի տակ են նաեւ Չկալովկա, Կախակն, Ջաղացաձոր եւ Փոքր Մասրիկ գյուղերի բյուջեները:

Նշենք, որ օրերս Գեղարքունիքի մարզպետ Արսեն Գրիգորյանը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ մարզի խնդիրներից խոսելիս ներկայացրել է նաեւ այս համայնքների բյուջեների հարցը, եւ նախագահը խոստացել է գումար տրամադրել՝ այդ գյուղապետարաններին օգնելու: Գումարի չափը դեռ հայտնի չէ, այն կհաստատի կառավարությունը՝ առաջիկա նիստերից մեկում: Սակայն մեր տեղեկություններով՝ նախագահի խոստացած գումարը սիմվոլիկ է լինելու եւ գյուղապետարանների կուտակած պարտքերի չնչին մասն է փակելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել