Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծված Աստվածաշնչեր եւ աղանդավոր երգիչներ

Մարտ 12,2007 00:00

Երեւանի սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի պարզաբանումները՝ այսօր հանդիպող երեւույթների մասին:

Վերջին շրջանում Եհովայի վկաները եւ այլ աղանդավորական կազմակերպություններ սկսել են շրջանառության մեջ դնել կեղծված Աստվածաշնչեր, որոնք առաջին հայացքից դժվար է տարբերել իրականից: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ:

«Աստվածաշունչը մատյան է, որ գրվել է բազում տարիների ընթացքում՝ Մարգարեություններ, Ծննդոց գիրք, Սաղմոսներ, Հին կտակարան եւ այլն: Այսպիսով՝ Հին Կտակարանում 48 գիրք է, Նոր Կտակարանում՝ 27: Սրանք կազմում են Հայ առաքելական եկեղեցու ամբողջական կանոնը: Այսօր աղանդավորական կազմակերպությունները, մասնավորապես՝ Եհովայի վկաները, հրատարակել են «Աստվածաշունչ», որտեղ ոչ միայն վերը նշված գրքերի սակավությունը կա, այլեւ իմաստային փոփոխություններ են դրանցում առկա: Մենք գիտենք, թե մեկ ստորակետը կարող է իմաստ փոխել՝ ինչպես հայտնի արտահայտության մեջ՝ «Ներե՛լ, չի՛ կարելի պատժել», «Ներել չի՛ կարելի, պատժե՛լ»: Աղանդավորները ոչ միայն միտումնավոր սխալ կետադրություն են կիրառել, այլեւ բառեր են սխալ թարգմանել ու իմաստափոխել: Օրինակ, Հովհաննու ավետարանում բազում խեղաթյուրումներ կան: «Սկզբից էր բանը (բանը Քրիստոսն է) եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր…»: Այս փոքրիկ հատվածում նրանք 4-5 փոփոխություն են կատարել, աստված բառը տողատակ են իջեցրել փոքրատառով եւ «Բանը աստված էր»-ի փոխարեն գրել են «Բանը աստվածային է»: Ստացվել է, որ Հիսուս Քրիստոսը աստված է, բայց ոչ այնպես զորեղ, ինչպես՝ հայր աստված Եհովան: Իսկ Եհովան, որ հրեական բառ է եւ նշանակում է՝ «Նա, որ է», ընդհանրապես չեն թարգմանել… Եթե գիրքը թարգմանվում է, պիտի ամբողջությամբ թարգմանվի, եւ ամեն բառի համարժեքը դրվի Աստվածաշնչում»,- նշեց տեր Շմավոնը: Նա հայտարարեց, որ Եհովայի վկաները ջանք չեն խնայում, որպեսզի ամեն ինչ հարմարեցնեն իրենց գաղափարախոսությանը: Մարդկանց մոլորեցնելու համար նրանք անվճար են բաժանում իրենց «Աստվածաշունչը»: Միամիտները տեղյակ չլինելով Սուրբ գրքի «խմբագրումներին», տեսնում են, որ այնտեղ իսկապես գրված է, թե Աստծո անունը Եհովա է կամ ոչ թե Հիսուսը աստված է, այլ Աստվածային է եւ այլն: Հոգեւորականը խորհուրդ տվեց ոչ թե անվճար կասկածելի Աստվածաշնչեր ձեռք բերել, այլ չզլանալ 3000-4000 դրամ վճարել ու Սուրբ գիրքը գնել Մայր աթոռի կամ Աստվածաշնչյան ընկերության գրախանութներից:

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաեւ հայաստանցի երգիչների՝ այս կամ այն աղանդավորական կազմակերպությանը հարելուն: Տեր Շմավոնը գտնում է, որ այսօր երաժիշտը ամենախոցելին է: «Նա ստիպված է իր արվեստը, որ որոշակի կշիռ եւ արժեք ունի, շատ մատչելի մատուցել սրճարաններում կամ ռեստորաններում, ինչը հաստատ նրա սրտով չէ: Ֆինանսական լծակներ ունեցող աղանդավորական կազմակերպությունները խորամանկորեն իրենց ճանկն են գցում երգիչներին, նրանց շահագրգռելով «ռասկրուտկայով», իրենց հաշվին եթերներ տրամադրելով, Հայաստանում եւ արտերկրում համերգներ կազմակերպելով: Աղանդավորական կազմակերպությունների հեռահար նպատակը հենց երիտասարդներն են. տարեցները հեռացող են, իսկ երիտասարդները դեռ կմնան մի 30-40 տարի: Աղանդավորական կազմակերպությունները նույնիսկ իրենց ծիսական «արարողություններն» են վերածում շոու-համերգների՝ այդկերպ սեփական գաղափարները մղելով առաջ: Դրսում երգիչների համար նրանք կարողանում են դահլիճներ լցնել իրենց հետեւորդներով»,- ասաց տեր Շմավոնը: Նա խոսեց հոգեւոր թեմաներով տեսահոլովակների, մասնավորապես՝ Արսեն Սաֆարյանի «Օգնիր ինձ, Մարիամ»-ի մասին: Հոգեւորականի կարծիքով, Սեւակի բառերը հրաշալի են, երգը՝ նույնպես, Արսեն Սաֆարյանն էլ փայլուն է երգում: Սակայն տեր Շմավոնը վերապահումներ ունի ռեժիսուրայի առումով. «Տեսահոլովակը նախ եւ առաջ ռեժիսորի ֆանտազիան է: Ամեն ինչ կարելի էր շատ ավելի անուշ պատկերել, մինչդեռ այնտեղ կա գռեհկություն, անվայել տեսարաններ (սպանության, սեռական վայելքի եւ այլն- Գ. Հ.)»: Տեր Շմավոնը դժգոհ է, որ հայ երգիչ-երգչուհիների տեսահոլովակներում հաճախ չարաշահվում է խաչը: Օրինակ, Նունե Եսայանը խաչը պարանոցին՝ «Նաիրյան դալար բարդի» է երգում, իսկ նրա կողքին աթլետիկ կազմվածքով կիսամերկ տղաները թմբուկ են զարկում: «Ես հույս ունեմ, որ նման տեսահոլովակներում երեւացող խաչերը օրհնված չեն, եւ այն կրում են իբրեւ զարդ: Իսկ եթե օրհնված են, ուրեմն նրանք (երգիչները՝ Գ. Հ.) չափից ավելի վատն են, քան կարող ենք իրենց մասին մտածել: Նրանք պետք է հասկանան, որ շատերը խաչին նայելու են ուրիշ աչքերով, եւ այն ասոցացվելու է Քրիստոսի խաչափայտի հետ»,- ասում է եկեղեցու սպասավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել