Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏՈՒՆԸ ՏՎԵԼ ԵՆ ՈՒ ՀԵՏ ՎԵՐՑՐԵԼ

Հունիս 06,2007 00:00

\"\"Մայրը երկու երեխաների հետ մնացել է դրսում

«Հույսի ավան» թաղամասում մեկ տարի բնակվելուց հետո Հայկանուշ Գրիգորյանին իր երկու անչափահաս երեխաների հետ վտարել են: Նրանք ներկայումս բնակվելու տեղ չունեն, տան իրերն էլ փողոցում ցիրուցան են եղել:

Նշենք, որ այդ թաղամասում ապրում են Երեւան քաղաքի սոցիալապես խիստ անապահով կամ բազմազավակ ընտանիքները: «Հույսի ավանը» կառուցվել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Այստեղ Հ. Գրիգորյանն ապրել է 2006-ի ապրիլից մինչեւ այս տարվա մայիսը: Ըստ նրա՝ իրեն այդ թաղամասից վտարել են «Դիակոնիա» հայաստանյան ընկերության իրավաբան Շողիկ Դանիելյանի պատճառով: Բանն այն է, որ Շ. Դանիելյանը, կնոջ պատմելով, պետք է իրեն լիազորագիր տրամադրեր, որով նա կկարողանար իրեն հատկացված բնակարանում մշտական բնակության համար վկայական ստանալ Կադաստրի պետական կոմիտեից: Սակայն իրավաբանն այդպես էլ լիազորագիրը չի տվել, արդյունքում՝ «Դիակոնիայի» հետ բնակարանը շահագործելու պայմանագիրը կնքելու ժամկետը լրացել է, եւ կինը հայտնվել է դրսում: Հայկանուշ Գրիգորյանի խոսքերով՝ «Դիակոնիայի» իրավաբանը լիազորագիրը տրամադրելու դիմաց իրենից գումար է պահանջել՝ $2 հազար. «Ես անգամ 2000 դրամ չեմ կարող տալ, ուր մնաց 2000 դոլար գտնեի: Այդքան գումար ունենայի՝ բնակարան կվարձեի ու երեխաներիս հետ հանգիստ կապրեի: Իմ երկու սենյականոց բնակարանից ինձ վտարեցին: 30 օր ժամանակ էր տրված, որ այդ լիազորագիրը ներկայացնեմ, իմ երեխան հիվանդանոցում էր, թունավոր զոբ ունի, ո՞նց պիտի իմ երեխային թողնեի, գնայի-ընկնեի այդ հարցերով: Նրանք տեղյակ էին այդ ամենից, 25 հազար դրամ են փոխանցել այդ հիվանդանոցի հաշվին: Ես էլ եմ հիվանդ, արյան քաղցկեղ ունեմ, ամուսինս մահացած է, դիսպետչեր եմ աշխատում տաքսի ծառայությունում, մի կերպ օրվա հացի գումար եմ վաստակում, որտեղի՞ց այդքան գումար տամ: Առանց այդ էլ, ընդհանուր առմամբ, այդ տունը ստանալու համար արդեն ծախսել եմ 90 հազար դրամ՝ փաստաթղթային քաշքշուկների համար»:

Այս առնչությամբ «Հույսի ավանի» գործադիր տնօրեն Վազգեն Համբարձումյանը «Առավոտին» պարզաբանումներ տալիս հերքեց, որ իրենց իրավաբանը կարող էր գումար պահանջել. «Այստեղ բնակվողներն անապահովներ են, որտեղի՞ց պիտի այդքան գումար տային: Եթե այդ կնոջ ասածն իսկապես համապատասխանում է իրականությանը, ես ոչ միայն աշխատանքից կհեռացնեմ Շողիկ Դանիելյանին, այլեւ նրան կխայտառակեմ: Բայց ես չեմ հավատում, իմ աշխատողը չէր կարող այդպիսի բան անել: Գումար ուզելու լինեինք՝ այդ բնակարանների գումարը կպահանջեինք»: Շողիկ Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը որեւէ մեկից գումար է պահանջել. «Ես ոչ թե դատական պատասխանատվությունից եմ վախենում, այլ իմ տնօրենից: Մեր ընկերությունը բարեգործական է, եթե մենք գումարային հարցեր շահարկենք, մեր ընկերությունն ուղղակի կփակվի: Բացի այդ, մենք այդ կնոջը մի քանի անգամ 30-օրյա ժամկետ ենք տրամադրել, նա ամեն անգամ մի պատճառ բերել է»:

«Դիակոնիայի» պատասխանատուները վստահեցնում էին, որ հարեւաններն էլ Հայկանուշից շատ դժգոհ են, քանի որ նա հարեւանների անդորրը խանգարել է՝ իր անվայելուչ պահվածքով: Իսկ բնակչի՝ «Դիակոնիայի» հետ ստորագրած պայմանագրով՝ նման դեպքերում բնակիչները կարող են վտարվել: Բացի այդ, Վ. Համբարձումյանը եւ Շ. Դանիելյանը մեզ Հ. Գրիգորյանի դեմ մի քանի քաղաքացիներից դիմում-բողոքներ ներկայացրին, ըստ որոնց՝ Հ. Գրիգորյանը ներկայանալով, թե իբր Վազգեն Համբարձումյանն իր բարեկամն է, խոստացել է մաղարիչով նրանց «Հույսի ավանից» տուն տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել