Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Հունիս 25,2007 00:00

\"\"Եթե նախորդ տարիներին հայերը նախընտրում էին հանգստանալու մեկնել հիմնականում Քոբուլեթի, Բաթում, Անթալիա, Սոչի, ապա այս տարի նրանց նախասիրություններն էապես փոխվել են:

Տուրիստական գործակալությունների տեղեկացմամբ, տարեցտարի հանգստանալու նպատակով ավելի շատ հայաստանցիներ են մեկնում արտերկիր: Եթե նախորդ տարի հունիսին հանգստյան ուղեգրերի պահանջարկը շատ ցածր էր, ապա այս տարվա հունիսին ձեռք բերված հանգստյան ուղեգրերն արդեն գերազանցում են նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշները:

Տասնյակ տուրիստական գործակալությունների հավաստմամբ, այս տարի հայաստանցի զբոսաշրջիկները հանգստանալու համար գերադասում են մեկնել եվրոպական երկրներ, առավելապես՝ Իսպանիա, Իտալիա եւ Ֆրանսիա: Նախասիրությունների նման փոփոխությունը տուրիստական գործակալությունները պայմանավորում են նրանով, որ այսօր դեսպանատներում Եվրոպա մեկնելու համար տրվող տուրիստական անցագրերը գրեթե չեն մերժվում:

Տուրօպերատորները նշում են, որ այսօր Քոբուլեթի, Սոչի, Անթալիա կամ Լառնակա մեկնում են հիմնականում սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող զբոսաշրջիկները: Նրանց տեղեկացմամբ, չնայած վերոնշյալ հանգստավայրերն ապահովված են հանգստացողների համար բարձրակարգ պայմաններով ու հյուրանոցներից շատերը ոչնչով չեն զիջում եվրոպական հյուրանոցներին, այնուամենայնիվ, այսօր Հայաստանի հարուստ զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն բարձրակարգ ծառայությունները, այլ նաեւ հնարավորինս անվանի հանգստավայրերը:

«Լեւոն Թրավլ Երեւան» տուրիստական գործակալության տնօրենի խոսքերով, օրինակ, դեպի Անթալիա հայ տուրիստների հոսքը պակասեց այն բանից հետո, երբ նախանցած տարի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտոնյաներին հորդորեց այդ երկիր հանգստանալու նպատակով չմեկնել. «Դրանից հետո Անթալիայի հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկը կտրուկ նվազեցին»:

Եթե Քոբուլեթի մեկնելու համար մեկշաբաթյա ուղեգիրն արժե մոտ 350-500 դոլար, ապա եվրոպական երկրներում հանգստանալ նախընտրողները պետք է վճարեն գրեթե 4 անգամ ավելի: Ասենք, Իսպանիայի, Իտալիայի կամ Հունաստանի 7-օրյա ուղեգիրը մեկ անձի համար արժե 1300-ից 1500 դոլար: Եվրոպական երկրներից ամենաթանկը Մեծ Բրիտանիայի հանգստյան ուղեգիրն է՝ մոտ 2000 դոլար: Բավականին մեծ պահանջարկ ունի նաեւ Կիպրոսի հանգստյան ուղեգիրը: Կիպրոսում 14 օր միջին կարգի հյուրանոցում հանգստանալու համար ուղեգիր կարելի է ձեռք բերել մոտ 1300 դոլարով՝ ներառյալ տոմսի արժեքը:

Շատ տուրիստական գործակալություններ նշում են, որ հանգստյան ուղեգրերի պահանջարկի ավելացմանը զուգահեռ, բարձրանում են նաեւ առաջարկվող ծառայությունների գները: Հունիս ամսվա համեմատությամբ, հուլիս եւ օգոստոս ամիսներին տոմսերի եւ ուղեգրերի գները բարձրանում են նվազագույնը 100 դոլարով: Չնայած այս հանգամանքին, հայաստանցի զբոսաշրջիկները տեղի հանգստավայրերի փոխարեն նախընտրում են հանգստանալ Հայաստանից դուրս: Նրանք դժգոհում են, որ տեղի հանգստյան տները հիմնականում չունեն սպասարկման որակյալ ծառայություններ, մարդկանց լիարժեք հանգիստը չեն կարողանում ապահովել եւ տեղաբնակների համար որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բացի այդ, Հայաստանի գրեթե բոլոր հանգստավայրերում, մասնավորապես՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սեւանում կամ Դիլիջանում ընտանիքով հանգստանալու դեպքում ծախսվում է գրեթե նույն գումարը, ինչ, ասենք, Քոբուլեթի կամ Լառնակա մեկնելու դեպքում: Այդ պատճառով էլ, ինչպես հավաստում են տուրգործակալությունները, Հայաստանի հանգստավայրերում ամռան ամիսներին տեղացիները մի քանի օրից ավելի հնարավորություն չունեն հանգստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել