Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԳԹԿ-ն գոհ է ինքն իրենից

Հունիս 25,2007 00:00

Իսկ քննական նոր համակարգի հաջողված լինել-չլինելու մասին գնահատականը ԳԹԿ տնօրեն Վանյա Բարսեղյանը թողնում է հանրությանը:

«Հայացք» ակումբում երեկ կայացավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանի ասուլիսը, որի թեման նոր՝ միասնական համակարգով անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությունների արդյունքներն էին: Պրն Բարսեղյանը հայտնեց. «Երեկ մինչեւ կեսօր բոլոր ցուցակները ըստ դպրոցների տրամադրվել են մարզային կրթության վարչությունների աշխատակիցներին: Վերջիններս էլ դրանք հասցրել են դպրոցների տնօրեններին»: Այն դպրոցների մասին էլ, որոնք սահմանված ժամկետներում չեն ստացել քննությունների արդյունքները, իսկ այդպիսիք շատ էին, ԳԹԿ տնօրենն ասաց. «Ծնողն ու աշակերտը իրենք պետք է դպրոցի տնօրենից պահանջեին, որ շուտ հասցնեին արդյունքները: Մենք գործել ենք հստակ եւ արագ, նույնիսկ ֆաքսի ու ինտերնետի միջոցով ենք ուղարկել դրանք»: Նա տեղեկացրեց, որ ավարտական քննության համար հայտագրված 37 936 շրջանավարտներից բացակայել է 712-ը: Միասնական քննություններին Հայաստանում եւ Ղարաբաղում մասնակցած մոտ 50000 աշակերտներից նվազագույնի շեմը չի հաղթահարել՝ առնվազն 12 հարցի չի պատասխանել 633 շրջանավարտ: Անբավարար ստացածները քննությունը կվերահանձնեն հուլիսի 9-ին:

Պրն Բարսեղյանը նորից հիշեցրեց, որ թեստերի 0-50 միավորանոց համակարգը համապատասխանեցվել էր 20 միավորին: 48-50 ճիշտ պատասխան ունեցող աշակերտները ստացել են 20 միավոր: Իսկ նրանք 1490 հոգի են: 44-47 միավոր հավաքած 4036 շրջանավարտ էլ գնահատվել է 19 միավոր:

Վ. Բարսեղյանի ձեւակերպմամբ, այսպիսի սանդղակավորումը պահպանում է հավասարության ու միասնականության սկզբունքը:

Շրջանառվող այն խոսակցություններին, թե մարզերում ոմանք հաջողացրել են բարձր գնահատականներ ապահովել իրենց զավակների համար, պրն Բարսեղյանը պատասխանեց. «Նման շշուկները Գնահատման եւ թեստավորման կենտրոնի համար հիմք չեն»:

Էքստեռն քննություն հանձնողների մասին էլ ասաց, որ հայտագրված 304 հոգուց քննությանը մասնակցել է 252-ը: Նման քննությունը կազմակերպվել է առանձին քննական կենտրոններում:

Վ. Բարսեղյանը միասնական քննական նոր համակարգի հաջողված լինել-չլինելու մասին գնահատականը թողեց հասարակությանը, որովհետեւ համոզված է, որ իրենք լավ են աշխատել: Անդրադառնալով բողոքարկմանը, նա հայտնեց, որ ընդունվել է 2600 դիմում-բողոք: «Բողոքարկման հաձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է առաջադրանքների բովանդակային հարցերը: Բավարարվել են բոլոր բողոք- դիմումները: Հրավիրվել են մասնագետների խումբ, տարբեր դպրոցների ուսուցիչներ, ովքեր ուսումնասիրել են աշխատանքները ու, անկախ բողոքարկողներից, «ա» մակարդակի 19-րդ առաջադրանքում բոլոր սխալ պատասխանների համար շրջանավարտներին տրվել է 0,3 միավոր, այսինքն՝ այն համարվել է ճիշտ: Ի տարբերություն միասնականի, ավարտական քննության արդյունքների բողոքարկումները կկազմակերպվեն դպրոցներում: Դիմումները բողոքարկման հաձնաժողովին պետք է ներկայացնեին մինչեւ երեկվա ժամը 6-ը»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել