Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ «ՍՊԻՏԱԿ» ՔԱՂԱՔԸ

Օգոստոս 23,2007 00:00

\"\"Դրանց արդյունքները հաստատում են, որ հայտնաբերվածը, իրոք, Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքն է:

Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, «Երկիր» միության ու ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը օգոստոսի 2-ից վերսկսել է մ.թ.ա. առաջին դարում Հայոց արքա Տիգրան Մեծի (95-55 թթ.) կողմից Արցախում հիմնադրած քաղաքի պեղումները: Արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, անդամներն են Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դոցենտ, ճարտարապետության թեկնածու Լյուբա Կիրակոսյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վարդգես Սաֆարյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աղավնի Ժամկոչյանը:

«Առավոտին» թեմայի հետ առնչվող մանրամասներ փոխանցեց Համլետ Պետրոսյանը: «Կարծում էինք, որ Տիգրանակերտի հայտնաբերումը էական արձագանք կունենա ոչ միայն հասարակության, այլեւ զանազան պաշտոնական մարմինների կողմից: Բայց երբ «Երկիր» միությունը դիմեց Հայաստանի կառավարությանը, հանդիպեց սառը վերաբերմունքի»,- նշեց Հ. Պետրոսյանը: Տիգրանակերտի հայտնագործման վերաբերյալ գիտական շրջանակներում երբեմն թերահավատ վերաբերմունք էլ է նկատելի: «Շատ մարդիկ, ովքեր Տիգրանով չեն զբաղվել, Տիգրանակերտի մասին ոչինչ չեն գրել, իբր թե կասկածներ ունեն, արդյո՞ք հայտնագործվածը Տիգրանակերտն է: Գիտական վաստակի եւ մասնագիտական հմտությունների գնահատման փոխարեն Հայաստանում սոցիալական խմբավորումներ են առաջացել: Դրանք գործին չեն աջակցում, այլ հակառակը»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ ժամանակին պատմաբան Բաբկեն Հարությունյանն առաջ էր բերել այն վարկածը, ինչի համաձայն՝ իբր Տիգրանակերտը հիմնադրել է ոչ թե Տիգրան Մեծը, այլ Տիգրան Երվանդյանը՝ մ. թ. ա. 6-5-րդ դարերում: «Սեբեոսն ու Կաղանկատվացին վկայում են, որ առնվազն 18-րդ դարից սկսած կար մի ավանդություն. Շահ բուլաղի՝ շահի աղբյուրի մոտ գտնվում է Տիգրանակերտը: Այն հայերը Թնգռնակերտ են անվանել, իսկ թուրքերը՝ Թառնայուրդ»,- կարծում է արշավախմբի ղեկավարը:

2007թ. պեղումների ընթացքում 15 մ երկարությամբ բացվել է քաղաքի միջնաբերդի «ծիծեռնակապոչ» պատը: Քաղաքի կենտրոնական թաղամասում շարունակվում են 5-6-րդ դարերի քրիստոնեական բազիլիկայի պեղումները: «Պարիսպների ժայռափոր հիմքերի առկայությունը քաղաք հայտնագործելու ամենահիմնական պայմաններից է: Այս ժայռերը ժամանակին նկատել են նաեւ ադրբեջանցիները, բայց կարծել, որ դրանք դեպի Վանքասար տանող աստիճաններ են»,- պատմեց Հ. Պետրոսյանը: «Երբ ժամանակին ադրբեջանցիները Վահիդովի ղեկավարությամբ կատարում էին Գյավուրկալա բնակավայրի պեղումները, նա իր հոդվածներից մեկում գրեց, թե չնայած ոմանք ենթադրում են, որ Տիգրանակերտը գտնվում է Գյավուրկալայի տարածքում, ինքը վստահ է, որ այն Շահ բուլաղի մոտ է: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք այժմ պեղումներ ենք կատարում: Ի՞նչ կատարվեց ադրբեջանական պատմագրության հետ, որ հայտնի հեղինակությունների կարծիքն այսօր նրանց զվարճալի է թվում»,- զարմացած է պրն Պետրոսյանը: Տիգրանակերտի պեղումների արդյուքները ներկայացվել են Շվեյցարիայում՝ ցուցահանդեսով, ԱՄՆ-ում բազմաթիվ հեռուստահաղորդումներ են նկարահանվել: Այս պեղումները, օրինակ՝ լեհ մի գիտնական անվանել է քաղաքական: «Այդպիսի անձինք կարծում են, որ եթե ԼՂՀ-ում է գործը կատարվում, ուրեմն այն գիտության հետ կապ չունեցող մի բան է: Որոշ արձագանքներ էլ կան, թե տարածքը վիճարկելի է եւ այդտեղ պետք չէ պեղումներ անել։ ԼՂՀ-ն պետություն է, եւ միջազգային ոչ մի կառույց ինչպես նրան չի կարող արգելել սահմանադրություն ունենալ, նախագահ ընտրել, այնպես էլ սեփական մշակութային ժառանգության հետազոտությամբ զբաղվել»,- շեշտեց Հ. Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել