Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 03,2007 00:00

\"\"Սա է այսօրվա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը

Հոկտեմբերի 23-ին տեղեկատվական ոչ զանգվածային երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնարարքների ու ապօրինությունների հետ առնչվել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ծեծուջարդից հետո կալանքի էր ենթարկվել ու ոստիկանատուն տարվել 11 հոգի: Ինչպես հայտնի է, նրանք ազատ արձակվեցին հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այստեղ գալու ու ներկայացրած կտրուկ պահանջի շնորհիվ: Քանի որ ոստիկանության կողմից ապօրինությունը ու քաղաքացիների տարրական իրավունքների խախտումը բացահայտ էր, ավելի վաղ այստեղ էր հրավիրվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Երկու օր առաջ իր տված հարցազրույցում Արմեն Հարությունյանը պնդում է, թե այդ գործում քաղաքական բնույթի որեւէ բան չի տեսնում, որ՝ ազատազրկվածներին, միեւնույն է, ազատ էին արձակելու, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը դրանում ոչ մի դեր չի խաղացել:

Ո՛չ Արմեն Հարությունյանի իրավաբանական կրթությունն ու դոկտորի գիտական աստիճանը, ո՛չ Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու պաշտոնում աշխատելու փորձը կարծես թե ոչ մի կերպ բավարար չեն հասկանալու համար այն, ինչը տարրական տրամաբանություն է պահանջում: Երթի մի քանի տասնյակ մասնակիցները թռուցիկներով ու ձեռքի բարձրախոսով առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում էին իրականացնում: Այդ բանը նրանք արել են հարյուրավոր անգամ՝ նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հետո, ու ոչ մի արգելքի չեն հանդիպել: Պարզ մի պատճառով. քանի որ այդ իրավունքը տառացիորեն նախատեսված է համապատասխան օրենքի համապատասխան հոդվածներով: Ինչու հանկարծ այս դեպքում ոստիկանությունը որոշեց արգելել եւ խլել բարձրախոսը: Խնդիրն իրոք քաղաքական է, իսկ սադրանքի նպատակը շատ հստակ. խափանել հոկտեմբերի 26-ին նշանակված հանրահավաքի կայացումը: Դրա համար կար մեկ ձեւ՝ որեւէ պատրվակով ժամանակավորապես ձերբակալել հանրահավաքի պաշտոնական կազմակերպիչներին՝ Նիկոլ Փաշինյանին եւ Դավիթ Մաթեւոսյանին (նրանք էին դիմել ու նրանց անունով էր ձեւակերպված հանրահավաքի հայտը)։ Ում կազատեին, ում կպահեին հոկտեմբերի 23-ին, բայց այս երկու հոգուն ձերբակալելու ու հաստատ պահելու էին մինչեւ հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամը 7-ը, այսինքն՝ այնքան ժամանակ, մինչեւ կավարտվեր հանրահավաքի համար տրամադրված ժամկետը: Իսկ այդ դեպքում, պաշտոնական կազմակերպիչների բացակայությամբ, հանրահավաքը կդառնար ոչ օրինական եւ կխափանվեր: Եվ եթե չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի անակնկալ ներկայությունը եւ պահանջը, հենց այդպես էլ լինելու էր՝ խափանվելու էր հանրահավաքը: Այսինքն՝ նա դրանով նախ եւ առաջ կանխեց հանրահավաքի դեմ նյութված քաղաքական սադրանքը: Փաստ է, որ հաջորդ երկու օրերին էլ Ն. Փաշինյանին եւ Դ. Մաթեւոսյանին ոստիկանությունը հետամուտ էր ձերբակալելու, իջեցված քաղաքական հրահանգն ի վերջո կատարելու համար: Մինչեւ հանրահավաքի սկսվելու պահը նրանց ֆիզիկական անմատչելիությունը միայն հնարավորություն չտվեց իրականացնել դա։ Եթե Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան դոկտոր-պրոֆեսորն այսչափ զուրկ է քաղաքական հոտառությունից ու տարրական տրամաբանությունից….

Իսկ գուցե բոլորովին ա՞յլ են մեր եւ նրա պատկերացումները Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մասին։ Համենայնդեպս, արձանագրենք մի քանի փաստ.

ա) Ոստիկանության բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում նրա բոլոր միջամտությունները ուղղված են եղել ոչ թե իրեն հրավիրող կալանվածների իրավունքների պաշտպանությանը, այլ հիմնավորելու համար ոստիկանության գործողությունների օրինականությունը:

բ) Ոստիկանության պահանջները եւ գործողությունները ակնհայտ ապօրինի են եղել տեղեկատվական երթի մասնակիցների նկատմամբ, նրանց գործադրած բռնությունների հետեւանքով մարդիկ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Ոչ միայն խոչընդոտել են իր պաշտոնական պարտականությունները կատարող լրագրողին, այլեւ նրան եւս պատճառել են նույնպիսի մարմնական վնասվածքներ: Պաշտպանին ինչու չի հուզում, որ այս ամենից հետո ոչ մի ոստիկան կասկածյալ չկա:

գ) Իր՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ 11 հոգի առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման 8 ժամ գտնվել է ապօրինի ազատազրկված վիճակում: Գեթ իր զբաղեցրած պաշտոնի պատվախնդրությունից ելնելով՝ ինքն իրեն վիրավորված չի՞ զգում, որ դրա համար եւս ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Այս ամենը ցույց է տալիս շատ պարզ ու հասկանալի մի բան. Արմեն Հարությունյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը մատուցվել է, եւ նա ինքն էլ դա ընկալում է հենց այդպես՝ եզակի իմաստով, որպես մեկ մարդու՝ Ռ. Քոչարյանի պաշտպան: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Ինչպես այլ կարեւոր պաշտոնները, այնպես էլ սա պետք է ձեւախեղվեր, հարմարեցվեր ավազակապետական բուրգի տրամաբանությանը, որպես պարզ մի գործիք՝ ծառայեր առաջին հերթին այդ բուրգի գագաթին: Այնպես որ՝ կոչ ենք անում բոլորին՝ այսօրինակ եւ որեւէ այլ իրավիճակում երբեք չդիմել Մարդու իրավունքների պաշտպանի օժանդակությանը, ավելին՝ թույլ չտալ նրա ներկայությունը, քանի որ նա գալու է ոչ թե պաշտպանելու ձեր իրավունքները, այլ արդարացնելու, քողարկելու, կոծկելու ոստիկանների ապօրինությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել