Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՍԻՐՎՈՒՄ

Նոյեմբեր 20,2007 00:00

Հաշմանդամներն էլ աղջիկ են «փախցնում», ամուսնանում, աշխատում ու սպորտով զբաղվում

\"\"Շուշանիկն ու Հմայակը երգում են Շարլ Ազնավուրի հրապարակում: Նրանք նաեւ զբաղվում են սպորտով:

 

\"\"Դավիթը նաեւ սիրում է փորագրել: Նա հավատացած է, որ իր տաղանդների շնորհիվ կգրավի սիրած աղջկա սիրտը:

 

«Մի հանգստյան օր ընկերներով որոշեցինք գնալ Հրազդան գետ՝ լողալու: Եվ քանի որ ես հաճախում էի լողի հանրապետական դպրոց եւ ջրային թռիչքներ էի կատարում, այստեղ էլ որոշեցի այդպիսի պրոֆեսիոնալ թռիչք կատարել: Բայց պարզվեց՝ գետը շատ խորը չէր: Թռիչքից ողնաշարս վնասվեց: Դրանից հետո ես դարձա հաշմանդամ, չէի կարողանում հաշտվել այդ վիճակի հետ, մոտ 8 տարի մեկուսացել էի հասարկությունից եւ տնից դուրս չէի գալիս: Շփվում էի միայն մեր տան անդամների եւ իմ շան հետ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Դավիթ Բաբայանը, որը սայլակի օգնությամբ է տեղաշարժվում: Ներկայումս Դավիթն աշխատում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես համակարգչային բաժնի վարիչ: Սիրում է աշխատել: Նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված է եղել տանը մնալ ու չորս պատից դուրս չգալ, միեւնույն է՝ իր կյանքում հետաքրքրություն մտցնելու եւ օրը լցնելու համար միշտ որեւէ զբաղմունք գտել է: Սկզբում հետաքրքրվել է ռադիոտեխնիկայով, իսկ երբ հայտնվել է համակարգիչը՝ նվիրվել է այս նորույթը բացահայտելուն: Մեր հարցին, թե ի՞նչը ստիպեց ի վերջո տնից դուրս գալ ու շփվել իր հասակակիցների հետ, Դավիթը պատասխանեց. «Պարզապես ժամանակը հասունացավ, մտածեցի, որ միայն ես չեմ այսպիսին, փորձեցի գտնել ինձ նմաններին կամ այն մարդկանց, ովքեր ինձ կհասկանային ու կընդունեին»: Դավիթը շատ շնորհալի է եւ լավ ձայն ունի: Նա երգել է «Կարմիր խաչի» երգչախմբում, իսկ վերջերս էլ երգում է նոր ստեղծված «Նոր ձայներ» կվինտետում:

Դավիթը շատ ռոմանտիկ է եւ իր պատմելով՝ հաճախ է սիրահարվում: Բայց նրա սիրավեպերը միշտ շատ կարճ են տեւում: Սիրահարվում է եւ շուտ հիասթափվում: Այժմ նա հանդիպել է իր երկրորդ կեսին: «Անպայման ամուսնանալու եմ նրա հետ»,- ինքն իր առջեւ այսպիսի նպատակ է դրել Դավիթը:

Հմայակ Մարգարյանը նույնպես երգում է «Նոր ձայներում»։ Իսկ նախկինում նա ելույթներ է ունեցել «Փարոս» կամերային երգչախմբում: Նա 11 տարեկանում դժբախտ պատահարի հետեւանքով հաշմանդամ է դարձել. «Հանքավանի ճանապարհին ավտոմեքենայով շրջվեցինք ձորը, եւ ես ընկա հիվանդանոց, այնուհետեւ ինձ արդեն սայլակ էր պետք»: Բնական է, որ 11-ամյա երեխան պատրաստ չի եղել այդ փորձությանը: Նա շատ աշխույժ է եղել, զբաղվել է ծանրամարտով եւ բասկետբոլով, ինչպես նաեւ՝ ոսկերչությամբ: Մեր հարցին՝ ի՞նչ երազանք ունի՝ Հմայակը պատասխանեց. «Ես շատ երկար ժամանակ երազում էի մահանալու մասին: Բայց ժամանակի ընթացքում հաշտվեցի իմ վիճակի հետ»:

Ի տարբերություն Դավիթի, Հմայակը ոչ միայն գտել, այլեւ ամուսնացել է: Հմայակը շատ լավ էր հիշում այն օրը, երբ առաջին անգամ հանդիպել է ապագա կնոջը. «Մենք ամեն տարի մայիսին այցելում էինք «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն, ու հերթական այցելության ժամանակ ես տեսա նրան: Այնտեղ բուժքույր էր աշխատում։ Չնայած արդեն մինչեւ ականջներս սիրահարվել էի, բայց երկար ժամանակ նրան չէի խոստովանում: Վախենում էի, բայց մի կողմից էլ սիրտս պայթում էր զգացմունքից: Շատ լավ եմ հիշում՝ 1994-ի նոյեմբերի 12-ն էր, երբ վերջապես արտահայտվեցի ու խոստովանեցի, որ ես իրեն սիրում եմ։ Ինչպես սպասում էի, նա սկզբում խառնվեց իրար, խուճա պահար եղավ: Մտածում էր, որ ծնողները չեն համակերպվի այն մտքի հետ, որ իրենց աղջիկն ամուսնանալու է հաշմանդամի հետ, սակայն ես նրան հանգստացրի՝ ասելով՝ եթե ես չեմ ամաչում, իմ կողքինն ինչո՞ւ պետք է ամաչի իմ փոխարեն»։ Հմայակը բուժքրոջ հետ մոտ մեկ տարի ընկերություն է արել՝ միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Հաշվի առնելով, որ Հայաստանում սայլակով տեղաշարժվելու համար շատ քիչ օբյեկտներ եւ փողոցներ են հարմարեցված՝ Հմայակը ստիպված է եղել մայրաքաղաքում ուսումնասիրություններ կատարել՝ պարզելու, թե որտե՞ղ կարելի է զբոսնել ընկերուհու հետ: Նրանք ավելի հաճախ գնացել են «Ադանաս» պանդոկ ու քայլել օպերայի շրջակայքում։ Այդ ժամանակ Հմայակն իր ոտքերին «ֆիքսատորներ» է կրել, որոնց միջոցով կարողացել է քայլել: Չնայած Հմայակն իր կողակցին «կինս» էր անվանում, բայց, ինչպես ճշտեցինք՝ նրանք ոչ եկեղեցով, ոչ էլ զագսով ամուսնացած չէին: Հմայակի խոսքերով՝ «Դրանք ձեւական բաներ են: Եթե մեկին սիրում ես, կարեւոր չի նրա հետ զագս գնաս»: Հմայակը կնոջը, այսպես ասած՝ «փախցրել» է: Նրանք առայժմ երեխաներ չունեն, բայց Հմայակը համոզված է, որ դեռ կհասցնեն:

30-ամյա Շուշանիկ Նահապետյանը նույնպես ամուսնացած է: Նա իր մայրիկի ու քույրիկի հետ միասին վայր է ընկել 3 հարկի պատշգամբից ու դարձել հաշմանդամ. «Մենք ապրում էինք Վրաստանի Ախալքալաք քաղաքում, երբ տան պատշգամբը փլվեց, «ամենաճակատագրական» վնասվածքը ես ստացա։ Այն ժամանակ ընդամենը 13 տարեկան էի»։ Նա նախկինում հաճախել է բասկետբոլի, իսկ հիմա երգում է «Նոր ձայներ» երգչախմբում, ինչպես նաեւ աշխատում «Ունիսոն» հ/կ-ում՝ որպես մենեջեր։ Շուշանիկը ամուսնուն հանդիպել է «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնում, որտեղ նա հաճախ այցելել է հորաքրոջը։ Շուշանիկը նույնպես առայժմ երեխա չունի: Նա որոշ չափով կարողանում է քայլել, սակայն նախընտրում է շարժվել սայլակով, որովհետեւ ոտքով շատ է հոգնում:

Հաշմանդամները հիմնականում բողոքում էին իրենց կենսաթոշակի չափից: Նրանք ընդամենը 5800 դրամ գումար են ստանում: «Մեզ ասում են՝ աշխատանքային ստաժ չունեք, ավելի բարձ գումար չենք կարող տրամադրել, իսկ ինչպե՞ս կարող էինք աշխատանքային ստաժ ունենալ, եթե ոչ մի տեղ մեզ աշխատանքի չեն ընդունում։ Այսքան ժամանակ Հայաստանում միակ կազմակերպությունը, որ աշխատանքի է ընդունում հաշմանդամներին՝ «ՎիվաՍելլն» է»,- պատմեցին հաշմանդամները:

Հ. Գ. Ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից: Մեր բոլոր զրուցակիցները հաշմանդամ են դարձել հանգամանքների բերումով: Ուստի հասարակությունը պետք է գիտակցի, որ իրենցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի մի դժբախտ դեպքի պատճառով դիմել սայլակի օգնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել