Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Ր ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՊԱՏԺՎՈՒՄ

Փետրվար 02,2008 00:00

«Առավոտի» հետ հարցազրույցում ասաց «Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ, «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է լրագրողական հետաքննությունը եւ, ընդհանրապես, այն լրագրողին կամ լրատվամիջոցին ի՞նչ է տալիս:

– Հայաստանում վաղուց հեռուստատեսությամբ հետաքննական նյութեր չկան: Հետաքննությունը չարաշահում կամ ինչ-որ բան բացահայտելն է, որը հասարակական մեծ հնչեղություն ունի եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հրապարակումից հետո: Դժբախտաբար, մեր երկրում նման նյութերի հրապարակումից հետո այնքան էլ բան չի փոխվում: Վերջերս մեր լրագրողը բացահայտել էր, որ Օձունի գյուղապետը կարկտահարությունից տուժած գյուղացիների անուններով գումար էր դուրս գրել, ցուցակում մարդկանց անուններ էր գրել՝ իբր օգնություն են ստացել, բայց իրականում գյուղացիները տեղյակ էլ չեն եղել, որ նման բան կա: Նույնիսկ ցուցակում նշված է եղել երկու հոգու անուն, որոնք Օձունում չեն եղել: Գյուղապետն այդպես էլ չպատժվեց: Հայաստանում ո՞ր հրապարակումից հետո է ինչ-որ մեկը պատժվում, որ նա պատժվեր: Ցավն այն է, որ ամիսներով նյութի վրա չարչարվում ես, բայց ոչ մի արձագանք չի գտնում: Շատ-շատ՝ մի քանի հոգի ասի, որ շատ լավ նյութ էր: Դա է պատճառը, որ խմբագիրներն ու լրագրողները շահագրգռված չեն հետաքննություն անել: Վերջին նյութը, որի վրա 8 ամիս աշխատեցինք, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բիզնեսի մասին էր, թե ինչպես էր նրա բարեկամների, հարազատների, ընկերների, օգնականի անուններով մոտ 14 մետաղական հանքերի շահագործման լիցենզիա հատկացվել: Այդ ոլորտում մեր ուսումնասիրությունները շարունակվում են, պարզվում է՝ ընդերքը շահագործող կազմակերպությունների մեջ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դարձել են փայատերեր եւ այդ մասին մեր հասարակությունը տեղյակ չէ: Նրանք լիցենզիա ստանալու համար վճարել են մի քանի տասնյակ հազար դրամ, հիմա այդ հանքերը վաճառում են մի քանի միլիոն դոլարով, այսինքն՝ առանց որեւէ ներդրում անելու միլիոնավոր դոլարներ են աշխատում: Սա շատ դասական օրինակ է, թե ինչպես են պաշտոնյաներն իրենց պաշտոնեական դիրքն օգտագործում սեփական բիզնեսը զարգացնելու համար: Հրապարակումից հետո նույնպես ոչ ոք չպատժվեց:

– Հայտնի է, որ Դուք լուրջ հետազոտություն եք իրականացրել նաեւ թրաֆիքինգի գծով եւ նույնիսկ այդ մասին գիրք ունեք («Անապատի գիշերներում»), հետաքննությունն իրականացնելիս ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք:

– Իրոք, դա լուրջ նյութ էր, այդ հետաքննությունը տեւեց ուղիղ մեկ տարի: Երեք անգամ գնացել ենք Դուբայ, մեզ աջակցում եւ ֆինանսավորում էր սփյուռքահայ մի բարերար: Այդ նյութը մեծ արձագանք գտավ թե Հայաստանում, թե նրանից դուրս: Հնչեղության իմաստով սա ամենաարդյունավետն էր, քանի որ հրապարակումից հետո ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, մեզանից պահանջեցին ձայնագրությունները, սակայն մերժեցինք դրանք տրամադրել, քանի որ ձայնագրության մեջ մարմնավաճառները եւ կավատներից մեկն ասում էին, թե ինչպես են կաշառք տալիս իրավապահ մարմինների աշխատակիցներին: Մեզ համար վտանգավոր էր Դուբայում աշխատելը, նույնիսկ արդեն ձերբակալվելու վտանգ կար, հյուրանոցը փոխեցինք: Մենք մի քիչ խորացել էինք, իսկ այնտեղ սեքսբիզնեսը կազմակերպված բնույթ է կրում: Կենտրոններ էինք հաճախում, որոնց անվտանգության տեսախցիկները մեզ արդեն ֆիքսել էին: Հեռուստաընկերությունները չեն ուզում նման հաղորդումներ ցուցադրել, ընդամենը մեկ անգամ է ցուցադրվել: Թերթերում հոդվածները տպագրվում են, նույնիսկ արտասահմանյան թերթերում: Ֆիլմի տեսքով տեղադրված է նաեւ ինտերնետում եւ արդեն 100 հազար մարդ է դիտել:

– Պրն Բաղդասարյան, երբ ասում եք, որ հեռուստաընկերությունները չեն ցանկանում հետաքննական ռեպորտաժներ ցուցադրել, կարո՞ղ եք ենթադրել, որ իշխանությունների կողմից էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ կան:

– Նրանք ճնշումների կարիք էլ չունեն, արդեն գիտեն՝ ինչն են եթեր տալու, ինչը՝ ոչ: Նրանց պետք չէ նման հաղորդումներ եթեր տալ, քանի որ չեն ուզում խնդիրներ ունենալ իշխանությունների եւ իրավապահ մարմինների հետ: Իրենք իրենց արդեն վերահսկում են:

– Ո՞րն է հետաքննության Ձեր նախընտրած ոլորտը, որով կուզենայիք լուրջ զբաղվել:

– Կուզենայի խորանալ ստվերային տնտեսության ոլորտում, նույնիսկ փորձեցի, բայց չստացվեց: Երեք օլիգարխների հետ հանդիպեցի, նրանց թվաց, թե լրագրողն իրենցից փող է ուզում, վատ կարծիք ունեն լրագրողի մասին: Նույնիսկ գրավոր էլ մեր կապը չստացվեց. 20 հասցեով ուղարկեցի, այդպես էլ պատասխան չստացա: Չեմ ասի անտարբեր են, բայց չեմ էլ կարող բացատրել, թե ինչպիսին են: Օրինակ, մի քանի ամիս է՝ Գագիկ Ծառուկյանից չեմ կարողանում մի տեղեկություն ստանալ: Նա մի ոսկու հանք ուներ, որի 42 աշխատակիցներից նամակ էինք ստացել, որ մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, ընկերության գրասենյակն էլ փակ է, հեռախոսն էլ՝ անջատված: Անգամ չէին կարող դատարան դիմել, քանի որ փաստաթղթեր չունեին: Արդեն 2 անգամ վճարովի փոստով պաշտոնական նամակ ենք ուղարկել պրն Ծառուկյանին, գիտենք, որ նամակը ստացել են ու ստացականն էլ ստորագրել, սակայն նրա մամուլի խոսնակներն ասում են, որ այդ հարցով մեզ չեն կարող օգնել: Ունենք փայլուն օրենք, սակայն այն չի կիրառվում եւ քո ուզած տեղեկությունը չես կարող ստանալ: Իսկ լրագրողներիս հիմնական խնդիրը տեղեկություն ստանալն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել