Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՂՋԱՑՈՂԻՆ ԹՈՒՐ ՉԻ ԴԻՊՉԻ

Փետրվար 14,2008 00:00

Խնդիրը միացյալ ընդդիմությանը սատարելն է

Նորից իմ ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առաջ: Նրանից, թե ինչպիսին կլինի այդ ընտրությունը, կախված է, թե ինչպես նա կապրի առաջիկա երկու տասնամյակում: Թեեւ մենք ընտրում ենք նախագահ՝ հերթական հնգամյա ժամկետով, փաստացի այս ընտրություններով մենք կարող ենք ճանապարհ բացել մոտակա 15-20 տարում Քոչարյան-Սարգսյան կլանի կողմից իշխանության զավթման համար:

Մեր պատմության բազմաթիվ օրինակները վկայում են, որ չնայած մեր ժողովրդի իմաստնությանը, իրավիճակներում, երբ նա կանգնած էր պատմական ընտրության առաջ, մարդիկ, ցավոք սրտի, ավելի շուտ առաջնորդվում էին զգացմունքներով եւ այսրոպեական շահով, քան հնարավորությամբ՝ նայելու երկարաժամկետ հեռանկարին եւ ընդունելու մի որոշում, որը թույլ կտար խուսափել այն բացասական հետեւանքներից, որոնք հետո դառնում էին ազգային ողբերգություն:

Ոչ մի դեպքում չի կարելի ենթադրել, որ այսօր մենք կանգնած ենք սովորական ընտրության առաջ: Բայց մեզնից շատերը գիտեն, որ կյանքը հաճախ է մարդուն դնում «երկու չարիքներից» մեկն ընտրելու առաջ, եւ պետք է իմաստնությամբ զինված լինել, որպեսզի ճիշտ կողմնորոշվելով՝ ընտրենք չարիքներից փոքրագույնը: Ինչ խոսք, եթե լիներ այսօր նախագահի իդեալական թեկնածու, որն իր հետեւում չէր ունենա սխալների «պոչ», եւ որը բոլորի համար ձեռնտու տարբերակ կլիներ, մեր խնդիրը էականորեն կհեշտանար, բայց նման թեկնածու, ցավոք, չունենք:

Ո՛չ Վահան Հովհաննիսյանը, ո՛չ Արթուր Բաղդասարյանը չունեն այն քաղաքական կշիռը, որը նրանց թույլ կտար այսօր հաղթահարել Սերժ Սարգսյանին: Ակնհայտորեն, շատ չափանիշներով Սերժ Սարգսյանը զիջում է ե՛ւ Վահան Հովհաննիսյանին, ե՛ւ Արթուր Բաղդասարյանին, բայց Սարգսյանն ունի հսկայական վարչական ներուժ, որը կարող է նրա առավելությունն ապահովել ցանկացած առանձին վերցրած թեկնածուի առաջ: Այս իրավիճակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքերը, անկասկած, գերադասելի են, քանի որ այսօր նրա ընտրազանգվածը ամենամեծաթիվն է: Սակայն ձայների եւ ա՛յդ քանակը կարող է բավարար չլինել ընտրություններում հաղթելու համար:

Մարդկանց թվում, ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ միայն նրանք են, ովքեր չեն կարող ներել վերջինիս՝ իր թույլ տված սխալների համար, այլեւ նրանք, ում լրատվամիջոցների ճնշող մեծամասնության նպատակաուղղված քարոզչությունը լարել է առաջին նախագահի դեմ՝ ներկայացնելով Տեր-Պետրոսյանի նախագահական ողջ գործունեությունը միայն բացասական լույսի ներքո:

Հավատացեք, կանցնեն դարեր եւ մեր սերունդները, մի կողմ նետելով կամ, եթե կցանկանաք, ներելով նրան այդ բոլոր սխալները, կմեծարեն առաջին նախագահին՝ որպես իրենց մեծագույն հայրենակիցը, ըստ արժանվույն գնահատելով գլխավորը, ինչ նա կարողացավ անել՝ մեր ժողովրդի պատմության մեջ տանելով մեծագույն հաղթանակերից մեկը:

Կարելի է հասկանալ նրանց, ովքեր չեն կարողանում ներել Տեր-Պետրոսյանին՝ ցուրտ եւ սոված տարիները, քանզի չի կարելի ժխտել, որ այդ տարիներին նա թույլ է տվել որոշակի վրիպումներ: Բայց չէ՞ որ նա առաջի՛ն նախագահն էր: Նրանք, ովքեր երբեւէ եղել են առաջնորդի դերում, գիտեն, թե որքան դժվար է երբեմն լինել առաջինը, որքան խնդիրներ է պետք լուծել միաժամանակ, որքան մեծ է սխալի գինը եւ պատասխանատվության որպիսի մեծ բեռ է կրում առաջնորդը, հատկապես ծայրահեղ իրադրություններում: Իսկ այն, որ այդ տարիներին իրավիճակն իսկապես ծայրահեղ էր՝ բացառելն անհնար է:

Պատկերացրեք. մի փոքրիկ երկիր, առանց նշանակալից բնական հարստությունների եւ նյութական ռեսուրսների, որը հայտնվել է շրջափակման մեջ, որը ոչ վաղ անցյալում ցնցվել է ավերիչ երկրաշարժից, երկիր, որի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը փախստական է, որը պատերազմում է բնակչության քանակով իրեն գրեթե երեք անգամ գերազանցող հակառակորդի հետ… մի՞թե այդ ամենը էքստերմում չէ: Այդ ամենին գումարեք հսկայական սոցիալ-տնտեսական փոփոխությունները՝ կապված կյանքի նոր որակի անցման հետ, եւ դուք կհասկանաք, թե որքան դժվար էր ընտրել օպտիմալ որոշումներ ու թույլ չտալ սխալներ:

Զուր չէ, որ ավանդական չինական անեծքը հնչում է այսպես. «Թո՛ղ ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում»:

Փետրվարի 9-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը դարձավ այն բանի ապացույցը, որ մեր ժողովուրդը բավականաչափ սթափ է գնահատում իրավիճակը, ու եթե չլինեին Տեր-Պետրոսյանին միավորվելու ցանկություն չհայտնած նախագահության մյուս երկու թեկնածուների անձնական հավակնությունները, ապա հաղթանակը, անկասկած, կլիներ ընդդիմության կողմը: Սակայն այդ երկու առաջնորդներն ընտրեցին, ինչպես իրենք են կարծում, միակ ճիշտ ճանապարհը եւ որոշեցին ինքնուրույն գնալ ընտրությունների: Մի՞թե նրանք չեն հասկանում, որ դրանով իսկ դավաճանում են իրենց ընտրողներին, իսկ վերջնահաշվում՝ նաեւ իրենց ժողովրդին: Այս պնդման տրամաբանությունը բավականին պարզ է:

Այն տվյալների վերլուծությունը, որոնք ստացվել են Վահան Հովհաննիսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հավանական ընտրազանգվածի հարցումների եւ հաշվարկների արդյունքում, ցույց է տալիս, որ Արթուր Բաղդասարյանը լավագույն դեպքում կարող է ստանալ 14-19%, Վահան Հովհաննիսյանը՝ 11-16%, իսկ դա բացարձակապես բավարար չէ ընտրություններում հաղթելու համար: Նախագահի մնացած թեկնածուները՝ Ա. Գեղամյան, Տ. Կարապետյան, Վ. Մանուկյան, Ա. Հարությունյան եւ Ա. Մելիքյան, միասին կարող են հավաքել ընդամենը 4-9% ձայն:

Նման դասավորությունը բոլորից շատ ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Հետեւաբար, շարունակելով ինքնուրույն նախագահական ընտրարշավը, Վահան Հովհաննիսյանն ու Արթուր Բաղդասարյանը օգնում են Սերժ Սարգսյանին՝ «հաղթել» առաջիկա ընտրություններում: Չէ՞ որ այն պայմաններում, երբ նրա դեմ է ո՛չ միացյալ ընդդիմությունը, ավելի հեշտ է արդեն ունեցած ձայներին ավելացնել նաեւ «վիրտուալ ընտրազանգվածի» ձայները: Այսօր արդեն ուշ է այդ քաղաքական գործիչների բանականությանը կոչ անելը, բայց նրանք, ովքեր պատրաստվում էին քվեարկել վերջիններիս համար, պետք է մտորեն:

Կգա փետրվարի 19-ը, եւ դուք, սիրելի հայրենակիցներ, կգնաք քվեարկելու ձեր ընտրած թեկնածուների օգտին: Դա ձեր իրավունքն է, եւ ոչ ոք այն չի վիճարկում, սակայն իմացեք, որ ձայնը՝ տրված Վ. Հովհաննիսյանի կամ Ա. Բաղդասարյանի, ինչպես նաեւ մյուս վերոթվարկյալ թեկնածուների օգտին, ովքեր իրենց ընդդիմադիր են ներկայացնում, վերջին հաշվով, կհայտնվի Սերժ Սարգսյանի ակտիվում:

Մի՞թե դուք կամենում եք, որ այդ ատելի կլանը իշխի մեր երկրում եւս մի քանի տասնամյակ: Հավատացեք, նման այլ հնարավորություն՝ ժողովրդավարական ճանապարհով նրանց ձեռքից իշխանությունը վերցնելու՝ այլեւս չենք ունենա: Իհարկե, վաղ թե ուշ մեր ժողովուրդը կվերականգնի արդարությունը, բայց դա կարող է արյան գին ունենալ, շատ արյան: Ո՞րն է ելքը:

Ելքն այն է, որ կողմնորոշվենք գլխավորում, եւ մոռանալով մեր վիրավորանքները, ընդունենք որոշում, որն արդեն ընդունել են մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, ովքեր աջակցում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առավել եւս, որ նրա կողքին կանգնած են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Գառնիկ Մարգարյանը, եւ ձեր ձայնը տալիս եք ոչ այնքան Տեր-Պետրոսյանին, որքան միացյալ ազգային ընդդիմությանը, որի հետ մենք կապում ենք մեր հաղթանակի հույսերը:

Եվ վերջինը: Մենք աշխարհի այն հնագույն ազգի ներկայացուցիչն ենք, որը բոլորից վաղ է ընդունել քրիստոնեությունը: Իսկ Քրիստոնեությունը սովորեցնում է ներել: Ներեք եւ դուք:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացել եւ գիտակցել է իր սխալները: Նա մեզ մոտ է եկել ապաշխարությամբ: Հավատացեք եւ օգնեք նրան, չէ՞ որ, ինչպես վստահեցնում է ժողովրդական իմաստնությունը՝ զղջացողին թուր չի դիպչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել