Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ է նկարում ու հարսնացու փնտրում

Մարտ 01,2008 00:00

\"\"Ռեժիսոր Վահան Աբրոյանը կյանքում եւ իր «Ես ուզում եմ…» ֆիլմում

Ֆիլմի նկարահանում՝ ֆիլմում. Վահան Աբրոյան. «Ես ուզում եմ…» փաստագրական աշխատանքի սցենարը կարելի է այսպես բնորոշել: Նկարում ռեժիսորը, սցենարիստը՝ Վ. Աբրոյանը, նաեւ գլխավոր հերոսն է: Հարսնացու ընտրելու համար նա հանդիպում է բազում աղջիկների, որոնց հետ ինտերնետի միջոցով է ծանոթացել: Նրանց հետ զրուցում է իրենց հուզող անձնական հարցերի, Երեւանի խնդիրների մասին: «Մեզ ի՞նչ է պակասում Երեւանում նորմալ ապրելու համար: Մենք ինչո՞վ ենք պակաս աշխարհի մյուս ազգերից, որ վատ ենք ապրում: Երեւանը այդ քաղաքում ծնվածներինս է, սակայն այն հաճույքով տալիս ենք փող ունեցողներին՝ պարսիկներին, թուրքերին: Ինչո՞ւ լավ մասնագետը գնահատվում է արտասահմանում, բայց մեր իշխանավորները նրան տեղ չեն տալիս»,- հարցնում է Վ. Աբրոյանը: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր այսպիսի ֆիլմ նկարահանելու առիթը: Ռեժիսորը պատասխանեց. «Մտահղացումը վաղուց կար, բայց քանի որ Երեւանն իմ քաղաքն է, չէի ուզում այն մռայլ գույներով ներկայացնել: Որոշեցի կատակերգություն նկարել: Ֆիլմի սկզբում ինտերնետով աղջիկների հետ եմ ծանոթանում, եւ այն ավարտվում է իմ եւ մյուս հերոսի հարսանիքով: Այն անցկացվելու է դաշտում, որին ներկա են լինելու բոլոր այն աղջիկները, որոնց հետ շփվել եմ, բայց չեմ ընտրել՝ որպես հարսնացու:

Ֆիլմում իսկապես պիտի ամուսնանամ, այսինքն՝ որոշ չափով այն պատմելու է իմ անձնական կյանքի մասին: Մինչեւ իրականում չամուսնանամ, չեմ ավարտելու ֆիլմի նկարահանումները: Այսինքն՝ այս ֆիլմում կյանքն ու կինոն միախառնված են»: «Ես ուզում եմ…»-ում կինեմատոգրաֆիայի կանոնները չեն գործում: Օրինակ՝ օպերատորն այստեղ խաղում է ռեժիսորի դերը, որը կարող է մտնել կադր եւ ինչ-ինչ նկատողություններ անել հերոսներին: Իսկ հերոսուհիները՝ պոտենցիալ հարսնացուները, դերասանուհիներ չեն, նրանք սովորական աղջիկներ են, եւ ամուսնանալ ցանկացող հերոսը ֆիլմում նրանց հետ կինո, սրճարան է գնում, տանգո պարում: Վ. Աբրոյանը պատմեց. «Սոնան, որի հետ արդեն նկարահանվել եմ, շատ հումորով էր եւ անկաշկանդ պատմում էր իր նախկին ընկերների մասին: Իսկ երբ խոսում էր երեւանյան խնդիրներից, դժգոհեց աշխատավարձից: Աղջիկներից մեկն էլ ծնողներից առանձնացած է ապրում՝ իր բնակարանում: Նա անբարոյական չէ, ուղղակի ուզում է տղամարդ հրավիրել տուն, ծանոթանալ… մի խոսքով՝ ազատ ապրել»: Քանի որ Վահանը հասցրել էր բավականաչափ «ուսումնասիրել» հայ աղջիկներին, հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն: Հարսնացու փնտրող ռեժիսորը պատասխանեց. «Բոլորը սիրո կարիք եւ ֆինանսական խնդիրներ ունեն: Սակայն նրանք շատ ալարկոտ են: Եվրոպացիներն ու ռուսները այդպիսին չեն: Հայ աղջիկներից շատերին զանգում ես, որ հանդիպման հրավիրես, ասում են, թե քնել են ուզում, ալարում են գալ: Եվ զգում ես, որ նրանք առանձնապես քեզնով խանդավառված չեն: Շատերը տառապում են կասկածամտությամբ, ինչով ժամանակին տառապում էին Ստալինն ու Հիտլերը»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ տիպի աղջկա է ընտրելու հերոսը: Վ. Աբրոյանը պատասխանեց. «Հերոսը չգիտի»: Հետաքրքրվեցինք, թե ամուսնացած-բաժանվածի կամ ազատ կյանքով ապրած աղջկա կընտրի՞: «Եթե հերոսը սիրեց, հարգեց, գնահատեց նրա էությունը՝ նման բաները դեր չեն խաղա: Բայց ցանկալի է, որ իրեն «ձեռք տված» չլինեն: Երբ տղամարդը շփվում է ամուսնացած-բաժանված կնոջ հետ՝ նրա մոտ բարդույթ է առաջանում, նույնիսկ սեռական ակտը չի ստացվում, որովհետեւ ավելորդ բաների մասին է մտածում, զուգընկերուհին էլ ահավոր հոգսաշատ է դառնում: Այլ է, երբ կինը կորցրել է ամուսնուն»,- նկատեց Վ. Աբրոյանը եւ ասաց, որ հավանաբար ընտրություն կկատարի 2 Գոհարիկների միջեւ: Հետո էլ խոսեց իր նախատեսած «նենգություններից». «Որոշել եմ աղջիկներին պրովոկացիայի ենթարկել: Օրինակ՝ երբ սիրո խոստովանությանը մեկը դրական պատասխանի, կհիասթափեցնեմ եւ կնկարեմ նրա դեմքի արտահայտությունը: Կինոն նենգություն է, ռեժիսորը խաղում է մարդու նյարդերի հետ»: «Առավոտը» Վ. Աբրոյանին կրկին հարցրեց, թե ի վերջո ո՞րն է ֆիլմի նպատակը եւ որքանո՞վ են փոխկապակցված իր ամուսնանալու խնդիրն ու երեւանյան ճգնաժամը: Նա պատասխանեց. «Արտագաղթը, աղքատությունը, էկոլոգիան, կոռուպցիան ազդում են ինձ վրա, քանի որ երեւանցի եմ: Այդ հարցերի լուծումն ամեն մարդու մեջ է: Ճաշակը եւ մարդու երեւակայությունը կփրկեն ստեղծված ճգնաժամից»:

Մեր զրուցակիցը, որը 2-ական մրցանակ է ստացել եվրոպական եւ սարատովյան կինոփառատոներում, 2 տարի է՝ հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նույնիսկ նախընտրական փուլը չի անցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել