Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բողոքարկել են ուզում

Հուլիս 02,2008 00:00

Մագիստրոսները զրկված են այդ հնարավորությունից՝ մագիստրոսական թեզերի պաշտպանության դեպքում

Վերջերս ՀՀ բուհերում ավարտվեցին մագիստրոսական թեզերի պաշտպանության գործընթացները: Դրանք, ի տարբերություն ընդունելության քննությունների, ավելի քիչ կրքեր են բորբոքում, սակայն պակաս դժգոհություններ չեն առաջացնում: Օրինակ, այս տարի ավարտող մագիստրոսներից շատերի հիմնական մտահոգությունն այն էր, որ իրենք հնարավորություն չեն ունենում իրենց թեզի գնահատականը բողոքարկել: Օրինակ՝ ԵՊՀ մագիստրոս Նաիրա Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում

նշեց. «Համաձայն եմ, որ մեզ հնարավորություն տրվում է թեզի պաշտպանության ժամանակ արտահայտել սեփական դիտարկումները, սակայն գնահատականն, ի վերջո, որոշվում է առանց մագիստրոսի ներկայության: Լավ կլիներ, որ գոնե նույն հանձնաժողովի առաջ բողոքարկելու հնարավորություն ունենայինք»:

Միայն պետհամալսարանի մագիստրոսներին չէ, որ այս հարցը հուզում է: Բոլոր այն բուհերի մագիստրոսները, որոնք երկաստիճան համակարգով են սովորում, այս հարցը դիտարկում են նաեւ որպես ուսանողների իրավունքների խախտում: Բողոքարկելու իրավունք չունեցող մագիստրոսների հավաստմամբ, այդպիսով խախտում են ուսանողի՝ սեփական գնահատականը բարձրացնելու իրավունքը: Մտահոգությունը փոխանցեցինք կրթության եւ գիտության նախարարությանը: Նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանի պատասխանը հետեւյալն էր. «Ամբողջ աշխարհում նման բողոքարկման մեխանիզմ գոյություն չունի: Որոշում կայացնելը վերապահված է հանձնաժողովին՝ կոլեգիալ մարմնին: Ո՞րն է տրամաբանությունը, որ մեկ այլ հանձնաժողով էլ ստեղծվի նրանց որոշումը գանգատարկելու համար: Թեզի պաշտպանության ժամանակ կա ղեկավար եւ ընդդիմախոս, իսկ ուսանողը թեզը պաշտպանում է ողջ կուրսի առաջ, այնպես որ, տեղում կարող է իր մեջ առաջացած հարցերը բարձրացնել»:

«Առավոտը» մագիստրոսների մտահոգությունը փոխանցեց նաեւ տարբեր բուհերի ղեկավարներին: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մեզ փոխանցեց ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանի պատասխանը. «Այդպիսի մեխանիզմ գոյություն չունի: Քանի որ այս տարի թեզերի գնահատականների բողոքարկման խնդրով վարչություն էին դիմել մի շարք մագիստրոսներ, ԵՊՀ ռեկտորը հանձնաժողովի անդամներին խնդրեց, որպեսզի եւս մեկ անգամ զրուցեն մագիստրոսների հետ՝ սուբյեկտիվ ինչ-ինչ գործոններից խուսափելու համար»:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թորոսյանը «Առավոտին» հավաստիացրեց, թե իրենց մոտ այսպիսի խնդիրներ քիչ են առաջանում. «Ապագա ճարտարագետը հասկանում է, որ եթե առաջադրանքը չի կատարել՝ չի ստանա: Մյուս կողմից էլ, չէ՞ որ հանձնաժողով է ներկա գտնվում թեզի պաշտպանությանը, եւ մենք վերահսկում ենք, որ դրա անդամների թիվը 6-ից պակաս չլինի: Ուստի ուսանողը պիտի կարողանա իր բողոքարկումն անել պաշտպանության ժամանակ՝ հաստատագրելով իր գնահատականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել