Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ ՎԱՐԱԿՎԱ՞Ծ Է

Հուլիս 18,2008 00:00

\"\"Պետական պաշտոնյաները ժխտում են այս փաստը, սակայն տասնյակ բնակիչներ ահազանգում են Սեւանում ձեռք բերած հիվանդությունների մասին:

Սեւանում հանգստացող մի շարք քաղաքացիներ վերջին օրերին առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Բանն այն է, որ լճում լողալուց հետո, նրանք վարակվել են մաշկային տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով, մասնավորապես՝ հերպեսով ու անգամ մալարիայով: Որքան էլ առողջապահության ու բնապահպանական ոլորտի պաշտոնյաները փորձում են «կոծկել» այս փաստը, այնուամենայնիվ, մեր խմբագրություն էլ քաղաքացիներ են դիմում եւ, բացի այդ, տարբեր հեռուստաալիքների ուղիղ եթեր մարդիկ են զանգահարում ու պատմում, որ իրենք լճի ջրում լողալուց հետո տառապում են մաշկային քորով ու մարմնի տարբեր մասերի ցանով: Ի դեպ, բացի բնակիչներից, տուժել են նաեւ լճում դեռեւս պահպանված ձկնապաշարները: Նկատենք, որ Սեւանի էկոլոգիայով հետաքրքրված մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ լճի ջուրը խիստ աղտոտված է, որոշ հատվածներում նույնիսկ ճահճացած, ինչը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Բացի Սեւանում հանգստացողներից, այս հանգամանքը անհանգստացրել է նաեւ Սեւանի ափերը «զավթած» օբյեկտների տերերին, որոնք ամբողջ տարին փողեր են ծախսել իրենց հանգստյան տներն ու ռեստորանները հնարավորինս շքեղ ու գրավիչ դարձնելու համար՝ այն հույսով, որ հուլիս եւ օգոստոս ամիսներին հետ կստանան իրենց միլիոնները: Թերեւս հուսախաբված են նաեւ այն պաշտոնյաները, որոնք մեր երկրի տուրիզմի զարգացման համար փայլուն ապագա են կանխատեսել: Բնակիչների բողոքներին ի պատասխան, ոլորտի մասնագետները պնդում են, որ ամեն ինչ պետք չէ «խեղճուկրակ» Սեւանին վերագրել, քանի որ չի բացառվում, որ այդ մարդիկ մինչ Սեւան գնալը տարբեր հիվանդություններ ունեցել են, որոնք միայն այնտեղ են ի հայտ եկել:

Հանրապետության գլխավոր մաշկավեներոլոգ Կարեն Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում այս խնդիրն անվանեց անլուրջ ու անհետաքրքիր. «Ոչ միայն Սեւանում, այլեւ Հայաստանի որեւէ վայրում այդ ինֆեկցիան տարածված չէ: Հերպեսը ընդամենը այն վիճակն է, որը կարող է առաջանալ մարդու մոտ, եթե նրա դիմադրողականությունը ինչ-ինչ պատճառներով ընկած է: Բացի այդ, հերպեսը փոխանցվում է միայն անմիջական շփման ժամանակ, այն էլ շատ հազվադեպ: Երկրի բնակչության 90%-ը դրա վիրուսակիրն է եւ ինչ-ինչ պատճառներով այդ վիրուսները երբեմն գլուխ են բարձրացնում: Սեւանը այստեղ ոչ մի կապ չունի»: Իսկ մեր հարցին, թե ջրից ընդհանրապես որեւէ մաշկային ինֆեկցիա կարո՞ղ է անցնել մարդուն, Կ. Բաբայանը հրաժարվեց պատասխանել. «Ես այս հարցին միտումնավոր չեմ պատասխանի, քանի որ վերջին օրերին շատ հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան. մի բան ասում ես՝ մեկ այլ բան է ներկայացվում: Եթե մարդը բողոքում է իր առողջությունից, ոչ թե պետք է զանգի խմբագրություն, այլ պետք է դիմի պոլիկլինիկա»:

Նկատենք, որ մեր խմբագրություն դիմում են ոչ թե բժշկական խորհրդատվություն ստանալու, այլ հարցը համապատասխան գերատեսչությունների ուշադրությանն արժանացնելու համար: Այնուամենայնիվ, նշենք, որ լճի ջրի քիմիական բաղադրության մոնիտորինգով զբաղվող մասնագետները Սեւանի իրավիճակն այնքան էլ լավ չեն գնահատում: Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Սեյրան Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած հունիսի 30-ի տվյալներով լճի ջուրը բոլոր նորմերով լողալու համար պիտանի է, սակայն լճում բարձրացել է ազոտի եւ ֆոսֆորի քանակը; Ըստ Ս. Մինասյանի, դա պայմանավորված է նրանով, որ ջուրը խիստ աղտոտված է. «Ոչ գյուղերում, ոչ լճի ափին գտնվող օբյեկտներում եւ ոչ էլ անասնապահական ֆերմաներում, այսինքն՝ ողջ լճի ջրահավաք ավազանում որեւէ մաքրման կայան չի գործում: Կոյուղաջրերը գետերի միջով թափվում են լիճը: Դեռեւս 1929 թվականից տվյալներ կան, որ Սեւանում ընդհանրապես ազոտ չի եղել, ինչը կոյուղաջրերի եւ գյուղատնտեսական աղբի պատճառով բավականին բարձրացել է, քանի որ անգամ անասնապահական ֆերմաներն իրենց գոմաղբը թափում են ջրի մեջ»: Ս. Մինասյանի կարծիքով, որպեսզի խնդիրը լուծում ստանա, հանգստյան գոտիների օբյեկտները պետք է ունենան լոկալ մաքրման կայաններ: Բացի այդ, պարոն Մինասյանի տեղեկացմամբ, հանգստացողներն իրենք էլ լճի մերձակայքը շատ փնթի են պահում. «Սեւանին մոտենալ չի լինում, ափերն ամբողջովին աղտոտված են: Իմ աչքով եմ տեսել, թե ինչպես են ոչխարը մորթել ու փորոտիքը թափել ջրի մեջ: Այդ նույն մարդիկ էլ հետո գալիս են ու ասում, որ հերպես են ընկել, իսկ ինչ վերաբերում է մալարիային, ապա այն կարող է լինել միայն ճահճային ու տաք վայրերում, ասենք՝ Մեղրիից դեպի արեւելք ընկած վայրում»: Ձկնապաշարների վերաբերյալ մեր հարցին պարոն Մինասյանը պատասխանեց. «Ի՞նչ ձկան մասին է խոսքը, ճիշտ է՝ միջավայրը բավարարում է, որ այնտեղ ձուկ լինի, բայց ես որքան տեղյակ եմ, ձուկ չկա, այն լրիվ բռնել են: Եթե 93-94 թվականներին 10 հազար տոննա ձուկ ենք ունեցել, ապա այս տարի ընդամենը մի քանի հարյուր տոննա է եղել: Հիմա առաջարկվում է 1-2 տարով ընդհանրապես արգելել ձկնորսությունը»:

Իսկ «Սեւան» ազգային պարկի գիտական բաժնի պետ Նիկոլայ Սիմոնյանը Սեւանի ջրի աղտոտման ու ինֆեկցիաների տարածման լուրերը «պատի տակի խոսակցություններ» է համարում. «Սուտ բաներ են տարածում: Եթե տենց բան կա, թող գնան դիմեն բժշկի»: Իսկ այն հարցին, թե գուցե՞ հիվանդությունների դեպքերը թաքցվում են միտումնավոր՝ լճի ափին գտնվող օբյեկտների տերերին չվնասելու համար, Ն. Սիմոնյանը պատասխանեց. «Էստեղ ոչ թե օբյեկտների տերերի շահերն են, այլ ճիշտ հակառակ երեւույթն է տեղի ունենում: Երեւի ուզում են, որ մարդիկ Սեւան չգան, այլ Հայաստանից դուրս գնան հանգստանալու, միտումը դա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել