Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Հուլիս 22,2008 00:00

Այսպես է բնութագրում Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ:

– Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում ՀՀ հարցով լսումներ էին տեղի ունեցել, լուրեր շրջանառվեցին, որ կոնգրեսականներից մեկը ՀՀ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին հեգնել էր՝ «եթե ասում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ուրեմն Դուք ցնդած եք»: Այդ լսումներում Դուք Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչն էիք, իսկապե՞ս նման բան եղել է:

– Նման արտահայտություն իսկապես հնչեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Հեյստինգզի կողմից: Դա ասվեց նրա եզրափակիչ խոսքում, երբ ինչ-որ քննադատությամբ դիմեց ինձ եւ Վիգեն Սարգսյանին: Իհարկե, «ցնդած եք»-ը մոտավոր թարգմանությունն է, բայց հեռու չէ ասվածի էությունից: Անգլերեն դա հնչեց այսպես. «If you are telling me that there are no political prisoners in Armenia, you are out of your ever loving mind»:

– Ի՞նչ պատասխանեց ՀՀ ներկայացուցիչն այդ ռեպլիկին:

– Պատասխան չեղավ, քանի որ բոլորի համար շատ տարօրինակ կերպով պարոն Հեյստինգզը որոշեց, որ իմ եւ Վ. Սարգսյանի ելույթներից հետո հարց ու պատասխան չի լինելու, եւ լսումներն ավարտվելու են իր եզրափակիչ խոսքով, չնայած լսումների համար հատկացված ժամանակից դեռ 10 րոպե կար:

– Կարո՞ղ եք մտաբերել այլ դեպք, երբ ԱՄՆ ինչ-որ կոնգրեսական իրեն թույլ է տալիս այդ կերպ դիմել մեկ այլ երկրի պաշտոնական ներկայացուցչին:

– Ես չգիտեմ այդպիսի որեւէ դեպք, ինչը չի նշանակում, որ նման բան չի եղել: Կոնգրեսական լսումների ժամանակ լեզուն երբեմն կարող է թեժանալ, ընդհուպ՝ մինչեւ անթույլատրելի սահմաններ:

– Այսինքն՝ պետք չէ՞ նման բաները ցավագին ընդունել:

– Ցավագին, ամեն դեպքում, պետք է ընդունել: Դա շատ վիրավորական էր նաեւ ինձ համար, չնայած Վ. Սարգսյանն իմ ընդդիմախոսն էր, որովհետեւ, ի վերջո, նա իմ երկրի ներկայացուցիչն էր: Ինձ համար տհաճ էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ինչ-որ պաշտոնյա կարող էր իրեն նման բան թույլ տալ իմ երկրի ներկայացուցչի հասցեին: Բայց պիտի հասկանանք, որ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին ու հատկապես մարտի 1-ին, չափազանց ծանր հարված հասցրեց ՀՀ հեղինակությանը: Նման անհարգալից վերաբերմունքի պատճառն այդ հեղինակության անկումն է, ինչի պատասխանատվությունը կրում են «մարտի 1»-ի հեղինակները:

– Եվրոպական եւ ամերիկյան տարբեր կառույցներ ՀՀ վերաբերյալ հաճախ կոշտ, նույնիսկ,՝ սպառնալիքներ պարունակող գնահատականներ են տալիս, բայց անընդհատ երկարաձգում են իշխանություններին՝ ուղղվելու համար տրվող ժամկետները: Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանի հարցում համաձայնեցվա՞ծ քաղաքականություն են վարում:

– Ես վստահ եմ, որ ինչ-որ խորհրդակցություններ տեղի են ունենում ամերիկյան եւ եվրոպական պաշտոնյաների միջեւ, բայց որքանով են նրանց քայլերն ու որոշումները համաձայնեցված եւ կոորդինացված՝ դժվար է ասել: Հակված եմ մտածելու, որ այնքան էլ համաձայնեցված չեն: Բնական է, որ ուժի այդ երկու կենտրոնների շատ դիրքորոշումներ համընկնում են, քանի որ տարածաշրջանում նրանց քաղաքական շահերը բավական նման են: Կարծում եմ, որ եվրոպացիների եւ ամերիկացիների խիստ արտահայտությունները ավելի դերասանության էին նմանվում՝ իրական քայլերից եւ գործողություններից խուսափելու համար: Նույն եվրոպական կառույցները, որոնք մեր ժողովրդի նկատմամբ պարտականություններ են ստանձնել, իրականում շատ քիչ բան են արել՝ երկրում ստեղծված վիճակը բարելավելու համար: Կարծում եմ, նրանք շատ ավելի հանդուրժող են եղել «մարտի 1»-ի կազմակերպիչների նկատմամբ, քան պիտի լինեին:

– Եվ ո՞րն է դրա պատճառը:

– Նախ ամերիկացիների մասին. նրանք բազմաթիվ քաղաքական խնդիրներ ունեն Աֆղանստանում, Իրաքում, Իրանի հետ կապված եւ այլն: Այդ ամենն ամերիկյան արտաքին քաղաքականությունն այնքան դժվարությունների առաջ է կանգնեցրել, որ եւս մեկ խնդիր հանձն առնելը շատ անհրապույր հեռանկար է: Երկրորդ. ե՛ւ ամերիկյան, ե՛ւ եվրոպական դեմոկրատական առաջընթացի ջատագով կառույցներում հիասթափություն կա նախկին ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո: Օրինակ, շատ մեծ հույսեր էին կապում Ղրղըզստանի եւ հատկապես Ուկրաինայի հետ, որոնք չարդարացան: Վրաստանի դեպքում էլ նույն իրավիճակն է: Այդ պատճառով վերջին տարիներին նրանք կարծես որոշել են չքաջալերել արմատական փոփոխությունները: Երրորդ. եվրոպական որոշ կառույցներում մտահոգություն կա, որ եթե քաջալերող հայտարարություններ կամ քայլեր անեն՝ ընդդիմությունը ինչ-որ հույսերով կներշնչվի եւ կգնա քայլերի, որոնք կարող են վտանգել իրենց եւ իրենց համակիրներին: Հետեւաբար, աչք են փակում շատ բաների վրա՝ սին հույսեր չներշնչելու համար:

– Ի՞նչ կարելի է ակնկալել հունվարին՝ ԵԽԽՎ նստաշրջանից:

– Ինձ թվում է՝ նրանց դիրքորոշումն ավելի խստանալու է, որովհետեւ ամեն ինչ, ի վերջո, սահման ունի: Իմ կարծիքով, վերջին այցելության ժամանակ պարոն Համմարբերգի համար բավական հստակ էր, որ որեւէ լուրջ քայլ չի արվել ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ուղղությամբ: Մասնակիորեն փոխվել է «Հանրահավաքների ու երթերի մասին» օրենքը, բայց hանրահավաք անցկացնելու 48 դիմում այս ընթացքում մերժվել է: Ակնկալում եմ, որ սեպտեմբերի 11-ին պարոն Համմարբերգի զեկույցը շատ ավելի խիստ տոն կունենա: Թե դա ինչ հետեւանքներ կունենա՝ դժվար է ասել, քանի որ կան նրանց քայլերը պայմանավորող բազմաթիվ շարժառիթներ, ինչի մասին ասացի: Կարծում եմ, որ մեր ակնկալիքները պետք է լինեն ոչ թե դրսից, այլ մեզնից՝ մեր ժողովրդի կամքից, Շարժման ղեկավարության խելամտությունից եւ հետեւողականությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել