Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր եւ ատելություն՝ ըստ Վարդան Պետրոսյանի

Հուլիս 22,2008 00:00

Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ

Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, որի բեմադրությունը Տիգրան Գասպարյանինն էր:

Տարիներ առաջ Վարդանի ասպարեզ գալը հրավառություն էր հիշեցնում: Նոր էր ասելիքը, մատուցման ձեւը, հիմա նա կարծես սպառել է իրեն կամ էլ որոնումների մեջ է: Ու այն, որ հանդիսատեսը 5 րոպե հոտնկայս ծափարահում էր, դեռ հաջողության գրավական չէ, ուղղակի ամեն տեղ նշաձողն է իջել, չափանիշները՝ փոխվել: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Վարդանի հումորը «դաշտում» եղածներից հաջողվածներից է, մյուսներինն ավելի պարզունակ է, անմակարդակ ու էժանագին: Անկասկած, «Սերն ու ատելությունը» շահել էր դերասանի անկեղծության, հանդիսատեսի հետ հարաբերվելու ինքնատիպ ձեւի ու մեկ էլ աշխույժ, երաժշտական լինելու շնորհիվ: Դա կարեւոր է, բայց ոչ բավարար, եթե ասելիքդ ծամծմված է, անհամ… Բնավ չենք կասկածում, որ Վ. Պետրոսյանի սիրտը ցավում է վերջին ներքաղաքական զարգացումների ու Հայաստանում տիրող մթնոլորտի պատճառով, դրա համար էլ նրա ներկայացումը քաղաքականացված էր ու բարեհոգի հումորի միջոցով դերասանը ցանկացել էր ամեն մեկին իր չափով կարգի հրավիրել՝ Սերժին, Լեւոնին, Ռոբերտին: Վերջինս, ըստ ներկայացման, պատրաստ է թեթեւ բախման դեպքում անգամ Ղարաբաղի «սպյեցնազին» էլ խառնել գործին:

Դերասանը փորձ էր արել «սերժական» ու «լեւոնական» ճամբարներում գտնվողներին ու նրանց համակիրներին հավասար նժարների վրա դնել ու յուրովի «բարիշացնել», մարդկանց համոզել, որ ընտրությունները աշխարհի վերջը չեն: Հասնելով մեր նախահորն ու նախամորը, Վարդանը հիշեցնում էր, որ առաջին «թափանցիկ եւ արդար» ընտրությունները եղել են այն ժամանակ, «երբ Աստված Ադամի առաջ կանգնեցրել է Եվա տոտային ու ասել՝ դու ունես ընտրության մեծ հնարավորություն՝ ահա քեզ կին…»: Այս ավանդույթը հասել է մինչեւ մեր օրերը եւ այդպես էլ կշարունակվեր, եթե, Վարդանի ձեւակերմամբ, մեկ էլ Լեւոնը չորոշեր խոսել ու երգուպարի փառատոն կազմակերպել… Ներկայացման ասելիքն այն է, թե կարեւոր չէ՝ ով կլինի նախագահը, յուրաքանչյուրի մեջ էլ պետք է դրականը տեսնել, ավելին՝ երկու թեկնածուներն էլ, ըստ Վարդանի, սիրո խորհրդանիշ են. «Անգլերեն՝ I LOVE YOU-ն հայերը արտասանում են «այ լով յու», կամ այ լյով, այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյան: Ուրեմն՝ ես սիրում եմ քեզ, կստացվի՝ ես Լեւոնում եմ քեզ… կամ Սերժ բառի արմատը սերն է: Ֆրանսերեն սիրում եմ քեզ, կլինի՝ ժե թեմ, այսինքն՝ սեր-ժե-թեմ կամ Սերժդ եմ» Շարունակելով սիրո թեման, Վարդանը դատողություններ է անում, թե ինչու է հայը միշտ դժգոհ, որի արդյունքում՝ շարունակ հայհոյում է. «Հլա մի արտասանեք՝ Իտալիա՜~… Ի-տա-լյա-լյա-լյա-լյա եւ հետո էլ՝ հա՛յ, հա՛յ-հո՛-յե՛լ»:

Այնուհետեւ բավական ռաբիս ստուգաբանում է հայհոյել բառը եւ ոչ միայն դա՝ հայը հոյում է, թուրքը՝ թրքում, ֆրանսիացին ֆրանկմասսոնում է… եւ այսպես շարունակ: Կրկին հայկական ժողովրդական սիրո եւ ֆրանսիացիների մասին. Վարդանի խոսքով, ֆրանսիայում լսելով «Խնձորի ծառի տակին» հայկական սիրասեռահայրենասիրական երգը, զարմացել են՝ եթե սեր երգելիս այդքան խրոխտ ու ռազմատենչ են, բա գործնականո՞ւմ ինչպիսին կլինեն… Ներկայացման մեջ անդրադարձ կա ծերությանը, ուսուցիչներին, հայկական սնապարծությանը, ռուսներին, բոլորին, նորից մեզ, նորից Լեւոնին ու Սերժին: Ավարտին էլ՝ բարոյախրատական թեմաներով ինչ-որ տեքստ, հետո իր տեսած երազը հակադիր ճամբարներում հայտնված իր ծնողների մասին եւ ներկայացման վերամփոփումը՝ «սիրեցեք զմիմյանս» բանաձեւով… «Սեր եւ ատելությունը» թույլ էր, խեղճ, թեեւ կային որոշ հաջողված հումորային առկայծումներ: Բայց, միեւնույն է՝ Վարդանն այլեւս առաջվանը չէ……

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել