Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Հուլիս 24,2008 00:00

\"\"Սփյուռքահայ գիտնական Արամայիս Միրզախանյանի մեկնաբանությունները

Վերջերս Երեւանում էր Ստոկհոլմի The Royal Institute of Technology-ի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը, որը մշտապես համագործակցել է հայաստանյան գիտական շրջանակների, Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ, եղել է հայ-շվեդական մշակութային կենտրոնի նախագահ: Նա բազմիցս բարեգործական առաքելությամբ հանդես է եկել Հայաստանում եւ Արցախում, պարգեւատրվել ԼՂՀ «Երախտագիտություն» եւ այլ շքանշաններով: Ա. Միրզախանյանը տեղեկացրեց, որ ներկա է եղել Լ. Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջին հանրահավաքին, այնուհետեւ հայաստանյան իրադարձություններին հետեւել է թերթերի եւ ինտերնետի միջոցով: «Ես Հայաստանը դիտում եմ որպես մեր նախնիների հայրենիք, ուստի ինձ իրավունք եմ վերապահում ինչ-որ չափով խառնվել Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին: Ճիշտ է, լինելով սփյուռքահայ, ես ընտրվելու եւ ընտրելու իրավունք չունեմ, բայց դա չի նշանակում, թե նաեւ ձայնազուրկ եմ: Կարծում եմ՝ խոսելու իրավունք շահել եմ հայրենիքում կատարած իմ գործերով: Ինձ դուր չի գալիս այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Եթե 100 000-ավոր մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ուրեմն նրանք խնդիր ունեն, եւ իշխանությունները չպետք է այս ամենի առաջ աչք փակեն: Բացի այս, յուրաքանչյուր մարդ ունի ազատորեն մտքերն արտահայտելու իրավունք եւ պարտադիր չէ, որ դրանք բացարձակ ճշմարիտ լինեն… Ես եվրոպական երկրներում մասնակցել եմ միտինգների ու ցույցերի, ու դրա համար ինձ ոչ ոք պատասխանատվության չի կանչել, մինչդեռ Հայաստանում… Այսօրվա վիճակը, որ ստեղծվեց հատկապես մարտի 1-ից հետո, ցավոք, միջազգային հնչողություն է ստացել: Հայաստանի իշխանությունները պիտի թույլ չտային՝ բանը հասներ դրան: Կատարվել է ոճրագործություն, մարդիկ են զոհվել, պատասխանատուն էլ միանշանակ իշխանություններն են, ինչպես ընտանիքի մեծն է պատասխանատու՝ իր ընտանիքում կատարված ամեն իրադարձության համար,- կարծում է պարոն Միրզախանյանն ու հավելում,- գիտակից, մտավորական սփյուռքահայի համար անհասկանալի է, որ հայ զինվորը, ոստիկանը կարող է կանգնել հայի դեմ»: Դառնալով Սփյուռքի պետական կոմիտեին ու նրա ղեկավար Հրանուշ Հակոբյանին, որին, իր խոսքերով, ճանաչում է կոմսոմոլ ժամանակներից, մեր զրուցակիցը փաստում է. «Առայսօր Հայաստանում չունեն Սփյուռքի ճշգրիտ բացատրությունը: Կարլեն Դալլաքյանի ժամանակ ակադեմիային կից կար Սփյուռքի ուսումնասիրության բաժին, մինչեւ հիմա չհասկացանք՝ ուսումնասիրեցի՞ն, եթե այո՝ ի՞նչ եղան այդ ուսումնասիրությունները: Հայաստանյան իշխանությունների ընկալմամբ, Սփյուռքը այն մեծահարուստներն են, որոնք իրենց եկամտահարկերից կարողանում են ինչ-որ բան տալ Հայաստանին… Ոչ, Սփյուռքը դա չէ, ու կրկնում եմ՝ մինչեւ հիմա պարզ չէ, թե ինչ է Սփյուռքը: Օրերս էլ Սերժ Սարգսյանը «բազեների» հավաքի ժամանակ կոչով դիմեց Սփյուռքին, թե՝ եկեք շենացրեք ձեր հայրենիքը: Եղբայր, ո՞ւմ ես դիմում, ո՞ւմ նկատի ունես… Սփյուռքի հետ այսպես աշխատելն անիմաստ է… Ինչ վերաբերում է «բազեներին», դրանք վատ տպավորություն են թողնում սփյուռքահայերիս վրա՝ իրենց հագուստներով… մնում է միայն ֆաշիստական լոզունգներ կրեն…»:

Ա. Միրզախանյանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալներին ու սփյուռքահայերի հանդեպ իշխանությունների կիրառած երկակի չափանիշներին. «Ղարաբաղյան շարժման ժամանակ 6-7 միլիոն սփյուռքահայերից քչերը եկան ու Արցախում անուղղակի եւ ուղղակի ներդրումներ կատարեցին: Նրանց թվում էին Ժիրայր Սեֆիլյանը, Սարգիս Հացպանյանը: Առաջինին բանտում ամիսներ շարունակ պահելուց հետո, հիմա սպառնում են վտարել հայրենիքից, երկրորդը ընդհատակում է, քանի որ հետապնդվում է սեփական կարծիքն արտահայտելու համար: Նույնը վերաբերում է մտավորական Ալեքսանդր Վարպետյանին, որին քանի տարի է՝ մուտքի վիզա չեն տալիս: ՀՀ իշխանությունները երկակի մոտեցում են ցուցաբերում… ՀՅԴ բյուրոյի անդամների մեծ մասը եւս օտարերկրյա քաղաքացի է: Նրանք վերջերս բացեիբաց հայտարարեցին, որ գնում ենք Ծաղկաձոր՝ գաղտնի ժողովի: Բյուրոյի կազմում էլ ՀՀ կառավարության 3 անդամներն էին: Հետո այդ օտարերկրացիները վերադարձան Երեւան, 3 նախարարներին հանեցին, այլ նախարարների նշանակեցին: Ստացվում է, որ շատ հանգիստ օտար երկրի քաղաքացին կարող է գաղտնի ժողով անել, նախարար փոխել, ու ոչ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ոչ էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չեն ասի՝ էս ի՞նչ եք անում»: Ա. Միրզախանյանը դատապարտեց նաեւ այն սփյուռքահայ մտավորականներին, որոնք Հրանուշ Հակոբյանի հետ վերջերս քննարկումներ են անցկացրել Ծաղկաձորում ու Արցախում, եւ չեն դատապարտել ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը. «Այդ սփյուռքահայ մտավորականները մե՛զ չեն ներկայացնում»: Միրզախանյանին մտահոգում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցն այսօր դարձել է «մանր դրամ», եւ այն ամեն ոք իր ուզած ձեւով է մեկնաբանում. «Եթե հայաստանյան իշխանությունները առաջարկում են, որ պատմաբանները համատեղ ուսումնասիրեն խնդիրը, դա նշանակում է, որ հայերս էլ ենք կասկածում, թե ցեղասպանություն է կատարվել: Իսկ դա բարոյական չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել