Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՕԴ ՇՆՉԵԼԸ ԹԱՆԿ ԱՐԺԵ

Օգոստոս 20,2008 00:00

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, օդի տուրք գանձելով, մեր ղեկավարները փորձում են փոխհատուցել բենզինից եւ դիզելային վառելիքից չստացած հարկերը:

Հայաստանից արտերկիր մեկնող քաղաքացիները տարիներ շարունակ ոչ մի կոպեկ, այսպես կոչված, օդի փող չեն վճարել եւ միայն 90-ականների վերջերին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին որոշում կայացվեց, որ բացի ավիատոմսի համար վճարվող գումարից, ուղեւորները պետք է նաեւ որպես օդի տուրք՝ $20 հավելյալ գումար վճարեն: Այսինքն՝ ուղեւորը պետք է վճարի այն օդի համար, որը նա շնչում է ինքնաթիռում: Աշխարհում միայն հատուկենտ երկրներ կարելի է առանձնացնել, որոնք, բացի տոմսի համար վճարվող գումարից, նաեւ օդի տուրք են գանձում: Այսօր արդեն $20-ի փոխարեն Հայաստանից մեկնող ուղեւորները օդանավակայանում ավելի քան $30, իսկ ավելի ճիշտ՝ 10 հազար դրամ են վճարում:

Օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքացիներին ավելորդ քաշքշուկից զերծ պահելու համար օդի տուրքը կգանձվի ավելի քաղաքակիրթ տարբերակով, այսինքն՝ այսուհետ քաղաքացիները 10 հազար դրամը պետք է վճարեն ոչ թե օդանավակայանում, այլ այնտեղ, որտեղից գնում են տոմսը: Ֆինանսների նախարարության մշակած այս ծրագիրը հարուցել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող տասնյակ ընկերությունների դժգոհությունը: Բանն այն է, որ նախարարության մասնագետները կամ մոռացել, կամ պարզապես աչքաթող են արել խիստ կարեւոր մի խնդիր: Օրինագծում ոչ մի կետով չի նշվում, թե այդ 10 հազար դրամը, որը պետք է ավելանա ավիատոմսի արժեքին, տոմսերի վաճառքով զբաղվող ընկերության համար լրացուցիչ եկամուտ համարվելո՞ւ է, թե՞ ոչ: Այն, որ օրինագծում այս կետը բաց է թողնվել՝ հիմք է տալիս եզրակացնելու, թե բացի այն, որ ավիաընկերությունը պարտավոր է օդի տուրքի գումարը կոպեկ առ կոպեկ մուծել պետբյուջե, դեռ մի բան էլ պետք է լրացուցիչ գործարքներ ու հաշվարկներ անի եւ չստացած եկամտի դիմաց հավելյալ հարկ վճարի: Իսկ թե ինչու ընդհանրապես տարիներ առաջ Հայաստանում որոշվեց ուղեւորներից օդի տուրք գանձել՝ մինչ այսօր էլ որեւէ պաշտոնյա այս հարցին հստակ պատասխան չի տվել: Շատերի կարծիքով, այս որոշումը կապված էր այն բանի հետ, որ 90-ականներին մեր երկիրը օդանավակայանի վերազինման եւ տերմինալների կառուցման համար միջազգային ֆինանսական մի կառույցից բավականին մեծ վարկ էր վերցրել, իսկ երբ վարկը մարելու ժամանակ պարզվել է, որ պետբյուջեում փող չկա, կառավարության անդամները հղացել են օդի տուրքի հանճարեղ գաղափարը:

Օդի տուրքի որոշումը Հայաստանում ընդունվել է անմիջապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պաշտոնաթողությունից հետո, սակայն օդանավակայանի համար նախատեսված վարկը մեր երկիրը վերցրել էր հենց նրա վարչապետության օրոք: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բագրատյանը պարզաբանեց. «Մեր վերցրած վարկով կառուցվել է ժամանակակից բեռնատար համալիր: Իսկ նման բոլոր վարկերի համար ընդհանրապես պատասխանատու է պետությունը: Բացի այդ, ներկայիս իշխանություններն էլ համոզվեցին, որ ամենալավ վարկերը հենց մենք ենք վերցրել, որովհետեւ դրանց մեծ մասը ձրի է, դրանց համար տոկոս չի վճարվում»: Ինչ վերաբերում է օդի տուրքին, ապա պարոն Բագրատյանն այդ որոշումը, մեղմ ասած, սխալ համարեց. «Դա աշխարհում ընդհանրապես ընդունված չէ, շատ հազվադեպ է հանդիպում: Օդի հարկը ո՞րն է: Երկրների 90%-ում նման բան չկա, ասենք՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Բելառուսում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ շատ այլ պետություններում դա բացառված է: Մտածեցին, որ եթե մարդիկ տոմսի փող են վճարում, 10 հազար դրամն ինչ է, որ չկարողանան վճարել: Դա պետբյուջեն լցնելու շատ գռեհիկ լուծում է: Դրանով իրենք փորձել են փոխհատուցել բենզինից եւ դիզելային վառելիքից չստացած հարկերը»:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանի կարծիքով, որեւէ պաշտոնյա այսօր չի կարող հիմնավորել, թե ուղեւորն ինչո՞ւ պետք է օդի տուրք վճարի: Նրա խոսքերով. «Եթե հենց այնպես փող են հավաքում, թող ասեն, բայց եթե օդի հետ կապված որեւէ ծառայություն մարդուն չեն մատուցում, ինչո՞ւ են գանձում այդ գումարը: Ինչ է, ի տարբերություն այլ երկրների, մեր օդն ավելի՞ մաքուր եւ սննդարար է: Պարզապես, տարիներ առաջ պետբյուջեին լրացուցիչ փող էր պետք, քանի որ պետության վիճակը վատ էր՝ այս կերպ գտան ճանապարհը»:

Բացի այդ, ըստ Ռ. Մինասյանի, օտարերկրացիները խիստ դժգոհում են եւ չեն ցանկանում չստացած ծառայության դիմաց վճարել, իսկ նրանց հարցին, թե ինչի՞ համար պետք է վճարել, որեւէ մեկը չի կարող պատասխանել: Իսկ թե ինչու են ֆինանսների նախարարության մասնագետները օդի տուրքի վերաբերյալ նախագծում աչքաթող արել հարկման վերաբերյալ խնդիրը եւ թե ինչի համար են օգտագործվելու այդ գումարները, նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Օրինագիծը դեռ ընթացքի մեջ է, եւ քանի դեռ այն ԱԺ չի ներկայացվել, որեւէ հստակ բան հնարավոր չէ ասել: Իսկ այդ գումարները փոխանցվելու են պետբյուջե եւ օգտագործվելու են գերակա կարիքների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031