Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են մերօրյա «անխոս երաժշտության» վարպետները

Օգոստոս 22,2008 00:00

Նրանք ցուցադրվում ու «վաճառվում» են արտերկրում

Տասնամյակներ շարունակ աշխարհին ներկայացել ենք «անխոս երաժշտության» վարպետների (Սարյան, Սուրենյանց, Թերլեմեզյան, Կալենց, Թադեւոսյան, Իսաբեկյան, Մինաս…) բարձրակարգ աշխատանքներով: Ժամանակի մի հատվածում կերպարվեստի մեր մեծերը դարձել են նշանավոր ու հայտնի նաեւ արտերկրում: Այսօր էլ հիշյալ ոլորտում ի հայտ են եկել նոր, հետաքրքիր նկարիչներ, որոնցից ամեն մեկը բերել է գույնի ու ձեւի իր զգացողությունը: Իհարկե, մեր օրերում էլ կազմակերպվում են ցուցահանդեսներ, տպագրվում ալբոմներ, բացվում նորանոր ցուցասրահներ: Բայց արդյո՞ք այս ամենը դուրս է գալիս նեղ «բնատնտեսության» սահմաններից ու ճանաչելի դառնում աշխարհին: Խոստովանենք, որ՝ ոչ, որովհետեւ մշտապես խոսելով արվեստի արտահանման ու քարոզչության խնդիրների մասին, հենց այստեղ է, որ չունենք հստակ արտահայտված քաղաքականություն: Հայտնի է նաեւ, որ մերօրյա շնորհալի նկարիչները գտնում են ճանապարհներ՝ սեփական միջոցներով արտերկրում ցուցադրվելու եւ «վաճառվելու»: Սակայն նրանց անուններն ավելի շատ հայտնի են արտերկրում, քան հայրենիքում: Կանցնեն տարիներ եւ այսօրվա մեր նկարիչների գործերը հայրենիքում ցուցադրելու համար հարկ կլինի դիմել արտերկրյա մեկենասների, հավաքածուների հարուստ տերերի, չի բացառվում նաեւ՝ պետական-դիվանագիտական կառույցների:

«Առավոտը» զրույցի հրավիրեց գեղանկարիչ Տիգրան Պետրոսյանին, որն, իր կոլեգաների խոսքերով՝ «ավելի խոսուն անուն է դրսում, քան՝ մեզանում»: Վերը շարադրվածի առիթով մեր զրուցակիցն ասաց. «Ինչ վերաբերում է արտերկրում ճանաչված լինելուն, ասեմ, որ նախ դրսի շուկան է մեծ, արվեստասերը՝ գնողունակ, իսկ որ ամենակարեւորն է՝ նկարիչների հետ համագործակցությունն է ակտիվ: Օրինակ՝ 2005թ. իմ անհատական ցուցահանդեսը լոսանջելեսյան «Ստեֆանի» ցուցասրահում կազմակերպել էին վերջինիս տերը, մենեջերը, որոնք աշխատում են մշակված ձեւերով՝ կերպարվեստը հավուր պատշաճի ներկայացնելու համար»: Տ. Պետրոսյանը հայաստանյան «շուկայից» առանձնացրեց «Արամե» ցուցասրահը, նշելով, որ վերջինիս հաջողվում է, մասնավորապես՝ Եվրոպայի «տարողունակ» շուկայում, ներկայացնել ժամանակակից հայ նկարչության որոշ անուններ:

Վերջին տարիներին կարծիք կա, որ կերպարվեստի բարձրարժեք գործեր ձեռք են բերում ոլորտից հեռու անհատներ, նրանցից ոմանք դրանք պահում են իբրեւ կապիտալ, մյուսները նվերներ են անում, մի մասն էլ իրեն «ցուցադրելու» կամ շրջապատից հետ չմնալու համար տան պատերը զարդարում է թանկարժեք կտավներով: Արդյոք ափսոսանք չի՞ զգում նման անհատներին գործեր վաճառելով՝ գեղանկարիչն ասաց. «Չեմ կարծում, թե կերպարվեստ չսիրող մարդը ընդհանրապես գումար հատկացնի որեւէ աշխատանք ձեռք բերելու նպատակով: Մյուս կողմից էլ՝ արվեստն ինչքան շատ «ներխուժի» հասարակության լայն շերտեր, այնքան կշահենք բոլորս: Ի վերջո, հանրահայտ ճշմարտություն կա՝ ընկալել կամ չընկալել այս կամ այն գործը՝ ժամանակի խնդիր է: Չի բացառվում, որ նույնիսկ կերպարվեստից հեռու մարդը, ժամանակ առ ժամանակ շփվելով բարձրակարգ արվեստի հետ, դառնա պրոֆեսիոնալ արվեստասեր: Ընդ որում, ճանաչում եմ մի պաշտոնյայի, որը հեռու լինելով ոլորտից, բայց ձգտելով ունենալ լավ հավաքածու, այժմ ամենաբարձր մակարդակով կարողանում է տարբերակել լավ ու վատ գործերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել