«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սուրեն Պապիկյանի այցերը ինստիտուտների բացակայության մասին վկայող միկրոմենեջմենթի դրսևորում են։
Այդ այցերի կարիքը չէր լինի, եթե նորմալ վերափոխվեր Գլխավոր ռազմական տեսուչի (ԳՌՏ) ինստիտուտը, եթե նորմալ գործեր Ռազմական ոստիկանությունը (ՌՈ)։ Բայց ԳՌՏ-ն իր ստուգումների ձևով մնացել է Սովետում․․․ ՌՈ-ն էլ Կարմիր բանակի Ռազմական պարետատան մակարդակին է։
Էլ չասեմ, որ բացի ՊՆ-ին ենթակա մարմիններից կան նաև գործադիր իշխանության այլ մարմիններ, ինչպիսիք են Պետական վերահսկողական ծառայությունն ու Ռազմական հակահետախուզությունը։
Կարդացեք նաև
Պապիկյանը, որպես քաղաքական նշանակմամբ եկած (ու փոփոխությունների լուրջ մանդատով օժտված) նախարար, այս 5 տարում պետք է այնպիսի ինստիտուցիոնալ փոփոխություններ բերեր, որ գործը չհասներ 40 հազար հոգանոց կառույցում կարգապահությանը անձամբ հետևելուն։
Բայց Պապիկյանը չի ստեղծել ինստիտուտներ, որոնք կվերահսկեն (կլինեն իր աչքերն ու ականջները, եթե կուզեք) կարգապահությանը ու վեր կհանեն խնդիրները, ինչը և ստիպել է իրեն անձամբ downgrade լինել ու կատարել ՌՈ կամ ԳՌՏ տեսուչի գործառույթներ։
Ու այստեղ նաև հարց է ծագում․ բա հետո՞։ Որքան ժամանակ է ՀՀ ՊՆախարարը անձամբ (կամ տեղակալներով) վերահսկելու կարգապահությունը։ Ամիսնե՞ր։ Տարինե՞ր։ Իսկ ե՞րբ են ՊՆ-ի ներսում ինստիտուտներն այնպես վերափոխվելու, որ այդ գործառույթը կատարեն։
Ի վերջո, Սուրեն Պապիկյանը պետք է, որ reform-oriented մարդ լինի, իրեն ոչինչ չի սահմանափակում բանակում լուրջ փոփոխություններ անելուց․․․ Բարեփոխումների ակնկալիքներ չէին կարող լինել, ասենք, Արշակ Կարապետյանից, որը ռուսների «դաբրոյով» նշանակված Սովետական դպրոցի ներկայացուցիչ էր (անգամ չէր կարողանում համակարգին կողքից նայել)։
Հ․Գ․ Ու, քանի թեման բացվել է, հարցնեմ․ Բանակում մարտի կառավարման համակարգի փոփոխությունները ե՞րբ են շոշափելի դառնալու։ Սերժանտական ինստիտուտը, կապի համակարգի արդիականացումը ու մարտի կառավարման թվային համակարգերի իրական ներդրումը ե՞րբ սպասենք։
Հ․Հ․Գ․ Ու, իրականում, նենց էլ չի, որ ուզում կամ պահանջում եմ, որ Պապիկյանը պաշտոնանկ արվի, առնվազն, քանի որ չգիտեմ, թե ով է տեղը գալու (ու Պապիկյանին համարում եմ վերջին տասնամյակների լավագույն ՊՆախարար)։ Բայց դե այս թեմաները պետք է բարձրացվեն, հակառակ դեպքում, ինչպես տեսնում ենք, լուծում չի լինի»։


















































