Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ-ի) նախագահը երկրորդ անգամը լինելով Նյու Յորք է մեկնել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) տարեկան ժողովին մասնակցելու համար։ Նյու Յորքում է գտնվում նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը․ թեև կողմերը պատրաստակամություն են հայտնել միմյանց հանդիպել, բայց փորձագետների կարծիքով նման հանդիպման հնարավորությունը քիչ է։ Թրամփը և Փեզեշքյանն անցած ամռանը հեռակա կարգով ստորագրեցին ԱՄՆ-ԻԻՀ համաձայնագիրը, որը հայտնի է որպես «Իսլամաբադի համաձայնագիր», բայց նրանք երբեք ուղղակի հանդիպում չեն ունեցել։
Փեզեշքյանը 2024 թվականին ևս Թրամփին հանդիպելու հավակնությամբ ՄԱԿ-ի կենտրոնատեղի մեկնեց, բայց ասվում է, որ հազիվ ԻԻՀ-ի նախագահի ինքնաթիռը օդ էր բարձրացել, երբ նա ստացավ այժմ հանգուցյալ առաջնորդ Խամենեիի հորդորը, որ Թրամփին չհանդիպի։
Ամերիկացիներն ավելի բաց են իրանցի ղեկավարների հետ հանդիպելու համար, բայց ԻԻՀ-ի ղեկավարների համար նման որոշում առնելը անկյունադարձային է լինելու։ Իսլամական հանրապետության հիմնադրումից հետո, երկու երկրների նախագահները երբեք միմյանց հետ չեն հանդիպել․ այս տարին բացառություն է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի և ԻԻՀ-ի երկրորդ առաջնորդի սպանության ֆոնին։ Եթե առաջնորդ Խոմեյնիի 10-ամյա և առաջնորդ Խամենեիի 37-ամյա իշխանության ժամանակ թաբու էր ԱՄՆ-ի նախագահների հետ հանդիպելը, այժմ Իրանի ներսից հակասական ձայներ են լսվում․ մի խումբը պրն Փեզեշքյանին հորդորում են առիթն օգտագործել և անպայման պրն Թրամփին հանդիպել, որպեսզի կողմերն առանց միջնորդների ճիշտ հասկացվեն և ամրապնդեն հրադադարը։
Կարդացեք նաև
Մյուս մասը հիշեցնում է, որ չի կարելի հանդիպել «Մեծ սատանա»ի ներկայացուցչին, որը ԻԻՀ-ի առաջնորդի՝ հրամանատար Սոլեյմանի և՝ հարյուրավոր իրանցիների մահվան պատասխանատուն է, իսկ իր երկիրը՝ Իրանի յոթանասունամյա հալածանքների հեղինակը։
ԻԻՀ-ի նախագահներից միայն Բանի Սադրը (առաջին նախագահը) և Ռաֆսանջանին (չորրորդ նախագահը) չեն մասնակցել ՄԱԿ-ի տարեկան ասամբլեային, իսկ մյուսները կանոնավոր կերպով Նյու Յորք են մեկնել և փորձել են իրենց երկրի հարցերը բարձրաձայնել այդ կարևոր ամբիոնից։ ԻԻՀ-ի ղեկավարներից առաջինը Ռաջային էր, որ Նյու Յորք մեկնեց և իր ելույթի ժամանակ ցուցադրեց նաև իր ոտքի թաթը, որը կալանավայրում այրել էին նախկին վարչակարգի քննիչները (1980 թ․)։ Ապա Խամենեին էր (այդ ժամանակ նախագահ), որ 1987 թվականին ՄԱԿ-ի ընդհ․ ասամբլյայում ելույթ ունեցավ։
Հետաքրքիր էին նախագահ Խաթամիի Նյու Յորք կատարած այցերը (1998 և 2000 թթ․)․ դա բացառիկ էր այն իմաստով, որ ԱՄՆ-ի նախագահ Քլինթոնը Խաթամիի ելույթի ժամանակ դահլիճը չլքեց, բայց այդպես էլ ուղղակի հանդիպում տեղի չունեցավ։ Խաթամին չկարողացավ Թեհրանի համաձայնությունը ստանալ։
Նյու Յորք մեկնելու ռեկորդակիր է նախագահ Ահմադի Նեժադը (ինը անգամ՝ սկսած 2005 թ․), որի այցերը համընկան կրտսեր Բուշի և Օբամայի նախագահության ժամանակաշրջանին։ Նա ուներ հախուռն բնավորություն և չէր բացառվում, որ առանց Թեհրանի հետ համաձայնեցնելու հանդիպեր նաև ԱՄՆ-ի նախագահներին, բայց այս անգամ Սպիտակ տան կողմից ցանկություն չկար, քանի որ Ահմադի Նեժադի ելույթները շատ հակասեմական էին։
Նախագահ Ռոհանին յոթ անգամ է Նյու Յորք մեկնել․ նրա ձեռքբերումը Օբամայի ժամանակ կնքված Իրանի միջուկային հնարավորությունների սահմանափակման համապարփակ ծրագրի կնքումն էր (2015 թ․), որն ի դեպ Թրամփը խափանեց 2018 թվականին։ Ռոհանին միակ նախագահն է, որ 2013 թ․ գեթ հեռախոսային խոսակցություն ունեցավ նախագահ Օբամայի հետ, իսկ իր արտգործերի նախարար Զարիֆը դեմ-դիմաց բանակցեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Ռոհանիի 2019 թ․ Նյու Յորք կատարած այցի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջնորդությամբ Իրան-ԱՄՆ-Ֆրանսիա եռակողմ հանդիպում պետք է տեղի ունենար, բայց Թեհրանի առաջ քաշած ծանր նախապայմանների պատճառով հանդիպումը չկայացավ։
Թեհրանն ու Վաշինգտոնն այժմ ելքեր են փնտրում այս փակուղուց դուրս գալու համար․ նրանք ռազմական գործողություններից անցան դիվանագիտության, ապա՝ նավթային պատերազմի և հիմա ծովային շրջափակումն են փորձում։ Իրանը տնտեսական սաստիկ հարվածների տակ է, իսկ ԱՄՆ-ն դեռևս անզոր է թնջուկը ռազմական ճանապարհով լուծելու համար։
Տիգրան Դավուդյան




















































Նյու Յորքում միջնորդված հանդիպում է տեղի ունեցել Իրանի Արտգործ նախարար Արաղչիի և ամերիկացի բանագնաց Վիթքոֆի միջև։ Միջնորդը Կատարն է։ Այդ բանակցությունը տևել է երեք ժամ։ Կողմերը՝ ինչպես միշտ, շեշտել են, որ դրական մթնոլորտ կար այս բանակցությունում։